ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԻ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ
Ռազմական գործողությունների ժամանակ զինվորի կյանքը հաճախ կախված է այն բանից, թե որքանով է նա պաշտպանված թշնամու զենքից։ Պատմականորեն հարձակման և պաշտպանման միջոցները միշտ էլ զարգացել են զուգահեռ և փոխկապակցված. սրից պաշտպանվելու համար ստեղծվեց վահանը, նիզակից պաշտպանվելու համար` զրահը, և այլն: Հրազենի և հրետանու ստեղծումից հետո պաշտպանությունը գնդակից, արկերի և ականների բեկորներից դարձավ անհամեմատ ավելի բարդ խնդիր։ Արդեն միջնադարում բազմաթիվ փորձեր են արվել գնդակից պաշտպանող զրահ և բաճկոններ ստեղծելու համար: Օրինակ` Հռոմեական սրբազան կայսրության Մաքսիմիլիան կայսրը 1561թ. փորձարկել էր հրացանի գնդակից պաշտպանող տարբեր տեսակի բաճկոններ և զրահներ: 1590թ. Հենրի Լին ստեղծեց մետաղյա վահան, որը ատրճանակի գնդակից պաշտպանում էր զինվորի կրծքավանդակը և որովայնը: Անգլիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ (1642-1651 թթ.) Օլիվեր Կրոմվելի հեծելազորը կրում էր մուշկետի գնդակից պաշտպանող երկշերտ զրահ, որի արտաքին շերտը կլանում էր գնդակի էներգիան, իսկ ներքինը` կանխարգելում գնդակի ներթափանցումը մարմնի մեջ: Միջնադարյան Ճապոնիայում լայնորեն կիրառվում էին մետաքսե բաճկոններ` սառը զենքից պաշտպանվելու համար:
XIX դարի կեսերին Իռլանդիայում փորձեր արվեցին կտորից կարելու ատրճանակի գնդակից պաշտպանող փափուկ բաճկոններ: 1860թ. Կորեայում նմանատիպ բաճկոններ ստեղծեցին Կիմ Գի-Դուն և Գան Յուն, ովքեր գտան, որ բամբակյա կտորի 13 շերտերը հուսալիորեն պաշտպանում են այն ժամանակ կիրառվող հրազենի գնդակներից: 1880թ. Ջորջ Էմերի Գուդֆելոուն սկսեց Արիզոնայում (ԱՄՆ) փորձարկել մետաքսե բաճկոններ, որոնք կարված էին մետաքսե հյուսվածքի 18-30 շերտերից և պաշտպանում էին ատրճանակի գնդակից, եթե կրակոցը շատ մոտ տարածությունից չէր:
1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ռուսական բանակում հրացանի և գնդացրի գնդակներից, ականների և ռումբերի բեկորներից պաշտպանվելու համար օգտագործվում էին 7 մմ հաստությամբ ուղղանկյունաձև պողպատյա վահաններ, որոնք հրացանի համար անցք ունեին և նման էին «Մաքսիմ» գնդացրի պաշտպանական վահանակին: Պարզ է, որ զինվորը չէր կարող այդ մետաղյա վահանը օգտագործել գրոհի ժամանակ կամ առհասարակ շարժվելիս, ուստի վահանը կիրառվում էր միայն դիրքային մարտերում: Ճապոնացիները իրենց հերթին նույնպես օգտագործում էին պաշտպանիչ միջոցներ, օրինակ` Պորտ Արտուրի պաշարման ժամանակ գրոհում էին` միաժամանակ պաշտպանվելով 20 կիլոգրամանոց մետաղյա վահաններով:
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Միացյալ Նահանգներում քրոմի և նիկելի համաձուլվածքից ստեղծեցին սաղավարտ և կուրծքը պաշտպանող զրահ, որոնք կասեցնում էին գնդակը, եթե դրա արագությունը չէր գերազանցում 820մ/վ-ը: Սակայն դրանց կիրառման ժամանակ պարզվեց, որ կշռելով 18 կգ` դրանք շատ անհարմար են և գործնականում դժվար կիրառելի: Այդ պատճառով ստեղծվեցին ավելի թեթև` 5 կգ քաշով և համեմատաբար ավելի հարմարավետ մետաղյա զրահներ, որոնք բաղկացած էին կաշվե բաճկոնից, որի վրա ամրացված էին կղմինդրաձև թիթեղի կտորներ, բայց վերջիններս հաճախ չէին կասեցնում ատրճանակի գնդակը:
