ԲՈՒԺԱԿ. «ՈՍԿԵ ԺԱՄԻ» ՊԱՀԱՊԱՆԸ
Նրանց առաքելությունը առաջնագծից վիրավորների հնարավորինս արագ տարհանումն է, վիրավորի կյանքին սպառնացող վտանգի չեզոքացումը: Նրանք են տնօրինում «ոսկե ժամը», որի ընթացքում հնարավոր է պահպանել մարտադաշտից դուրս բերվող զինվորականի կյանքը: Մարտական գործողությունների ամենաթեժ կետերում, իրենց կյանքը վտանգելով, այլոց կյանքն են փրկում: Մեր բուժակների աշխատանքի մասին կպատմի նրանցից մեկը` սերժանտ Մհեր Մհերյանը: Նա զորքերում է 2002թ., երբ որպես ժամկետային ծառայության անցավ Արցախի սահմանապահ զորամասերից մեկում, այնուհետև` Խաղաղապահ գումարտակում: Այդ ընթացքում որպես բուժակ 6 միջազգային խաղաղարար առաքելությունների է մասնակցել: Իսկ 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նաև իր առաքելությունն է իրականացրել Թալիշի մարտական դիրքերում:
«Երազում էի հենց Արցախում ծառայել: Ազատամարտի մասին շատ էի լսել, կարդացել, ուզում էի իմ աչքերով տեսնել այն վայրերը, որոնց համար մերոնք կենաց-մահու պայքար են մղել, զգալ այդ հողի կենսադաշտը… Եվ ստացվեց, ծառայեցի Արցախի սահմանամերձ զորամասերից մեկում, իմ աչքերով տեսա մեր պատմական Գյուլիստանը… Հեռվից ամեն օր նայում էի քանդված եկեղեցուն ու բերդին: Զգացողություններս խոսքերով չեմ կարող արտահայտել…: Ժամկետային զինծառայությունն ինձ շատ բան տվեց. շատ դժվարություններ հաղթահարեցի, ինքնուրույնության մեծ փորձ ձեռք բերեցի,- պատմում է Մհերը: -Մեր գումարտակում այն ժամանակ բժիշկ չունեինք. ամբողջ զորքին ես էի օգնություն ցուցաբերում: Սահմանին էինք. ամեն ինչ էլ տեսել եմ՝ ծանր վնասվածքներ, հիվանդություններ: Բայց ամենադաժանը այն դեպքերն են, երբ անկարող ես որևէ բան անել: Դիպուկահարի գնդակից տեղում մեր զինակից ընկերը զոհվեց…
Գումարտակի հրամանատարը ծառայությանս ավարտին չէր ուզում, որ հեռանայի. առաջարկում էր մնալ զորամասում: Շատ հուզիչ էր, երբ տարիներ անց՝ ապրիլյան պատերազմի օրերին, Թալիշում պատահաբար հանդիպեցի նրան: Այժմ արդեն զորամասի հրամանատար է՝ գնդապետ Կարեն Ջալավյանը: Ինձ տեսնելով՝ զարմացավ ու անմիջապես մտահոգ հարցրեց՝ «Ամուսնացա՞ծ ես»: Ասացի` «Այո՛, երկու երեխա ունեմ»: «Շատ զգույշ կլինես»,- ասաց իրեն հատուկ հոգատարությամբ ու լուռ թփթփացրեց ուսիս:
…Ապրիլի 2-ի լուսաբացին պատրաստվում էի ծառայության մեկնել, երբ համացանցից իմացա առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Չգիտեմ` ոնց հասա ծառայավայր: Չորս օր շարունակ զորանոցային վիճակում էինք: Օրերը շատ դժվար էին անցնում…Ամսի 5-ին էլ չդիմացա, դիմեցի հրամանատարությանը: «Մհերյա՛ն, հին օրերը չեն, երբ ով որտեղ ու երբ ուզում էր, մեկնում էր. կանոնավոր բանակ է, հստակ խնդիր է դրված յուրաքանչյուրի առջև: Երբ կասվի, այն ժամանակ էլ կգնաս»:
Չգիտեմ` ուրիշ կանայք ապրիլյան օրերին ինչպես են վերաբերվել իրենց ամուսնու` ռազմաճակատ մեկնելու փաստին, բայց իմ կինն ինձ ասում էր. «Ախր, ինչո՞ւ ես դու դեռ այստեղ, երբ այնտեղ ես պետք»… Իմ զինվորական ուսապարկը՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով, միշտ, այս պահին էլ մեր դռան ետևում է: Որտեղ էլ լինեմ, վստահ եմ, որ ամեն ինչ պատրաստ է: Երբ ապրիլի 7-ին մեզ «երեք ժամվա պատրաստություն» հրամանը տրվեց, զանգեցի կնոջս, ասացի, որ ուսապարկս բերի: Նաև խնդրեցի՝ «Գնա՛ աշխատանքի, պետք չի, որ ինձ ճանապարհես»: Գնաց: Զորամասից դուրս գալիս շարասյան վերջին մեքենան մեր «Ուազն» էր: Հետ նայեցի ու տեսա, որ կինս՝ երկու աշխատակցուհիների հետ, կանգնած են՝ ջրամանները ձեռքներին… Արագ դուրս սողացի պատուհանի ճեղքից ու գոռացի. «Հանկարծ չլացե՛ս»: Ժպտալով ճանապարհեց ինձ:
Ապրիլի 8-ի լուսաբացին հասանք Թալիշ: Ամենաթեժ մարտական գործողություններն ավարտվել էին, մերձամարտ չկար, բայց հեռահար պատերազմը դեռ շարունակվում էր: Ցերեկները հանդարտ էր, Կարմիր խաչից գալիս էին, վիրավորների, զոհերի փոխանակում էին կատարում ու գնում: Իսկ գիշերը բոլորովին այլ իրականություն էր. հրետակոծություն մինչև լուսաբաց, էլի զոհեր, վիրավորներ…:
Մի օր՝ գիշերը, միջդիրքային հատվածում մեր հետախուզական դասակի զինծառայողներից մեկը գլխի շրջանում ծանր վիրավորում ստացավ: Տանկի վրա տեղադրված գնդացրով՝ կԽՁ-ով կրակել էին, և մեծ տրամաչափի գնդակը բավականին խորը վնասել էր գլուխը: Եղանակը շատ վատ էր՝ անձրև, ցեխ: Դիմացի դիրքից հակառակորդը ուժգին կրակի տակ էր պահում, թույլ չէր տալիս մոտենալ վիրավորին: Տարհանման գործողությունը վարում էին հետախուզության պետը և հետախուզական վաշտի հրամանատարը, իսկ մեզ՝ բուժակներիս, չթույլատրեցին մոտենալ. մենք քիչ այն կողմ՝ թմբի ետևում, պատրաստ սպասում էինք: Մերոնք տարբեր դիրքերից կրակով փորձում էին շեղել հակառակորդին: Մոտ 4 ժամ տևեց, մինչև չդադարող կրակի տակ հաջողվեց մոտենալ: Վիրավորին պառկած, սողեսող բերեցին-հասցրին մեզ: Ներերակային սրսկում կատարեցինք, վիրակապեցինք և տեղավորեցինք «Ուազում»: Ճանապարհին մեքենան ցեխի մեջ էր մխրճվում, որոշ տեղամասերում չէր կարողանում թեքությունները հաղթահարել: Թալիշի մատույցներում վերջապես ռեանոմոբիլն ընդառաջ եկավ: Փա՜ռք Աստծու, վիրավորի կյանքը հաջողվեց փրկել: Իհարկե, նա դեռ բուժում է ստանում, բայց հրաշք էր, որ ողջ մնաց:
Մի օր էլ ՊԲ մեր ժամկետային զինծառայող սակրավորներից մեկը միջդիրքային տարածքում ականապատում կատարելիս պայթյունից վնասվեց: Մենք այդ պահին վերևում` մոտ 100-200 մետր հեռավորության վրա էինք: Բոլորս վազեցինք այդ ուղղությամբ: Քանի որ նման դեպքերի համար գործնական պարապմունքներում վարժված էինք, բոլորին զգուշացրինք՝ չմոտենալ: Հեռվից խոսում էինք տուժածի հետ, մինչ սակրավորները նրա մոտ տանող ճանապարհն էին վնասազերծում: Ոտքի ստորին հատվածն էր կորցրել: Դե, արդեն սառնասրտորեն մեր գործը պետք է անեինք:
Ապրիլի 27-ին ժամանեց բուժակների հաջորդ հերթափոխը: Ապրիլյան պատերազմում մեր բուժակները փայլուն գործեցին. հենց առաջնագծում շատ ու շատ կյանքեր փրկվեցին:
