Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ



ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲԶորակոչիկներն այս անգամ էլ ժամանակին Բերձոր էին հասել և զինկոմիսարիատում փաստաթղթերն էին ստորագրում: Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է զինկոմիսարիատի աշխատակիցների ու համայնքների ղեկավարների համատեղ աշխատանքից: Այս տարվա ամառային զորակոչն է՝ կազմակերպված, առանց խոչընդոտների: Զորակոչիկներին ուղեկցում են ծնողներն ու հարազատները, ընկերներն ու բարեկամները, հարևանները: Գողթանիկ գյուղից է Օհան Պողոսյանը, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի ռազմագիտության և ֆիզկուլտուրայի բաժին, բայց արդեն 18 տարեկան է և պարտքն է՝ դառնալ հայրենիքի զինվորը:

-Կվերադառնամ բանակից և կուսանեմ,-ասում է Օհանը,-գրեթե զինվորականի մասնագիտություն եմ ընտրել և բանակում էլ շատ բան կսովորեմ:

Վաղազին գյուղի դպրոցի այս տարվա շրջանավարտ Դավիթ Բախշյանն ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության բաժին և զորակոչվել է:

-Բարձր տրամադրությամբ եմ գնում,- ասում է,- հայրենիքին միշտ պետք է ծառայենք, իսկ բանակում ծառայելը յուրահատուկ պարտականություն է:

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲԱրաքսամերձ Վան գյուղից է Ռադիկ Մուշեղյանը, 100 կմ հեռվից է եկել: Զորակոչային բաժնում ծանոթանում է փաստաթղթերին, ստորագրում: Շատ լավ տրամադրություն ունի, գիտակցում է՝ հայրենիքին զինվորներ են պետք: Հայրը՝ Ռազմիկը, ճանապարհում է որդուն՝ հավատով՝ միշտ լավն է լսելու երկու տարիների ընթացքում: Զինկոմիսարիատում ավարտվում են աշխատանքները, և տղաները շարվում են միջանցքում: Զինկոմի տեղակալ, մայոր Կամո Ալավերդյանը ողջունում է զորակոչիկներին և հորդորում լինել Հայոց բանակի արժանի զինվոր:

-Ձեր առաջին պարտականությունը հայրենիքը պաշտպանելն է, երկրորդը ձեզ պետք է պաշտպանեք, որ մնաք շարքերում,- ասաց Կ. Ալավերդյանը և պահանջեց՝ լինել զգոն ու ավելորդ ռիսկի չդիմել. միշտ պետք է զգուշանալ թշնամու նենգությունից: Զորակոչիկներին ողջունեցին ու բարի ճանապարհ, անփորձանք ծառայություն մաղթեցին զինկոմ Ստեփան Օհանջանյանը և շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը՝ հավատով, որ երկու տարի անց նույն ոգով դիմավորելու են տղաներին: Եկավ հրաժեշտի պահը: Ողջագուրվեցին արդեն զինվոր տղաները հարազատ-բարեկամների, ընկերների հետ և զինկոմիսարիատի ներկայացուցչի ուղեկցությամբ մեկնեցին Ստեփանակերտ, որտեղ և վիճակահանությամբ կորոշվի՝ որ զորամասում են ծառայելու:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #27 (1298) 17.07.2019 - 23.07.2019, Բանակ և հասարակություն


18/07/2019