1920-1930 թվականներին ԱՄՆ-ում գործող հանցավոր աշխարհի շատ ներկայացուցիչներ կրում էին խտացված բամբակից հաստ աստառ ունեցող բաճկոններ, որոնք հաճախ փրկում էին ատրճանակի գնդակներից: Այդ հանգամանքը ստիպեց ոստիկանությանը օգտագործել ավելի հզոր` .38 «Սուպեր» և .357 «Մագնում» ատրճանակներ:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում հետևակի համար ստեղծեցին տարբեր պաշտպանիչ զրահներ և բաճկոններ, բայց դրանք ծանր էին, սահմանափակում էին զինվորի շարժունակությունը, համատեղելի չէին կրվող զենքի հետ և արդյունքում` տարածում չգտան: Զրահաբաճկոններից մեծ մասամբ օգտվում էին B-29 ռմբակոծիչների օդաչուները, որոնց համար բաճկոնների 8 կիլոգրամ քաշը մեծ խոչընդոտ չէր: Ճապոնիայի բանակում նույնպես ստեղծվեցին մի քանի տեսակի բաճկոններ` արտաքինից ծածկված մետաղի բարակ կտորներով, բայց դրանք նույնպես լայնորեն չկիրառվեցին: Կարմիր բանակում 1942 թվականից սկսեցին փորձարկվել մի քանի տեսակի մետաղյա զրահներ, որոնցից միայն մեկը` «ՍՆ-42»-ը սկսեց լայնորեն արտադրվել: Այդ զրահը կոչվում էր «պողպատյա կրծքապաշտպան»: Այն 2 մմ հաստությամբ մետաղյա վահան էր, որը ծածկում էր զինվորի կուրծքը, ուներ 3,5 կիլոգրամ քաշ և պաշտպանում էր գերմանական ՄՊ-40 ինքնաձիգի 9մմ գնդակից` 100 մետրից ավելի հեռավորության վրա:
Այս վահանները կիրառվեցին Ստալինգրադի ներքաղաքային մարտերի ժամանակ, սակայն ռազմադաշտում դրանք ծանր և անհարմար էին: Ընդհանուր առմամբ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զրահաբաճկոնների կիրառումը հազվադեպ էր և ոչ մի ներգործություն չունեցավ մարտերի ընթացքի վրա:
1950-ական թվականներին ամերիկացիները ստեղծեցին նայլոնե (Nylon) զրահաբաճկոններ, օրինակ, «Մ-52», որոնք պարունակում էին ալյումինե մասնիկներ, ապակյա մանրաթել և պլաստիկ զանգված: Այդ զրահաբաճկոնը բավականաչափ թեթև էր (4,5 կիլոգրամ) և պաշտպանում էր մի քանի մետր հեռավորությունից արձակված Տոկարևի ատրճանակի 7,62×25 մմ գնդակից, սակայն Կորեայի դեմ պատերազմի ժամանակ այն բավարար չէր բեկորներից և ինքնաձիգների գնդակներից պաշտպանվելու համար: Այնուամենայնիվ, «Մ-52» բաճկոնի օգտագործումը Կորեայում 65 տոկոսով նվազեցրեց մահացությունը կրծքի և որովայնի վիրավորումներից և 15 տոկոսով քչացրեց զինուժի ընդհանուր կորուստները:
Խորհրդային առաջին զրահաբաճկոնը` «6ը1» ծածկագրով, խորհրդային բանակի սպառազինության մեջ ընդգրկվեց 1957թ: Այն պարունակում էր «ԱՄԳ-7Ց» ձուլվածքից 4-6,2 մմ հաստության սալիկներ, որոնք դրվում էին հատուկ գրպանների մեջ:
1967թ. ԱՄՆ-ում առաջին անգամ զրահաբաճկոնները անխոցելի դարձնելու համար օգտագործեցին կերամիկական սալիկներ, որոնք անթափանցելի էին հրացանի 7մմ տրամաչափի գնդակների համար: Այդ սալիկները պատրաստված էին բորոնի կարբիդից, սիլիկոնի կարբիդից և ալյումինիումի օքսիդից: Վիետնամական պատերազմի ժամանակ զրահաբաճկոնները տրամադրվեցին ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների անձնակազմերին: Իսկ ԱՄՆ-ի ցամաքային ուժերը Վիետնամում օգտագործում էին «Մ-69» զրահաբաճկոնները, որոնք, ի տարբերություն «Մ-52»-ների, ավելի հարմար էին և ունեին հատուկ գրպաններ` ապակեպլաստիկ բալիստիկ սալիկներ տեղադրելու համար: «Մ-69» բաճկոնը հնարավորություն տվեց չեզոքացնելու գնդակների և բեկորների 70%-ը:
