Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ



«Թուրքիան եւ Ադրբեջանը` որպես «մեծ ու փոքր եղբայրներ» եւ վաղեմի դաշնակիցներ, Հայաստանի դեմ գործում են մեկ ճակատով»:

Սկիզբը` նախորդ համարում

Դիվանագիտական դաշտում Թուրքիան ուժերի գերլարումով հասավ այն բանին, որ 1921թ. մարտի 16-ին Կարսում ստորագրված թուրք-բոլշեւիկյան պայմանագրով Թուրքիային նվիրվեցին Կարսի, Արդահանի մարզերը, Սուրմալուի գավառը։ Ադրբեջանի հետ տարածքային կապ հաստատելու համար Թուրքիան պայմանագրի մեջ առանձին կետով պահանջեց Նախիջեւանը հանել Հայաստանի կազմից եւ դնել Ադրբեջանի տիրապետության տակ։ Սա բխում էր թուրքերի համաթրքության ծրագրից, ըստ որի` Ադրբեջանը Թուրքիայի անբաժան մասն է։

Փաստը մնում է փաստ, որ թուրքերի (նախա) հայր Մ. Քեմալի «Թուրքիան թուրքերինն է» կարգախոսը ժամանակին իթթիհաթականների գաղափարաբանությունն էր, որն այսօր նորից ազգայնականների նշանաբանն է։ Թուրքիայի Հանրապետության ներկայիս ղեկավարները թեպետ հանդես չեն գալիս որպես ազգայնականներ, սակայն ազգային հարցերում հավատարիմ են մնում իրենց նախորդների պատգամներին։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրքերն ունեն հստակորեն ձեւավորված, պետականորեն եւ ազգովին որդեգրած մի քաղաքական իդեալ, որին ձգտում են գիտակցաբար եւ հետեւողականորեն։ Այս իդեալին անշեղորեն ձգտել են երիտթուրքերը, քեմալականները եւ ձգտում են Թուրքիայի ներկայիս կառավարողները` կատարելով հատկապես Ադրբեջանի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները։

Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները շարունակում են փայփայել «Մեծ Ադրբեջան» կազմավորելու հույսերը։ Բաքվում լույս տեսած նոր քարտեզներում Հայաստանին ու Վրաստանին թողնված են միայն Երեւանն ու Թբիլիսին երիզող փոքրիկ հողակտորները։ Համաթրքության նվաճողական ծրագրերով տարված ադրբեջանցիները կրկներգում են, որ Ադրբեջանի մեծ մասը գտնվում է Իրանում՝ Թավրիզ կենտրոնով։ Ինչ վերաբերում է Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա կապին, ապա դրա իրականացումը հնարավոր է միայն Զանգեզուրի նվաճումով։

Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր փորձում են համոզել նախագահ Սահակաշվիլուն Վրաստանը դարձնել ֆեդերացիա (ֆեդերացիան պետական կառուցվածքի այն ձևն է, երբ պետության մասերը իրենք են պետական կազմավորումներ և ունեն իրավաբանորեն որոշակիացված քաղաքական ինքնուրույնություն), որպեսզի թուրքաբնակ Բորչալուում (Հյուսիսային Լոռի) թուրքական ինքնավարություն ստեղծվի։ Նպատակը պարզ է. համաթուրքականները Ադրբեջանը դարձնելով առաջին թուրանական հենասյունը` փորձում են նրա միջոցով նոր տարածքներ նվաճել։

Թուրք-ադրբեջանական համագործակցությունը ներկա փուլում նոր ձևեր է ստանում։

Համաթրքության ռազմական ծրագրերի իրականացումը եւ թուրքական աշխարհակարգի ստեղծումը ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմ։ Նպատակային ծրագրեր են իրականացվում ռուսական տարածքների (այն տարածքների, որտեղ կա մահմեդական բնակչություն՝ Թաթարստան, Բաշկորտստան, Չեչնիա, Ղրիմ, Դաղստան եւ այլն) նվաճման համար։ Ադրբեջանը Թուրքիայի համար կատարում է այն կամրջի դերը, որով Ռուսաստան են թափանցում ահաբեկչությունն ու անջատողականությունը։

Թուրք-ադրբեջանական համագործակցությունն ավելի խորքային է դառնում նաեւ այն պատճառով, որ երկու երկրներում իսլամը վերաիմաստավորվեց որպես քաղաքական գործոն։

Թուրքիայում «Արդարություն եւ վերելք (զարգացում) կուսակցության» իշխանության գալուց հետո (2002թ.) փոխվել են երկրի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերի գնահատականները։ Իշխող կուսակցության որդեգրած նեոօսմանիզմը (իսլամի եւ ժողովրդավարության համադրումը) արտահայտվում է ծավալապաշտական գաղափարախոսությամբ՝ հիմք ընդունելով համաթրքությունը, նրան ծառայեցնելով համիսլամիզմը։