-Բուժակների մեր անձնակազմը շատ դասընթացների է մասնակցել,- շարունակում է Մհերը: -Հատկապես հիշում ենք 2008թ. ԱՄՆ-ում կայացած բժշկական դասընթացը: Չորս ու կեսամսյա ծրագիր էր. սկզբում հղկեցինք քաղաքացիական անձանց առաջին օգնություն ցուցաբերելու, վերակենդանացման բաժանմունքներում աշխատելու հմտությունը: Իսկ երկրորդ փուլում արդեն զուտ զինվորական բուժօգնության հմտություններն էինք մշակում: Ի դեպ, ավարտական քննությունները հանձնեցինք կենդանի խոզերի վրա: Հրահանգիչները վիրավորումներ էին անում, մենք պետք է բուժօգնություն ցուցաբերեինք: Մեզ զգուշացրին` «Վիրավորներին չմոտենա՛ք որպես կենդանիների, այլ՝ որպես մարդկանց»: Հայ բժիշկներիս ամբողջ խումբը` 30 հոգի, պատվով կատարեցինք մեր խնդիրը. մեր բոլոր «վիրավորները» ողջ մնացին:
…Առաջին և ամենածանր առաքելությանը, որին Խաղաղապահ զորախմբի կազմում որպես բուժակ մասնակցեցինք, 2005թ. Աֆղանստանում էր: Չգիտեինք՝ ուր ենք գնում, ինչ է մեզ սպասվում: Մարտաֆիլմի պես մի բան էր: Երբ գիտես, թե կոնկրետ ով է հակառակորդդ, ավելի հեշտ է: Իհարկե, պատերազմը պատերազմ է` իր մասշտաբներով և ավերիչ ուժով, բայց Աֆղանստանում բոլորովին այլ էր: Հանկարծ կարող էր պարզվել, որ քեզ հետ քիչ առաջ զրուցող մարդը կամ մարդկանց խմբի մեջ կանգնած կինը, կամ նույնիսկ մի երեխա պոտենցիալ ահաբեկիչ էր: Քունդուզում իրավիճակը շատ լարված էր. մեր մեկնելու պահին թալիբների կուտակումներ էին նկատվում: Հայկական զորախումբը պետք է ապահովեր օդանավակայանի անվտանգությունը:
Մի դեպք է հատկապես տպավորվել: Գերմանացիների պահակախումբն ընկավ շրջափակման մեջ, և մեծ թվով վիրավորներ եղան՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: Նրանց բերեցին օդանավակայան, որտեղից հատուկ հոսպիտալ-օդանավով նրանց տեղափոխելու էին: Սարսափելի տեսարան էր, ամեն տեսակի վիրավոր կար. որովայնի ծանր վնասվածքով, անդամահատումներով և այլն… Չես կարող անհաղորդ կանգնել ու դիտել: Ինչով կարող էինք, օգնում էինք: Մեր բուժանձնակազմը պատվով կատարեց Աֆղանստանում իր առաջին առաքելությունը: Այնտեղից պատվոգրերով, շնորհակալագրերով ու բարի համբավով վերադարձանք: Այնուհետև ևս հինգ առաքելության եմ մասնակցել, մեկը՝ Աֆղանստանում, երեքը՝ Կոսովոյում, մեկը` Լիբանանում»:
2018թ. Մհերը ծառայում է ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում, Դաշտային շարժական հոսպիտալի բուժակներից է: ԴՇՀ-ի կազմում բազմաթիվ, այդ թվում նաև՝ միջազգային զորավարժությունների է մասնակցել:
«…Բուժակի մասնագիտության մեջ ամենակարևորը իրավիճակը տեղում սթափ գնահատելն է: Երբ վիրավորի կյանքին վտանգ է սպառնում, պետք է վճռական գործես: Ամերիկացի մեր հրահանգիչներն ասում էին՝ սխալվելուց վախենալով՝ ոչինչ չանելն ամենամեծ սխալն է: Իսկ եթե քեզ մարդու կյանքը փրկելու մղումն է առաջնորդում, հնարավոր չէ, որ կոպիտ սխալ թույլ տաս:
…Հայրենիքս ու ընտանիքս մեկ են: Երեխաներս` աղջիկս ու տղաս, աչքերը բացել` ինձ համազգեստով են տեսել: Յուրահատուկ վերաբերմունք ունեն զինվորական գործի, զինվորականների հանդեպ: Երբ ու որտեղ մեր օրհներգը հնչի, վեր են կենում տեղից, զգաստ կանգնում: Մի անգամ մեր տանը ընկերներիս հետ ֆուտբոլ էինք դիտելու: Հայաստանի օրհներգը հնչեց, և երկուսով ոտքի կանգնեցին: Ընկերներս մի պահ զարմանքից քարացան:
Հայրիկի ծառայության հանդեպ նրանց զգացած հպարտությունը միայն բավական է, որ լիովին իմաստավորվի ու արժևորվի ծառայությունս»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #26 (1297) 10.07.2019 - 16.07.2019, Ազգային բանակ