ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Նորավանք
Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակաշրջանից հայտնի է Սուրբ Փոկաս եկեղեցին, որը վանքի այժմյան տարածքում է եղել: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն:
Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը:
Վանքի պարսպապատ տարածքում են Սուրբ Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը: Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է: Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր:
Համալիրի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.: Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է: Միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը: Գավիթը 1261թ., Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը: Հետագայում՝ 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է: Ամենայն հավանականությամբ, վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին: Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.-ին):
Համալիրում տարածապես ակնառու է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1339թ.): Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները: Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով: Հատկապես ուշագրավ են պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի բարավորի (Աստվածամայր, հրեշտակապետներ), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների վրա (կտիտորական կոմպոզիցիա): Սյուների քանդակները (կենտրոնական սյան վրա պատկերված է Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը) որոշակի առնչվում են Մոմիկի նախորդ տարիների գործերին (Արենիի և Նորավանքի գավթի մուտքերի ճակատակալ քարերի բարձրաքանդակները, 1308թ. կերտած խաչքարը): Նույնը չի կարելի ասել առաջին և երկրորդ հարկերի մուտքերի բարավորների քանդակների մասին, որոնք կերտված են այլ վարպետների կողմից, թերևս Մոմիկի մահից հետո:
Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի Աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Դռան վերևում քանդակված է Աստվածածինը՝ ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով: Նրանից ձախ լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ կողմում՝ Եսայի մարգարեն: Գավթի լուսամուտի ճակատակալ քարի կենտրոնում Հայր Աստծու կիսանդրին է` կերտված մարդու կերպարանքով: Աստծու այդպիսի պատկերումը աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստված պատկերվում է խորհրդանշական ձևով (օր.` երկնքից իջած Աջի տեսքով):
XVII-XVIII դդ. վանքը շրջափակվել է պարսպով: Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները: Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:
Ըստ ավանդության` հանրաճանաչ Մոմիկ վարպետը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստերը: Գեղեցկուհին` նույնպես: Մտահոգ մելիքը կանչում է վարպետին և հայտարարում, որ կտա իր դստերը կնության` պայմանով միայն, որ երեք տարվա ընթացքում, առանց որևէ օգնության կանգնեցնի իր համար մի շքեղ վանք: Մոմիկն ընդունում է պայմանը և անցնում գործի:
Երեք տարի անց գործն արդեն ավարտին էր հասնում. հառնում էր մի անկրկնելի գեղեցիկ վանք: Տեղեկանալով այդ մասին` մելիքը ուղարկում է իր ծառային` Մոմիկին «կանխելու». ծառան կատարում է տիրոջ հանձնարարությունը և գցում է վարպետին կիսակառույց գմբեթից:
Թանադեի (Թանահատի) վանք
Թանադե վանքը Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք է: Պատմիչները հիշատակում են VIII դարից: Վանքի գլխավոր՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279թթ.` Պռոշյանների հովանավորությամբ: Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով: Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով: Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ:
Եկեղեցուն հյուսիսից կից է վանքի Վարագա Սուրբ Նշան միանավ մատուռը (XIIIդ.): Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը: 1970թ. պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հարավային մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII-XIVդդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմուտքում՝ գավիթ: Եկեղեցին (XIIIդ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Սուրբ Ստեփանոս և Սուրբ Նշան եկեղեցիներին: Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը: Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում միմյանց:
Շատիվանք
Շատիվանքը Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին է: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է Սուրբ Սիոն: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է XVII դարի երկրորդ կեսին` ջուղայեցի հարուստ վաճառականների նախաձեռնությամբ:
Հին շրջանին են պատկանել համալիրի հուշարձանների մեծ մասը` սեղանատները, մենախցերի շարքը, մեծ և փոքր սենյակները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը և այլն: Վանքի գոյության հնագույն շրջանից պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ:
Նոր շրջանի կառույցներից գլխավորը ներկայումս կանգուն բազիլիկ եկեղեցին է, (1654-56թթ.), որին քիչ ավելի ուշ կցակառուցվել են արևմտյան սրահգավիթը և հարավային մուտքի նախասենյակը:
Եկեղեցու ավագ խորանի պատերը կրում են ավետարանական թեմաներով որմնանկարներ, որոնցից յուրաքանչյուրի տակ հայերեն սև տառերով դրոշմված է` «Ոտնալուայ», «Վերնատուն», «Քարընկէց»:
Վանքի տարածքի ու շրջակայքի պեղումների արդյունքում, կարևոր տվյալներ են ստացվել XV-XVI դարերում վանական տնտեսության արտադրական կառույցների` երկաթաձուլության, ջնարակած խեցեղենի, հախճապակու, ապակու արտադրության, ջեռուցման համակարգի գոյության մասին: Խմելու ջուրը կավե փողորակով վանք է բերվել մոտ 3 կմ հեռավորությունից:
Իր գոյության ընթացքում Շատիվանքը ունեցել է բազմաքանակ միաբանություն, որի մասին նշվում է դեպի Շատիվանք տանող ճանապարհի վրա 1666թ. կառուցված Ծատուրի կամուջի արձանագրության մեջ: Միայն միաբանության անդամների թիվը հասել է 90-ի:
Համալիրը շրջափակված է ուղղանկյուն հատակագիծ ունեցող հուժկու, ազդեցիկ պարիսպներով, որոնք ուժեղացված են երեք կիսաշրջանաձև բուրգերով:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա
Խորագիր՝ #26 (1297) 10.07.2019 - 16.07.2019, Հոգևոր-մշակութային