Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ



ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉՀրետանային զորամասի ուսումնական ստորաբաժանումում անցած շաբաթ ընթանում էին կուրսանտների ավարտական քննությունները: Ապագա սերժանտները ցուցադրում էին հինգամսյա դասընթացներում յուրացրած տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Քննությունների ամփոփումից հետո, արդեն որպես կրտսեր հրամանատարներ,  նրանք կմեկնեն զորամասեր և կստանձնեն հրետանավորի իրենց պարտականությունները:

Մեր այցելության օրը կուրսանտների մի մասը շարահրապարակում շարային պատրաստության քննություն էր հանձնում, մյուսը մասնագիտական գիտելիքներն էր ցուցադրում ուսումնական ավանում բացազատված զինտեխնիկայով: Կուրսանտների մյուս խմբերը ՀՊՊ առարկայից քննություն էին հանձնում և հրաձիգի իրենց հմտությունն էին ցուցադրում հրաձգարանում:

Մեզ ուղեկցող հաուբիցահրետանային ուսումնական մարտկոցի հրամանատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, կապիտան Հմայակ Աշոտյանը ներկայացնում էր քննությունների ընթացքն ու նախնական արդյունքները: Արդյունքները գոհացնող են: Կուրսանտները լավ են աշխատել ուսումնական շրջանում, հիմա ջանում են առավելագույն արդյունքներ արձանագրել:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉԱնսպասելի հանդիպեցի Արենին, որի հետ ծանոթացել եմ այս ուսումնական զորամասում ուղիղ հինգ ամիս առաջ՝  երդման հանդիսավոր արարողությանը: Նա վերադարձել է ԱՄՆ-ից՝ հայ տղամարդու իր պարտքը կատարելու: Երեք եղբայրներից ավագն է. ասում էր՝ օրինակ պետք է ծառայի մյուս եղբայրների համար: Արենի մեջ առանձնապես որևէ փոփոխություն  չեմ նկատում. նույն լրջմիտ երիտասարդն է՝  հանդարտ  ու վստահ դեմքի արտահայտությամբ խոսում է ծառայության ամիսների իր փորձից ու տպավորություններից:

«Կյանքում միշտ առաջնորդվում եմ սկզբունքով, որ ինչ էլ անեմ, պետք է լավ անեմ՝ լինի զինվորական, թե քաղաքացիական գործ: Զինվորական մասնագիտությամբ հաշվարկող եմ: Հաշվարկներ անելը ամենադժվար և պատասխանատու գործն է: Տասը մետրի շեղումն արդեն անթույլատրելի է: Որքան ճշգրիտ եղավ հաշվարկը, այնքան զենք, զինամթերք կխնայենք. նշանակետն ավելի արագ ու օպերատիվ կխոցվի:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉՈւսումնառության ընթացքում շատ բան ենք հասցրել սովորել: Շաբաթներ առաջ «Բաղրամյան» զորավարժարանում մասնակցեցինք զորավարժության: Կրակային խոցման արդյունքները գնահատվեցին «լավ»»:

«Հրանոթի հրամանատարը պատասխանատու  է  իր հաշվարկի մարտական պատրաստականության, հաշվարկին տրված մարտական առաջադրանքների ժամանակին և  ճիշտ կատարման համար,- ասում է Գոռ Ափանոսյանը:- Պատրաստվում ենք զորքեր մեկնելու, ստանձնելու մեր պարտականությունները: Այլ բան է պայմանական հաշվարկի հրամանատար լինելը, և բոլորովին այլ է  հենց մարտական զորամասերում հաշվարկի հրամանատար լինելը: Ես Արցախ եմ մեկնելու, պաշտպանելու եմ ազատագրված բնակավայրերը: Մեր սպաները զորամաս գալու պահից սովորեցրել են հրետանու կարևոր դերը պատերազմի դաշտում: Առանց հրետանու գրագետ աշխատանքի հնարավոր չէ առավելության հասնել պատերազմական գործողություններում: Մեծ  պատասխանատվությամբ ենք մեկնում մարտական զորամասեր. ամեն պահի կարող է մեր  հմտությունը մարտադաշտում պետք գալ»:

«Արեն Զուրաբյա՛ն,- ներկայանում է երիտասարդը՝ ցատկելով զինվորական մեքենայից,- մի քանի օրից կստանամ կրտսեր սերժանտի կոչում և կդառնամ ինքնագնաց հրետանային կայանքի հաշվարկի հրամանատար,- վստահ ասում է կուրսանտը: -Այս ընթացքում բավական հմտացել ենք հրետանավորի մասնագիտության մեջ: Նման զենքով թիրախը չխոցելու հավանականությունը չնչին է,- իր զենքն է գովում Արենը և հպարտությամբ հավելում: -Ի դեպ, Արցախ եմ մեկնելու»: Արենը նոյեմբերյանցի է: Նրա հայրենի գյուղը՝ Բերդավանը, հենց սահմանի բերանին է: «Վախ ընդհանրապես չկա, սովոր եմ թե՛ կրակոցների ձայնին և թե՛ հակառակորդի հարևանությանը,- ասում է ժպիտով: -Հայրս էլ է զինվորական. փոքրուց ինձ պատրաստել  է այս օրվան»:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉՔննական հանձնաժողովի անդամ, փոխգնդապետ Արմեն Բալայանը  լսարաններից մեկում հետևում էր սպաների ստուգարքի ընթացքին: «Ստորաբաժանման ընդհանուր գնահատականը որոշելու համար կուրսանտների քննություններին զուգահեռ ընթանում են նաև նրանց պատրաստությունն իրականացրած հրետանավոր սպաների մարտավարամասնագիտական ստուգարքները: Այս պահին արդյունքները գոհացուցիչ են. թե՛ սպաները, թե՛ կուրսանտները հիմնականում ստանում են «լավ» և «գերազանց» գնահատականներ»:

 

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Ազգային բանակ


04/07/2019