Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ



ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸՓոքր ջրվեժի մասին քչերը գիտեն, գուցե միայն զինվորականները: Անունը դրել է գնդապետ Եղիկյանը` Քարվաճառի հավերժական բնակիչն ու զորամասի հրամանատարի անփոխարինելի տեղակալը։ Զինվորական 27 տարիներին այդ ճանապարհով ավելի հաճախ է անցել, ջրվեժի մոտ ավելի երկար դադար տվել, քան տանն ու ընտանիքի կողքին։ Ավանդույթը խախտել չի կարելի, մինչև դիրքեր հասնելը կանգառն անխուսափելի է, ժայռերից դուրս հորդացող սառը աղբյուրից մի թաս ջուր խմելն անմահության գին ունի։ Վայելում է, օրհնում հայրենի հողն ու ջուրը, հետո չորացնում է թրջված բեղերն ու առաջ անցնում։

Սահմանը բարձրում է, երեքուկես հազար մետր` երկնքին մերձ, ամպերից վեր, արծիվների ճիշտ գլխավերևում։ Մարտական դիրքերն ամրոցի ճարտարապետությամբ են կառուցել, անառիկ պահել պատերազմից մինչև այսօր։ Լեռնաշղթայի գագաթներով մարտական հենակետերն են շարված, հայ դիրքապահների սրբատեղին է, պաշտպանության գոտին, հայրենիքի բարձր սկիզբը։ Ջերմաստիճանն այնտեղ փոփոխական է, ցուրտ, ավելի ցուրտ կամ սառնամանիք է, ձյունը նույնիսկ այս օրերին լիովին չի անհետանում, երբեմն էլ ճիշտ հակառակը` ավելանում է։ Եղել են տարիներ, երբ Վարդավառին ջրի փոխարեն ձյուն են ցողել իրար վրա. իրական պատմություն է։

…Հենակետի տաք պատերից ներս զրուցում ենք ժամկետայինների հետ՝ Ակոռիի ճակատամարտի, եվրոպական քաղաքակրթության ու ժամանակակից գրականության մասին։ Բնակավայրերից հեռու ու առանց համացանցի շարունակում են տեղեկացված լինել, առանցքային թեմաներ քննարկել, առողջ բանավիճել։ Կարդում են հայերեն, ռուսերեն, անգլերեն գրքեր, խաղում են շախմատ, հաջողության ծրագրեր են կազմում՝ քաղաքացիական կյանք վերադառնալուց առաջ։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸՃաշարանն ընտանիքով հավաքվելու վայրն է, օրը երեք անգամ։ Խոհարար Վլադիմիրն է ղեկավարում տնտեսությունը։ Վանաձորից զորակոչված երիտասարդը եփում է սահմանված կարգով, և որ ամենակարևորն է՝ սիրով, հաճույքով և մատուցում է եղբայրաբար։ Ճաշում են կատակելով, դատարկելով կաթսաները։ Ժամկետայինի եփածը վայելում են տանը պատրաստածի նման, վերջում շնորհակալություն հայտնում զինակցին ու շտապում հերթափոխ իրականացնելու։ Տղաների ուղիղ կեսն օրեր անց զորացրվելու է. կվերադառնան տուն։ Կարոտել են տունն էլ, բակն էլ, ծնողներին ու ընկերներին էլ, սակայն հարազատ օջախի կարոտը դեռ չպարպած, դիրքն են կարոտում, որտեղ մեկուկես տարի են անցկացրել, նորոգել, կառուցել, կահավորել ու …պահել։

…Գիշերը խրամատով քայլում ես հպարտության, անպարտության զգացումով, հայրենիքը վերաարժևորելով։ Այս դիրքում զգացողությունների ու հայրենասիրության չափաբաժինը բազմապատիկ ավելին է՝ վայրին համահունչ։ Դիտակետից նայելիս հորիզոնը չի ընդհատվում՝ լեռներով, դաշտերով, բնությամբ, նույնիսկ ամպերն են ոտքերիդ տակ, շուրջբոլորը միայն գագաթներ են, շարված են վահանի պես։ Ժայռերի ու ծերպերի մեջ տղաները թունելներ են փորել, գետնատնակներ կառուցել, մարտնչելու և հաղթահարելու երաշխիքներ ստեղծել։ Խրամատային երթուղին էլ լի է անակնկալներով, հակառակորդին բացահայտելու, պատժելու միջոցներով։ Նրանց ուղղությամբ հարձակումն անհաջողության է մատնված, պարզապես անհնար է նրանց մոտենալ, սարքերը ժամանակակից են, ժամկետայինները՝ փորձառու, դիրքերը գերիշխող, այնպես որ՝ հակառակորդի արկածախնդրության ցանկացած փորձ, մեղմ ասած, ձախողված է։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸԿեսգիշերային մթության մեջ վերադառնում է հետախույզը։ Անունը գաղտնի է, կոչումն էլ, գործողությունների քարտեզն էլ։ Նրան նկատել հնարավոր չէ, քողարկված է ու վարպետացած իր գործում, շրջում է շշուկով, գործում աննկատ ու վերադառնում միայն առաջադրանքը կատարելուն պես։ Քիչ անց կրկին կանհետանա, կլինի բարիկադի տարբեր կողմերում, տարբեր ուղղություններում, տարբեր սցենարներով։

Լեռներում լույսը սովորականից վաղ է բացվում, գիշերային հերթափոխն ավարտում է դիտարկումը, փոխարինողներն են բարձրանում խրամատներ։ Թե որտեղ են կանգնած և որտեղից են սահմանը հսկում, տեսանելի է առավոտյան. Կեսկատակ-կեսլուրջ արձանագրում են` յոթերորդ երկնքում են։ Բացառիկ նշանակության այս դիրքից երևում են հակառակորդի միանգամից մի քանի հենակետեր։ Բոլորից հեռու և ամենաբարձր կետերում ծառայող տղաների հերթապահությունը կյանքը, հայրենիքի հանդեպ սերն ու պարտքը վերաիմաստավորելու անփոխարինելի հնարավորություն է, այդտեղ ու խորհրդավոր լռության պայմաններում են գիտակցում ու արժևորում հանրապետության անվտանգությունը, զգում վտանգները։ Դիրքում տղաների օրակարգին հետևում է հրամանատարի տեղակալը, ամբողջ ընթացքում նրանց կողքին է` որպես սպա ու ընկեր, որպես զինակից ու պատասխանատու։ Ժամկետայիններն օրվա ընթացքում մի քանի անգամ շարվում են, հրահանգներ ստանում, գործի անցնում։ Հերթապահությունն ու տղաների ակտիվությունը մայոր Փլավչյանն է գնահատում, ընդգծում՝ լավագույններն են այստեղ, այլընտրանք պարզապես չկա։ Սա խաղաղության ու հաղթանակի գրավականն է, ամենակարևոր առաքելությունը, որն սկսվում է զորամասում ու ավարտվում երկրի ամենաբարձր դիրքում՝ ամպերից վեր և արծիվների գլխավորությամբ։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/07/2019