«ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՐԵՑ»
-Կրտսեր սերժանտ Ռոլանդ Կակոյանը մեր ամենաուժեղ, կարգապահ, ընկերասեր ու խելացի զինվորներից է,- ասում է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Սերյոժա Նազարեթյանը:- Նաեւ բանաստեղծություններ է գրում:
Զորամասում ճաշի ժամ է, ու ես գնում եմ ճաշարան, որ ծանոթանամ Ռոլանդ Կակոյանի հետ:
-Ռոլանդն առաջին շարքում է նստած,- ասում է ճաշարանի պետը: Փորձում եմ գուշակել, թե որ մեկն է Ռոլանդ Կակոյանը՝ ուժեղը, կարգապահը, ընկերասերն ու խելացին, որը նաեւ բանաստեղծություններ է գրում…, եւ հայացքս կանգ է առնում կապուտաչյա, բարձրահասակ ու թիկնեղ մի զինվորի վրա: Ես ակամա ժպտում եմ, տղան արագ ցած է դնում գդալն ու ոտքի է կանգնում:
-Պիտի Ռոլանդ Կակոյանի հետ զրուցեմ,- ասում եմ սիրալիր:
-Ռոլանդ Կակոյանը ես եմ,- շարքի ծայրին նստած տղան նույնպես ոտքի է կանգնում: Փոքրամարմին է, թուխ ու ջլապինդ: Իհարկե, ես գիտեմ, որ մարդու ուժը բարձր հասակի, ջլապինդ ուսերի մեջ չէ միայն, այլ նաեւ հոգու ու մտքի, եւ բանաստեղծություն գրելու համար բոլորովին էլ պարտադիր չէ կապույտ աչքեր ու մեղմ հայացք ունենալ: Ես տեղավորվում եմ Ռոլանդի կողքին: Տղաները արդեն վերջացրել են ճաշը ու հեռանում են սեղանից, ես ու Ռոլանդը մնում ենք մենակ: Բացում եմ նոթատետրս, որտեղ քիչ առաջ հարցեր եմ գրել ու բարձրաձայն կարդում եմ դրանցից առաջինը:
-Դժվա՞ր է հասնել լավագույն զինվորի համարումին,- Ռոլանդը մտածում է՝ հոնքերը կիտած:
-Դժվար չէ, եթե մանկությունից ես սկսել,- ասում է վստահ: Երեւի հարցը չհասկացավ՝ մտածում եմ:
-Ի՞նչն ես մանկությունից սկսել:
-Բանակը քննություն է, որը բացահայտում է, թե ինչ ես սովորել 18 տարիների ընթացքում… Որպեսզի 18-20 տարեկանում լավ զինվոր լինես, պիտի չորս տարեկանում քեզ սովորեցնեն խաղալիքդ կիսել ընկերոջդ հետ: Ութ տարեկանում պիտի հասկանաս, թե ինչ է երախտագիտությունը այն մարդկանց հանդեպ, ովքեր սիրում ու խնամում են քեզ… Երբ ավելի մեծանաս, պիտի փորձես թեթեւացնել ընտանիքիդ հոգսը:
Ես փակում եմ նոթատետրս, որովհետեւ հասկանում եմ՝ նախապես գրված հարցերը պետք չեն գալու, ու զրույցի «ղեկը» հանձնում եմ Ռոլանդին:
-Մեր գյուղի անունը Մելիք է, բարձրադիր լեռնային գյուղ է, որտեղ 7 ամիս ձմեռ է: Գյուղը 700 տնտեսություն ունի: Մեր գյուղի ձմեռները խստաշունչ են: Այնքան ձյուն է գալիս, որ մի քանի ամիս գյուղը թաղվում է ձյան հաստ շերտի տակ` կտրվում արտաքին աշխարհից: Ամեն ինչ դառնում է սպիտակ ՝ բլուրները, տները, ծառերը: Իսկ ամռանը բլուրները կանաչում են: Մեր գյուղացիների համար ապրել նշանակում է աշխատել: Աշխատում են բոլորը, անգամ մանկահասակ երեխաներն են օգնում ծնողներին: Մեծ ու փոքր արթնանում են առավոտ ծեգին: Աշխատում են մինչեւ ուշ երեկո: Մեր գյուղի ընտանիքները մեծ են: Հորեղբայրներիդ ընտանիքը քո ընտանիքն է, հորաքույրներիդ ընտանիքը քո ընտանիքն է, հորեղբայրներիդ տները քոնն են, հորեղբայրներդ հորդ հավասար հեղինակություն են քեզ համար, գրեթե նույն իրավունքներով. նույնքան սիրում են քեզ ու նույնքան պատասխանատու են քեզ համար:
