ՆՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՆ
Զինվորական կոմիսարի այս ձևակերպման մեջ ամեն ինչ ասված է։ Օրակարգն անփոփոխ է, բոլորին զննում են, գրանցում, ճանապարհում։ Զորակոչը զինկոմիսարիատի ու զորակոչվողների համար պարզապես գործընթաց չէ, տոն է, միմյանց շնորհավորում են, ծափերով, երգով ու պարով ուղեկցում։ Մինչև հավաքակայան ևս մեկ կանգառ ունեն՝ եկեղեցին է։ Աստծու օրհնությամբ են զորակոչվում…
Կենտրոնական հավաքակայանում վերջնական զննություն են անցնում, գնում համազգեստ ստանալու և վիճակահանությանը մասնակցելու։
Զորամասի ընտրությունից անմիջապես հետո առաջինը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է տղաներին շնորհավորում, անվտանգ ծառայություն մաղթում։ Եղբորը ճանապարհող փոքրիկ Դավիթը պաշտպանության նախարարի հետ ողջունում ու հաջողություն է մաղթում զինակոչիկներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքը բոլորին է գոտեպնդում, սա կյանքի նոր փուլ է, կայացման շրջան ու մեծ՝ զինվորական ընտանիքի համալրում:
-Այսօրվանից դուք մեր շարքերն եք համալրում, դառնում մեր մեծ ընտանիքի մի մասը, հետևաբար, կարևոր է, որ գիտակցեք այն առաքելությունը, որն իրականացնելու եք առաջիկա երկու տարիներին և գլխավորը՝ փառքով ծառայեք։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակահանության սենյակից շտապում է ծնողների հետ հանդիպման։ Մինչև ողջույնն ու հիմնական խոսքը, զինակոչիկների հարազատներն են ոտքի կանգնում, ծափերով դիմավորում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Նախարարը հարազատներին հորդորում է միայն բարձր տրամադրությամբ հրաժեշտ տալ տղաներին, որովհետև նրանք այսուհետև հայրենիքի պաշտպան են, սա առավել քան մեծ պատիվ է բոլորի համար.
-Իմ տղան այսօր զինվոր է, անունն Էդգար է, ինձ համար բոլորիդ որդիներն են իմ Էդգարները, իմ որդիները, վստահ եղեք, որ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու անդադար բարեփոխումներ իրականացնելու և զորամասերի թիկունքային ապահովման որակը բարձրացնելու համար։
Վերջում գերատեսչության ղեկավարը բոլորին լսեց, պարզաբանեց հուզող հարցերն ու հանձնարարականներ տվեց ենթականերին, պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին։ Այնուհետև պաշտպանության նախարարը շրջեց հավաքակայանի յուրաքանչյուր մասնաշենքում, ծանոթացավ հանձնաժողովի աշխատանքներին։ Դավիթ Տոնոյանը ամեն քայլափոխի կանգ էր առնում, հետևում գործընթացին, զրուցում պատասխանատուների հետ։ Պաշտպանության նախարարի հորդորն ու պահանջն է՝ մեծ ուշադրություն դարձնել զինակոչիկների առողջական վիճակին և նկատի ունենալ յուրաքանչյուրի մասնագիտական կարողությունները:
-Ես հստակ հանձնարարականներ եմ տվել գործընթացն իրականացնող ստորաբաժանումներին խիստ ուշադրություն դարձնել զինակոչիկների բուժզննմանը, հետազոտությունների արդյունքներին։ Հաջորդ պահանջն է, որ մանրամասն ուսումնասիրեն զինակոչիկների գործերը, հաշվի առնեն, թե ինչ մասնագիտություն և կրթություն է ստացել զորակոչիկը։ Մենք պետք է մեր ողջ ներուժը նպատակին ծառայեցնենք։
Զորակոչի այդ օրվա հերոսներին պաշտպանության նախարարն անձամբ ճանապարհեց՝ մաղթելով անփորձանք և գերազանց ծառայություն։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (1297) 10.07.2019 - 16.07.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում