Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ – 120



ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ - 120Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են Կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով: Դա Ակսել Բակունցն է: Բակունցը մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Կոմիտասի երկերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են Կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով։ Դա Ակսել Բակունցն է:

Ավետիք Իսահակյան

♦♦♦

Անմահ Բակունցը միայն մերը չէ, դարերինն է։ Նրա փառքը անմահ է, դարերինն է։ Ակսելը մեր լեզուն կոկեց… վճիտ ջրով ցողեց ու իր՝ ակսելյանը թողեց…

Բակունցի պատմվածքներում հազիվ թե կարելի է գտնել որևէ էջ, ուր ադամանդների պես չշողշողան նրա համեմատություններն ու փոխաբերությունները, որ իր սև ցելերի սերմնացանի օրինակով այդպես առատորեն շաղ է տվել իր գրավիչ երկերում:

Հարություն Մկրտչյան

♦♦♦

«Միրհավ» նովելը ես առանց երկմտելու կդասեի Մոպասանի նմանօրինակ պատմվածքների շարքը: Ինչի՞ց է հյուսված այս նովելը. ծիրանի ծառերի միջից սողոսկող արևի լույսից, խաղողի հյութի բույրից, որ գալիս է այգու խորքում ծածկված հնձանից, որտեղ աշխատում է երիտասարդը: Զարմանալի ողջախոհությամբ է վերարտադրված այն տղամարդու տվայտանքը, որը, արդեն իր կյանքի մայրամուտին, սպանված միրհավի մեջ զգում է ջերմությունն այն աղջկա, որը մի ժամանակ` երիտասարդության օրերին, անձնատուր է եղել իրեն ու ընդմիշտ մնացել իր հիշողության մեջ:

Կ. Զելինսկի

♦♦♦

Բակունցի արժեքը իրական է։ Ակսելի մի քանի պատմվածք միայն կարդացած եմ պատահաբար, որոնք հայտնության մը պես եղան ինծի համար և հրճվանքով լեցուցին զիս:

Լևոն Բաշալյան

♦♦♦

Բակունցը անժխտելի վարպետ մըն է, անուրանալի արվեստագետ մը,- որքան նկարչի վրձին, նույնքան և ավելի ներքին հորդահոսուն քնարերգություն մը, որ կծավալի ամեն ինչի վրա՝ անշունչ թե շնչավոր, և զանոնք կը պարուրե քաղցր հուզականությամբ մը։ Իր այս առատ ու ինքնաբուխ քնարերգությունը թաթավուն է բարությամբ, խոր կարեկցությամբ։ Երգ մըն է Բակունցի քնարերգությունը, որուն նվագի տակ անկարելի է անզգա մնալ, չթաթախվիլ անով:

Պետրոս Զարոյան

♦♦♦

…Հմայիչ, կախարդիչ զրուցակից էր Բակունցը։ Նրա հետ կարելի էր ժամերով խոսել և երբեք չհոգնել… Որքան լրջամիտ, լրջախոհ էր Բակունցը, նույնքան և սրամիտ ու սրախոս էր:

Վահրամ Ալազան

♦♦♦

Բակունցը, սակայն, ամենևին էլ տխուր գրող չէ։ Նրա էջերը լեցուն են պայծառ լավատեսությամբ։ …Ամենուրեք նա տեսնում է զարմանալիորեն բազմազան, մարդուն բերկրանք պատճառող բնության գեղեցկությունը:

Բակունցը լիրիկ գրող է: Նրա նկարագրությունները աղբյուրի նման խոխոջում են ոչ բարձր ձայնով, բայց և բյուրեղյա մաքրությամբ ու տիրաբար:

Վ. Կիրպոտին

♦♦♦

…Առասպելը և հեթանոս դարերի շունչը դեռ շատ է հզոր Բակունցի՝ մոռացված ու իր հազարամյա դեմքը համարյա անարատ պահած գյուղերում:

Բակունցի հոգեկան աշխարհում ասես անվերջ զրնգում էր Վահան Տերյանի ազնիվ ու անդավաճան երգը հայրենիքի մասին:

