ԵՍ ԽՈՍՔԻՍ ՏԵՐՆ ԵՄ
«Հայ զինվորի» հյուրասրահում ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է։ 2010թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա գյումրեցի մարզիկը իր նվաճած ոսկե մեդալով ոչ միայն նոր էջ բացեց հայկական ծանրամարտի պատմության մեջ, այլեւ դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին տղամարդ ծանրորդը, որը նվաճեց աշխարհի ուժեղագույնի կոչումը։ Նոյեմբերի 5-ին Փարիզում կայանալիք ծանրամարտի հերթական աշխարհի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Տիգրան Մարտիրոսյանն ու օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը։
-Տիգրան, շնորհավորելով Թուրքիայում տարած պատմական հաղթանակիդ առթիվ, կխնդրեի մեր ընթերցողներին համառոտակի ներկայացնեիր մեծահասակների խոշոր մրցաշարերում քո ունեցած նվաճումները։
-Դրանք այդքան էլ շատ չեն։ Մինչ օրս մեծահասակների խոշոր մրցաշարերում վեց մեդալ եմ նվաճել, երկու անգամ դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ փոխչեմպիոն։ 2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերում դարձա բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունում մեկ անգամ գրավել եմ երկրորդ տեղը։ Անշուշտ, ինձ համար ամենանշանակալիցը Թուրքիայում նվաճած ոսկին է, քանի որ, նախ` առաջին անգամ դարձա աշխարհի չեմպիոն, եւ հետո` հաղթանակիս պատվին Թուրքիայում բարձրացվեց եռագույնը, եւ հնչեց մեր պետական օրհներգը։
-Ո՞վ է եղել առաջին մարզիչդ, եւ ո՞վ է մարզիչդ այսօր։
-Իմ առաջին մարզիչը եղել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը։ Իմ այս ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եմ իմ սիրելի մարզչին։ Նա ասում էր. «Աշխարհի, օլիմպիական չեմպիոն սան ունենամ, էլ բան չեմ ուզում»։ Հույսեր էր կապում ինձ եւ Արա Խաչատրյանի հետ։ Երբ 2009թ. Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնությունում գրավեցի 2-րդ տեղը, իսկ 2010-ին դարձա Եվրոպայի չեմպիոն, նա ասաց. «Տիգրան ջան, եկել է աշխարհի չեմպիոն դառնալուդ ժամանակը»։ Ափսոս, նա չտեսավ իմ հաղթանակը։ Իմ հաղթանակով ամենից շատ նա կուրախանար, որովհետեւ այդ հաղթանակը նրա տքնաջան, նպատակասլաց աշխատանքի արդյունքն էր։ Այս խոսակցությունից չորս ամիս անց դարձա աշխարհի չեմպիոն եւ հաղթանակս նվիրեցի իմ առաջին մարզչին՝ մարդկային վեհ նկարագրի տեր մարդուն՝ Աշոտ Մխիթարյանին։
Այսօր մարզվում եմ աշխարհի փոխչեմպիոն Ալեքսան Կարապետյանի ղեկավարությամբ։ Ի դեպ` նա Մխիթարյանի առաջին սաներից է, խոստումնալից ու հեռանկարային մասնագետ։
-Ի՞նչ է հարկավոր մարզիկին, բնավորության ի՞նչ գծերով պետք է նա օժտված լինի, որպեսզի կարողանա չեմպիոնական բարձունքներ նվաճել։
-Առաջին հերթին նա պետք է շատ սիրի իր ընտրած մարզաձեւը, լինի աշխատասեր, մարզվի ճիշտ ու ջանասիրաբար։ Մարզումների համար պետք է լինեն բարձրակարգ պայմաններ, ինչն այսօր, շնորհիվ ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, ունի Հայաստանի ծանրամարտի հավաքականը։ Ծանրամարտի, ինչպես որոշ ուժային մարզաձեւերի համար անհրաժեշտ է ունենալ նաեւ բնատուր տաղանդ եւ մի քիչ էլ բախտ։ Այս ամենի հանրագումարը մարզիկին տանում է դեպի չեմպիոնական բարձունք։