Նայլոնից հետո ասպարեզ եկան Նոմեքսը (Nomex) և Տեխնորան (Technora), սակայն զրահաբաճկոնների ասպարեզում իսկական հեղափոխություն տեղի ունեցավ 1971թ., երբ «Դյու Պոն» (Du Pont) քիմիական հսկա ընկերությունը, որը հայտնի էր նայլոնի ստեղծմամբ, ներկայացրեց իր «Կևլար» (Kevlar) անունով մանրաթելը: Կևլարը ստացվել էր դեռ 1965 թ-ին, երբ «Դյու Պոնի» քիմիկոսների խումբը Ստեֆանի Կվոլեկի ղեկավարությամբ փորձում էր տարբեր պոլիմերներից թեթև և ամուր մանրաթել ստանալ: Պոլիֆենիլենտերեֆթալատից (poly-Phenylene-terephthalate) և պոլիբենզամիդից (polybenzamide) ստացված մանրաթելը` պոլիպարաֆենիլենտերեֆթալամիդը (poly-paraphenylene terephtalamide), ուներ եզակի հատկություններ` պողպատյա մանրաթելից 5 անգամ ավելի ամուր էր ձգելիս, նայլոնից անհամեմատ ավելի կայուն էր հարվածի նկատմամբ, չէր այրվում, քիմիապես շատ կայուն էր և աննկարագրելի թեթև` 10000 մ մանրաթելն ուներ ընդամենը 1 կիլոգրամ քաշ:
1975 թ. շուկա հանվեց ամբողջությամբ կևլարից գործված առաջին «Կ-15» բաճկոնը, որն ուներ կևլարի 15 շերտ և բալիստիկ մետաղյա սալիկ, որը ծածկում էր սրտի շրջանը: 1976 թ. արտադրվեց բաճկոնի ավելի թեթև` «Ի» մակնիշով տեսակը, այնուհետև տարբեր երկրներում տարբեր արտադրողներ սկսեցին պատրաստել տարբեր մակնիշների, քաշի և նպատակի համար նախատեսված կևլարե բաճկոններ:
Թեթև քաշը (օրինակ, 13 շերտից գործված բանակային բաճկոնի քաշն ընդամենը 3,9 կիլոգրամ է) և հուսալի պաշտպանություն ապահովելու հատկությունները մեծ համբավ բերեցին կևլարե բաճկոններին: Ամերիկացիները հաշվարկեցին, որ եթե Վիետնամում իրենց զորքը լիներ կևլարե բաճկոններով, ապա սպանվածների թիվը 80 տոկոսով փոքր կլիներ: Ներկայումս կա կևլարե բաճկոնների մեծ բազմազանություն, դրանք տարբեր հաստության, քաշի և գնի են, ապահովում են տարբեր աստիճանի պաշտպանություն (բանակային, ոստիկանական, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումների համար):
1960-1970 թթ ընթացքում Խորհրդային Միությունում փորձարկվում էին տիտանից և մագնիում-լիթիումից համաձուլվածքներ, ինչի արդյունքում ստեղծվեց հակաբեկորային «6ը2» զրահաբաճկոնը, որն ուներ 1,25 մմ հաստությամբ տիտանե սալիկներ, հատուկ գործվածքի 30 շերտ, 4,4-4,8 կգ քաշ և 400-600 մ հեռավորությունից չեզոքացնում էր բեկորների հարվածներն ու ինքնաձիգների գնդակները:
1986 թ ՍՀՄ-ում ստեղծվեց մոդուլային «6ը5» զրահաբաճկոնը, որն ուներ 9 տարատեսակ` յուրաքանչյուրը 11 կգ քաշով:
Ներկայումս կան բազմաթիվ նյութերից և գործվածքներից պատրաստված զրահաբաճկոններ, և դրանց թիվն օրեցօր աճում է: Գրեթե բոլոր զարգացած երկրներում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում` ավելի թեթև և հուսալի զրահաբաճկոններ ստեղծելու ուղղությամբ: Կևլարից հետո ստեղծվեցին այլ մանրաթելեր` «Dyneema», «Spectra», «Twaron», «Protera», «UHMWPE», «M5 fiber», «SB61», «HB51», «Gold Flex», «Zylon» և այլն, որոնք, սակայն, կևլարից ավելի թանկ են: Շարունակվում են աշխատանքներ տարբեր համաձուլվածքների, կերամիկական նյութերի, ածխաթելերի, ածխանանոձողիկների, նանոտեխնոլոգիական այլ նյութերի հետ: Ակնկալվում է, որ մոտ ապագայում կստեղծվեն ավելի հարմար, թեթև և հուսալի զրահաբաճկոններ: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ զրահաբաճկոնների կարևորությունը խիստ մեծ է այն պետությունների ԶՈՒ-երի համար, որոնց մարդկային ռեսուրսները սահմանափակ են:
ԱԶԱՏ ՄԻՆԱՍՅԱՆ
բ/ծ ավագ լեյտենանտ