Սուրեն Աղաբաբյան

♦♦♦

Մի խոր հարազատություն ենք զգում դեպի այն մարդը, որ այդպես ուշադիր է դեպի մեր հորովելը, մի զարմանալի քնքշությամբ է նայում մեր քերծերին, քերծերի վրա ընկած կարկատան արտերին, ամպերին ու ամպերից դենը երևացող լեռնագագաթներին:

Սերո Խանզադյան

♦♦♦

Խորունկ էր նա ու հմայիչ, հանդարտ ու հստակ։ Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում։ Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը։ Խմում էր առիթից առիթ և շատ հեռու էր աթոռներ որոնելուց։ Երբ բարձրանում էր տրամադրությունը, «չարություններ չէր անում»… Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.

-Ոչ մի հող այսպես չի բուրում…

Գուրգեն Մահարի

♦♦♦

Բնության սիրահար էր նա, և սիրտը գեղջկական կյանքի կարոտով լի.. Ակսելը համերաշխության ջերմ ջատագով էր:

Վախթանգ Անանյան

♦♦♦

Ես չգիտեմ մի ուրիշ գրող, որն այնպես դժգոհ լիներ իր ստեղծագործություններից, ինչպիսին էր նա:

Մովսես Արազի

♦♦♦

Պետք է ունենալ, սակայն, Ակսելի վրձինը՝ կենդանի գույներով նկարելու համար այն երազկոտ զանգեզուրցուն, որն իջել էր հայրենի լեռներից, որպեսզի տասը տարվա ընթացքում բարձրանա մեր գրականության Արարատը:

Մկրտիչ Արմեն

♦♦♦

Պատմության և բնության զարմանալի ներդաշնակ համաձայնությամբ էր կյանքի կոչված նա։ Մշտասևեռ, ներհուն ու թախծոտ հայացքով նա ասես հավաքել էր ուզում նորածագ արևի փրկարար զորությունը և կիզել ինչ-որ անլուծելի գաղտնիքների հանգույցը:

Հավերժ սիրելի և աչքերիս առջև կենդանի կանգնած Ակսելի յուրաքանչյուր բառի ու դարձվածքի մեջ մերթ մրմնջում են, մերթ երգում Հայաստան աշխարհի երկնահաս լեռներն ու անդնդախոր վիհերը, անհուն երկինքն ու արագավազ գետերը, և այդ ամենից վեհ ու պայծառ` Հայաստանի հրաշք արևը:

Մարտիրոս Սարյան

 

♦♦♦

Քո «Մթնաձորում» թախիծն է ծորում

Ու կարոտ` մանկութ հարազատ ձորի,-

Աշխատի՛ր սակայն, որ մութ այդ ձորում

Քո պայծառ ուղին անդարձ չկորի:

 

…Եվ բառերի համար քո մարմարյա,

Հնամենի, բուրյան, որպես մեր հին

Քարաքանդակ անդուռ մատուռների

Անջընջելի գրերն հնադարյան,-

Եվ մյուռոնի նման սրբազնագույն

Քո երգերի մաքուր սկիհներում պահված՝

Խորհուրդների համար մշտահըմա,

Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,-

Քո «Միրհավի» համար – և լուսեղեն՝

Արփենիկի հուշով սրբագործված հավետ,

«Ալպիական ծաղկի» այն բուրավետ՝

Որ բուրելու է հար աննյութեղեն,-

Եվ վերջապես քո վեհ, հերոսական

«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ

Սև ցելերի վրա մեր գոյության այս սև

Շաղում է շողք ու սերմ անանձնական,-

Այս ամենի համար,- և Ծիրանի

Հազարամյա փողի՛ համար քո այն,

Որ դարերո՜վ տենչած խաղաղության

Երգն է հնչում,- և մեր ժողովուրդը քանի

Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո,

Հնչելու է երգեր եղբայրական,-

Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,

Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…

Այս ամենի համար,- և քո եղերական

Տառապանքի համար, որ արդ կրկին

Վեհություն է խառնում քո անաղարտ երգին –

Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…

Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ

Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ,-

Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,

Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ:

 

Եղիշե Չարենց

Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Հոգևոր-մշակութային


25/07/2019