-Քեզ բնութագրելիս առաջինը նշում են քո համեստությունը եւ նաեւ մի շատ կարեւոր հանգամանք. ասում են՝ Տիգրանը երբեք խոստումը չի դրժում։
-Բոլոր մարզիկներն էլ համեստ են։ Իսկ ինչ վերաբերում է խոստումներին, ապա խոստում տալուց առաջ լավ եմ մտածում. ես գնահատում եմ խոսքի, բառի արժեքը։
-Ի՞նչ նպատակ ունես:
-2012թ. դառնալ օլիմպիական խաղերի չեմպիոն։
-Տիգրան, ինչո՞ւ համահայկական 5-րդ խաղերի կրակը վառելու իրավունքը տրվեց հենց քեզ։
-Հաշվի են առնվել վերջին տարիների իմ նվաճումները։ Մարզական առումով այս 2-3 տարիներին ես միայն վերելք եմ ապրել, իսկ 2010թ. ճանաչվել եմ Հայաստանի լավագույն մարզիկ։
-Դու անկախության հասակակիցն ես, նրա սերնդակիցը, ի՞նչ է անկախությունը քեզ համար։
-Անկախությունն ինձ համար առաջին հերթին ազատություն է, ազատ ապրելու, ստեղծագործելու իրավունք։
-Տիգրան, լինում ես աշխարհի շատ երկրներում, քո հաղթական ելույթներով հիացնում նաեւ այդ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին։ Անշուշտ, հյուրընկալված կլինես գաղթօջախներում, հանդիպել, զրուցել ես մեր հայրենակիցների հետ, ի՞նչ են նրանք ասում, մտածում, ինչի՞ց են ավելի շատ խոսում։
-Ամենից շատ խոսում են կարոտից, հայրենիքի հանդեպ ունեցած կարոտից։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների աջակցությունը մենք` մարզիկներս, մշտապես զգացել եւ զգում ենք։ Չտեսնված ոգեւորությամբ են նրանք երկրպագում։ Հիացած եմ հատկապես Բելառուսի համայնքի համախմբվածությամբ։ Բելառուսում անցկացված 2010թ. Եվրոպայի առաջնության ժամանակ նրանց աջակցությունը մեզ օգնեց բարձր արդյունքներ ցույց տալ։
-Ծանրամա՞րտն էլ, ինչպես ֆուտբոլը, ունի իր ֆանատները։
-Իհարկե ունի։ Ճիշտ է, ֆուտբոլի հետ ոչ մի մարզաձեւ չի կարող համեմատվել, սակայն ծանրամարտն էլ ունի իր ֆանատները, որոնք թեեւ քանակով քիչ են, բայց շատ համախմբված են ու կարգապահ։ Անթալիայում աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից եւ այլ երկրներից մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ էին եկել մեզ երկրպագելու։ Նրանց շարքերը տարեցտարի համալրվում են։ Ծանրամարտի երկրպագուների մեջ տարիքային սահմանափակում չկա, լինում են երեխաներ, պատանիներ, տարեց մարդիկ։ Կան նաեւ կին երկրպագուներ։
-Ծանրամարտում ո՞վ է կուռքդ։
-Երկուսն են` իմ աշխարհահռչակ հայրենակից, 20-րդ դարի ռեկորդակիր Յուրի Վարդանյանը եւ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն բուլղարացի Գալաբին Բոեւսկին։
-Շուտով Ֆրանսիայի մայրաքաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը։ Անշուշտ, մեծ են սպասելիքները մեր ծանրամարտիկներից։
-Ամեն ինչ անելու ենք, որ մեզ հետ կապված հույսերն արդարացնենք։ Տղաները հրաշալի մարզավիճակում են։ Գնալու ենք միայն հաղթելու եւ օլիմպիական միավորներ վաստակելու վճռականությամբ։ Այս պահին ունենք նվաճած չորս օլիմպիական ուղեգիր։ Մեր խնդիրն է դրանք պահպանել եւ եղածին նորն ավելացնել։
