Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ



ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄՄոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում հունիսի 25-ից 30-ը անցկացվեց «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը, որի շրջանակում անցկացվեց նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես: Համաժողովի բացման արարողությանը և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարը հանդիպումներ ունեցավ ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ: Կնքվեցին պայմանագրեր հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:

Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության տարբեր նշանակության ցուցանմուշներ:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության մասին պատմում է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը:

 

ՌԴ-ում ավանդաբար կազմակերպվող «Արմիա» համաժողովը Ռուսաստանի և դաշնակից կամ գործընկեր պետությունների ռազմարդյունաբերական հաջողությունների ցուցադրություն է, նաև հարթակ, ուր քննարկվում են ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունները, դրանց հետ փոխկապակցված գործառույթները: Ռուսաստանի ռազմարդյունաբերության համար տվյալ միջոցառումն առաջին հերթին գործարքների կնքման կարևոր հարթակ է, որին իրենց ղեկավարությունը շատ մեծ դեր է հատկացնում` որպես սեփական ռազմարդյունաբերական համալիրը գովազդելու, արտահանումը խթանելու, ինչպես նաև նոր գործարար կապեր ստեղծելու հնարավորություն:

Հայկական պատվիրակությունն արդեն չորրորդ անգամ էր մասնակցում համաժողովին: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն առավելագույնս լայն էին ներկայացված: Կան որոշակի սահմանափակումներ՝ ինչ կարելի է ցուցադրել և որքան: Նշեմ, որ մեր տաղավարի տարածքը հնարավորություն էր տալիս ներկայացնելու տեղական ընդհանուր արտադրանքի 10 տոկոսը միայն: Այնպես որ, Ռուսաստան էինք տարել միայն տասներկու ընկերության արտադրանքի մի մասը: Համաժողովին մասնակցությունը մեզ համար դիտարկվում է որպես գործարար, կոոպերացիոն նոր կապեր ստեղծելու, սեփական հնարավորությունները գովազդելու միջոց, այլ ոչ թե որպես բիզնես առաջնահերթության, ապրանք վաճառելու հարթակ, ի տարբերություն շատ այլ ցուցահանդեսների, որոնց մասնակցում ենք հենց արտադրատեսակների կամ ծառայությունների վաճառքը խթանելու նպատակով: Մեր մասնակցությունը կարևոր էր նաև նրանով, որ ՌԴ հետ լինելով նույն ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ, ունենք ցանկություն ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ստեղծել նոր կապեր և, ինչու չէ, նրանց մատակարարել հայկական արտադրատեսակներ: Ներկայացված տեսականու ընտրությունը նաև դրանով էր պայմանավորված:

Հայկական տաղավարում ներկայացված տեսականին բավական հարուստ էր` սկսած ռազմական հանդերձանքից մինչև օպտիկական, տեսադիտարկման, ջերմատեսիլ սարքավորումներ, ռադիոտեղորոշման կայաններ, անօդաչու թռչող սարքեր, զրահաբաճկոններ, օպտիկական նշանոցներ, ինժեներական տեխնիկա և այլն՝ այն ամենը, ինչը հետաքրքրություն է ներկայացնում մատակարարման տեսանկյունից: Տեսականու մի մասն արդեն փորձնական քանակությամբ արտադրվում է, մյուս մասն էլ նոր է մտնում մեր զինված ուժերի սպառազինության մեջ: Մեկ նորույթ ունեինք, որը նմանակը չունի դեռ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հենաշարժային կայան: Հայկական չորս ընկերությունների համատեղ արտադրությունն արդեն անցել է փորձարկում և դրված է փորձնական մարտական հերթապահության: Այն հնարավորություն է տալիս թեթևացնել, զինվորի վրայից վերցնել ամբողջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մարտական հերթապահության ժամանակահատվածը, ասենք, երկու ժամից դարձնել մինչև ութ ժամ: Այսինքն՝ զինվորը չի հոգնում տվյալ զինատեսակը օգտագործելիս: Առավելագույնս պարզեցված և հարմարեցված է կայանի կիրառումը: Այս մշակումն առանձնակի ուշադրության արժանացավ ցուցահանդեսի ժամանակ, բոլորը հետաքրքրվում էին, փորձում էին հասկանալ, թե ինչ նորույթ են ստեղծել հայ մասնագետները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄԻնչ չէինք տարել: Չէինք տարել նախորդ տարիներին ներկայացված և արդեն իսկ հայտնի ցուցանմուշներ, որոնք կիրառվում են մեր զինված ուժերում և նորույթ չեն: Շեշտադրել էինք նորույթների ցուցադրությունը, իհարկե, առանց մեր բոլոր գաղտնիքները բացահայտելու: Եղածն էլ բավական էր ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ հայկական ռազմարդյունաբերական համալիրն իր արտադրատեսակներով անընդհատ զարգանում և թարմանում է:

Ակնկալիքը համաժողովից ընդհանրապես շատ մեծ է, բայց այն չի չափվում կոնկրետ արտադրատեսակների վաճառքով: Պայմանավորվածություններ են ձեռք բերվում անմիջապես ձեռնարկությունների միջև, վերջնական արտադրանքի և բաղադրիչների փոխադարձ մատակարարման բանակցություններ են վարվում:

Համաժողովին մեր մասնակցությունն ու ընթացիկ միջոցառումները ևս մեկ անգամ փաստեցին, որ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները հատկապես ՌԴ հետ առավել շոշափելի են դառնում: Պայմանավորվածություն կա սեպտեմբերին անցկացնել ՀԱՊԿ ռազմատնտեսական հանձնաժողովի շրջանակում հայ-ռուսական գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն և կհաստատվեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների համագործակցության զարգացման ուղղությունները:

…Մեր տաղավարի ցուցանմուշները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում: Ամեն ինչ այնպես էր արված, որ առաջին հերթին նկատելի դառնան հենց ընկերությունները, իրենց անվանումներով, առանձին արտադրատեսակներով: Ռուսական կողմից տաղավար են այցելել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի պաշտոնյաները բավական երկար ժամանակ անցկացրին մեր տաղավարում: Առիթն օգտագործելով՝ Սերգեյ Շոյգուին հրավիրել եմ ներկա լինելու Երևանում անցկացվելիք «Արմհայթեք» երրորդ միջազգային ցուցահանդեսին: Պաշտոնական հանդիպումներ ենք ունեցել չինական, հնդկական, բելառուսական պատվիրակությունների հետ, համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել:

Առանց այսպիսի ցուցահանդեսների հնարավոր չէ պատկերացնել ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը: Արտահանումը մեր զարգացման ուղղություններից մեկն է, իսկ առանց շուկային ծանոթ լինելու դժվար է խոսել արտահանման մասին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #26 (1297) 10.07.2019 - 16.07.2019, Ռազմաքաղաքական


11/07/2019