-Եվ լավ են դաստիարակում…,- մտորում եմ բարձրաձայն;
-Նրանք չգիտեն, թե ինչպես պետք է դաստիարակել երեխաներին: Պարզապես, նրանք ապրում են իրենց սովորական կյանքով, իսկ դու նրանցից սովորում ես՝ ինքդ էլ չհասկանալով, որ սովորում ես, որ օր օրի քո բնավորությունը ձեւավորվում ու հղկվում է նրանց շնորհիվ:
-Դուրս է գալիս, որ բանակում քննություն ես տալիս ոչ թե դու, այլ քո ընտանիքը,- Ասում եմ կես կատակ-կես լուրջ: Ռոլանդը «բռնում է» միտքը:
-Ոչ միայն ընտանիքդ, այլ համագյուղացիներդ, ձեր փողոցով հաճախ անցնող հովիվը ինչ-որ բան է տալիս քո բնավորությանը: Դրա համար էլ բանակ ճանապարհելիս քեզ ասում են՝ գյուղիդ պատիվը բարձր կպահես: Այսինքն՝ քո լավն ու վատը գյուղի պատիվն ու ամոթն է:
-Ինչպիսի՞ն են քո գերդաստանի տղամարդիկ:- Ես սիրում եմ լսել, թե ինչ են պատմում որդիներն իրեն հայրերի մասին: Ինչ-որ սիրուն ու ուժեղ խորհուրդ կա այդ պատումի մեջ:
-Իմ գերդաստանում տղամարդիկ պարտաճանաչ են, նրանք երբեք չեն թերանում, կլարեն վերջին ուժերը, կանեն անհնարը, բայց գործը ավարտին կհասցնեն,- սկսում է Ռոլանդը՝ միտքը լարած, ասես ուզում է հիշել ամեն ինչ՝ իր հարազատների բոլոր առաքինությունները:- Երբ ես դպրոցական էի, մտածում էի՝ այս մոլորակի վրա ինչքան բարեբեր հողեր կան, մայրաքաղաքին կպած, արեւոտ, ինչո՞ւ մերոնք չեն տեղափոխվում մի այլ վայր, որտեղ ավելի հեշտ կապրեն: Հետո հասկացա, որ այդ հարցը պարզ պատասխան ունի՝ հենց Մելիք գյուղն է մեր փոքրիկ հայրենիքը: Այստեղ մեր նախնիների գերեզմաններն են, մեր գերդաստանի կենսագրությունը: Այն մեզ տրված է ի վերուստ ու անփոխարինելի է:
-Երկու տարի ապրել ես բանակում, այն նույնպես յուրահատուկ ընտանիք է, ի՞նչ ես սովորել այստեղ, ո՞ւմից ես սովորել, մի լավ բան կտանե՞ս բանակից քեզ հետ: -Ես շատ եմ ուզում, որ մի քանի օրից զորացրվող զինվորը նույն հպարտությամբ ու սիրով խոսի բանակի մասին:
-Բանակն ինձ ավելի լավը դարձրեց,- բանաձևում է Ռոլանդը: Ու այդ միտքն ինձ շատ դուր է գալիս:
-Ամենամեծ ազդեցությունն իմ բնավորության վրա ունեցել է բանակային ռեժիմը: Սկզբում շատ դժվար է, երբ սահմանափակվում է ազատությունդ: Հրամանով ապրելը ինձ սովորեցրեց հրամայել ինքս ինձ: Դա շատ մեծ առավելություն է, երբ կարողանում ես իշխել քո ցանկություններին: Երբ կարողանում ես «ոչ» ասել ինքդ քեզ: Ես Դ-30 թնդանոթի հրամանատար եմ: Զինվորական մասնագիտությունն ինձ սովորեցրեց հաղթել թիմով: Որպեսզի Դ-30 հրանոթը անվրեպ խոցի նշանակետը, հարկավոր է, որ գերազանց աշխատեն ե՛ւ դիտակետում, ե՛ւ կրակային դիրքում գտնվողները… Ես կարող եմ անթերի լինել, բայց ընկերոջս թերության հետեւանքով բոլորիս աշխատանքը կհավասարվի զրոյի՝ թիրախը չենք խոցի: Եվ ուզես-չուզես, պիտի նաեւ մյուսների մասին մտածես, որովհետեւ կամ միասին հաղթելու ենք, կամ միասին պարտվելու: Այս գաղափարը ես բանակից կտանեմ քաղաքացիական կյանք:
Բանակում ես կարգապահություն սովորեցի: Օրը ունի 24 ժամ, ու եթե առօրյադ կանոնակարգված է, այնքա՜ն բան ես հասցնում անել: Երբ ամեն բան դասավորված է, ամեն ինչ իր տեղում է, ժամանակի տարողությունը մեծանում է:
Իմ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեւորգյանից ես սովորեցի հենարան լինել: Դա շատ գեղեցիկ հատկություն է ու հատուկ է պինդ և ուժեղ մարդկանց: Երբ ինչ-որ մեկը հենվում է քեզ, դու ավելի ես ուժեղանում: Եվ հետո՝ ուժն ինչի՞դ է պետք, եթե քեզ ոչ ոք չի հենվելու:
Բանակն ինձ տվեց համարձակ երազելու կարողություն. երբ Դ-30 թնդանոթը կրակում է, դու քեզ անսահման հզոր ես զգում, համարյա անհաղթ:
…Ռոլանդը լռում է: Ես գրում եմ վերջին բառերն ու հայացքս բարձրացնում նոթատետրից: Ռոլանդը ժպտում է ամաչկոտ: Ասես՝ ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի համարձակվում:
-Հրաշալի պատմեցիր,- քաջալերում եմ տղային,- անկեղծ ու իմաստալի:
-Ինձ հետ կգա՞ք զորանոց, ուզում եմ Ձեզ մի բան ցույց տալ:
-Իհարկե,- անմիջապես համաձայնում եմ ու ոտքի կանգնում: Զորամասի բակը լի է զինվորներով: Մի մասը շարային պարապմունք է անում, մի մասը՝ ֆիզպատրաստության, մյուսները՝ զենքերն են մաքրում:
Բանակային տեսարան է: Պարապ մարդ չկա: Մենք անցնում ենք մարզավանով:
-Կուզե՞ք ձգվեմ,- Ռոլանդը ձեռքով ցույց է տալիս պտտաձողը:
Ես գլխով եմ անում:
-13 ձգումը գերազանց է,- ասում է ու սկսում ձգվել: Ճիշտ 13 հատ: Ես ծափահարում եմ:
-Հասկացա,- ասում եմ,- մարմինդ մտքիդ պես մարզված է:
Ռոլանդը նայում է ինքնագոհ ու շարունակում քայլել դեպի զորանոց: Զորանոցը նույնպես լիքն է զինվորներով: Մեկը կարում է, մյուսն իրերն է դասավորում պահարանի մեջ, երրորդը ծաղիկներն է ջրում:
-Իմ զինվորական ընտանիքն է,- ասում է Ռոլանդը ժպիտով,- միշտ զբաղված են, երբեք պարապ մարդ չեք տեսնի՝ ճիշտ իմ գյուղի ընտանիքի նման:
-Հրաշալի ընտանիք է,- պատասխանում եմ՝ հայացքիս մեջ ընդգրկելով մեծ զորանոցը:
Ռոլանդի անկողինը զորանոցի ծայրին է, լուսամուտի մոտ: Լուսամուտագոգին ծաղիկներ կան:
Ռոլանդը բացում է դարակը ու գրոտած թղթերի կապոց հանում:
-Իմ բանաստեղծություններն են,- ու ժպտում է ամաչկոտ:
-Ընտրիր քո ամենասիրելի բանաստեղծությունն ու տուր ինձ,- ասում եմ:
Ռոլանդը քրքրում է թղթերը, հետո դրանցից մեկը պարզում է ինձ: Ես կարդում եմ բարձրաձայն:
-Փոքրիկ սրտիս մեջ կա մի մեծ անկյուն,
Ասես օվկիանոս շատ մեծ ու սիրուն,
Ու այդ անկյունում արեւից պայծառ
Կա մի սուրբ անուն՝ գրված ոսկետառ:
Այդ մեծ անկյունում անչափ սիրով լի
Ապրում է էակն ամենաբարի,
Ով իր ձեռքերով մետաքսից փափուկ
Ինձ ջերմացրել է մանուկ հասակում:
Ու թե մի օր էլ մի տեղս ցավել է,
Իր մի համբույրով նա ինձ բուժել է,
Այդ էակը սուրբ սրտով ջերմագին
Մայրս է՝ մեր տան չքնաղ թագուհին:
Ռոլանդի աչքերը փայլում են, հայացքից սեր ու քնքշանք է կաթում: Դեմքը փոխվել է, ասես քիչ առաջ ինձ հետ զրուցող տղան չլինի: Մի քանի օր հետո նա մոր կողքին կլինի՝ այս մտքից սրտիս մեջ ինչ-որ տաք ալիք է խլրտում…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Ազգային բանակ