Նույն երեւույթը կրկնօրինակվել է Ադրբեջանում։ Անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանում իսլամը վերարժեւորվեց որպես ազգային ինքնության մի բաղադրիչ։ Պետության կողմից իսլամը դիտարկվեց որպես կարեւորագույն արժեք, ընդգծվեց ադրբեջանական իսլամի յուրահատուկ ազգային բնույթը։

Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը իսլամական աշխարհի իրողություններին եւ իրադարձություններին արձագանքում են «սրտի ցավով»։ Դա բխում է հատկապես Թուրքիայի` մեր տարածաշրջանում առաջնորդ դառնալու հավակնություններից։ Թուրքիան, վերադառնալով ժամանակին իր մերժած հին համակարգի դրույթներին, փորձում է ձեռք բերել նոր հեղինակություն Օսմանյան կայսրության հպատակները եղած Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Բալկանյան պետություններում։ Կայսերապաշտական այս քաղաքականության մեջ ընդգծվում է համաթրքության առաջատար դերը։

Այս քաղաքական պաստառի վրա թուրք-ադրբեջանական համագործակցությունը յուրահատուկ գունավորում է ստանում, և ավելի հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ են կողմերը ցայսօր հավատարիմ մնում 1920թ. ռազմական փոխօգնության գաղտնի պայմանագրում արձանագրված պարտավորություններին։

Թուրքիայում թե՛ իշխող կուսակցությունը (Արդարություն եւ վերելք), թե՛ ընդդիմադիր կուսակցությունները (ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ այլն) Ադրբեջանի խնդիրների նկատմամբ նույն կարծիքին են. «Թուրքիան եղբայրական կապերով է շաղկապված Ադրբեջանի եւ միջինասիական հանրապետությունների հետ, եւ այդ կապերը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեն»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա անվարան կարելի է ասել, որ դրանք Թուրքիային պարտադրվեցին ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանի կողմից։ Արդարություն եւ վերելք կուսակցության կառավարությունը դրանք ստիպված ստորագրեց, նրան չհաջողվեց արձանագրությունների մեջ նախապայմաններ մտցնել։ Սակայն ընդդիմադիր կուսակցությունները նախապես հայտարարեցին, որ Թուրքիան այս հարցում տանուլ է տվել, որովհետեւ արձանագրությունները չեն բխում Թուրքիայի ազգային շահերից. «Երկխոսությունը չի կայանա, քանի դեռ Հայաստանը չի ազատել Ղարաբաղը»։ Ի վերջո, իշխող կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռ. Թայիբ Էրդողանը միացավ ընդդիմադիրներին, հնչեցրեց Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, այն է` «մինչեւ հայերը Ղարաբաղից զորքերը դուրս չբերեն, Թուրքիան հայ-թուրքական սահմանը չի բացի»։

Սրանով կրկին անգամ ապացուցվեց, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները, անկախ կուսակցական պատկանելությունից, Ադրբեջանի նկատմամբ ունեն «եղբոր» կեցվածք եւ մինչեւ վերջ պատրաստ են Ադրբեջանի շահերը պաշտպանել։ Չպետք է մոռանալ, որ Արցախյան ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան զինել է եւ մինչեւ հիմա էլ զինում է Ադրբեջանին։ Չպետք է մոռանալ, որ ադրբեջանցի սպաներն ու զինվորները վերապատրաստվում են Թուրքիայում։ Իսկ թուրք բարձրաստիճան ռազմագետները Ադրբեջանում գլխավորում են հույժ կարեւոր ռազմական կառույցներ։

Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ապահովվում է նաև երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի փոխայցելություններով։ Ղարաբաղի խնդրում Թուրքիան հետեւողականորեն պաշտպանում է Ադրբեջանի շահերը` իր այդ քաղաքական դիրքորոշումը հաճախակի հնչեցնելով թուրքախոս երկրների եւ համայնքների կազմակերպության` բարեկամության, եղբայրության եւ համագործակցության կոնգրեսում, Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովներում եւ միջազգային ատյաններում։

Թուրքիան եւ Ադրբեջանը` որպես «մեծ ու փոքր եղբայրներ» եւ վաղեմի դաշնակիցներ, Հայաստանի դեմ գործում են մեկ ճակատով։ Ադրբեջանական բանակի կայացման գործում Թուրքիայի ներդրումը անկասկած մեծ է։ Այս փաստը չպետք է աչքաթող անել։ Հայոց ազգային բանակի յուրաքանչյուր մարտիկ պետք է քաջ գիտակցի հայ ժողովրդի դարավոր ոսոխի իսկական մտադրությունները եւ լինի գաղափարապես լավ զինված ու կռվի պատրաստ։

ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան
ռազմական ինստիտուտի դասախոս

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Ռազմաքաղաքական


13/10/2011