-Ինչպե՞ս անցան ծաղկաձորյան հավաքները, եւ այս պահին հավաքականն ինչո՞վ է զբաղված։
-Ծաղկաձորյան հավաքն անցավ ըստ գրաֆիկի, խիստ հագեցած եւ արդյունավետ։ Այս պահին հավաքականը կրկին հավաքի մեջ է, բայց արդեն Աբովյանի` Գագիկ Ծառուկյանի անվան մարզահամալիրում։ Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքն անցկացնելու ենք մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի օլիմպիական մարզահամալիրում, որտեղից էլ կմեկնենք Փարիզ։
-Հայկական ծանրամարտի դպրոցի փառքը տարածված է մեր երկրի սահմաններից շատ ու շատ հեռու։ Եվ դրանում նշանակալի դերակատարում ունի նաեւ ծանրամարտի Գյումրիի դպրոցը, որը տվել է աշխարհի, Եվրոպայի ու օլիմպիական չեմպիոններ։ Նախկին ավանդույթները պահպանվո՞ւմ են։
-Գյումրիի ծանրամարտի դպրոցը վերելք է ապրում։ Մեր դպրոցը մշտապես ունեցել եւ այսօր էլ ունի շատ շնորհալի, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ` տաղանդավոր մարզիկներ, մարզիչներ, որոնց տքնաջան, խելամիտ ու նպատակասլաց աշխատանքը տարեցտարի տալիս է իր պտուղները։ Երբ իմ լեգենդար հայրենակից Յուրի Վարդանյանը պատմական ելույթներով հիացրել է ողջ աշխարհը, ես ծնված չեմ եղել։ Ես գիտեմ, որ ծանրամարտի համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ նա մոսկովյան օլիմպիական խաղերում 82,5 կգ քաշային կարգում հասել ու անցել է 400 կգ-ի սահմանագիծը։ Ռեկորդ, որն անհաղթահարելի մնաց նաեւ Պեկինի ամառային օլիմպիական խաղերում՝ 28 տարի անց։
-Եթե չեմ սխալվում, Յուրի Վարդանյանի ցույց տված արդյունքը մինչ օրս անհասանելի է ոչ միայն իր քաշային կարգի, այլեւ 90 եւ անգամ 100 կգ քաշային կարգերում հանդես եկող օլիմպիական չեմպիոնների համար։
-Ինչի համար էլ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ ավստրիացի Գուրֆրիդ Շյոդլին նրան անվանել է դարի ռեկորդակիր։
-Տիգրան, ծառայե՞լ ես բանակում։
-Ես այժմ էլ պարտադիր զինվորական ծառայության մեջ եմ։ Ծառայում եմ բանակի կենտրոնական մարզական ակումբում։ Շուտով կլրանա ծառայությանս մեկ տարին։ Պարզապես աշխարհի առաջիկա առաջնությանը մասնակցելու պատճառով մարզվում եմ ազատ գրաֆիկով եւ զորամասում գրեթե չեմ լինում։
-Գյումրեցիները շատ են սիրում անեկդոտ պատմել, սիրում են ծիծաղաշարժ խոսք ու զրույց։ Գուցե մի բան էլ դո՞ւ պատմեիր մեր ընթերցողների համար։
-Լրագրողը հերթական մրցումներից հետո իմ ընկերներից մեկից հարցազրույց վերցնելիս հարցնում է, թե մրցումների ժամանակ ի՞նչ էր կատարվում կուլիսների հետևում։ Ընկերս չի հասկանում, թե կուլիս ի՞նչ է նշանակում, եւ գյումրեցուն բնորոշ պարզությամբ հարցնում է, թե ի՞նչ է կուլիսը։ Լրագրողը բացատրում է, սակայն ընկերս էլի չի հասկանում, բայց անհարմար է զգում եւս մեկ անգամ լրագրողուհուց հարցնել բառի իմաստը եւ պատասխանում է. «Կուլիսի հետեւում ծով էր, անտառ, թենիսի կորտեր»…
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր