Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐ. ՎԱՐԴԱՎԱՌ



ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐ. ՎԱՐԴԱՎԱՌՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

 

Սիրելի՛ զինվոր, դու գիտես, որ ամեն տարի հունիս ամսից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում հայ ժողովուրդը տոնում է սիրելի տոներից մեկը` Վարդավառը, որը հայոց եկեղեցին անվանում է Քրիստոսի Պայծառակերպության տոն, եւ այն Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Ուզում ենք հիշել նաեւ այդ հինգ տոները` Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն կամ Զատիկ, Պայծառակերպություն կամ Վարդավառ, Աստվածածնի վերափոխում կամ Խաղողօրհնեք եւ Խաչվերաց:

Այս հինգ տաղավար տոներից է Վարդավառը, որի մասին էլ ուզում ենք պատմել։

Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ: Նոր Կտակարանում գրված է, որ Քրիստոսը Հովհաննես, Հակոբոս եւ Պետրոս առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս Քրիստոսը իր աշակերտների առաջ պայծառակերպվում է, այսինքն` նրա դեմքը սկսում է փայլել արեգակի նման, իսկ զգեստները սպիտակում են լույսի պես. «Դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»:

Պայծառակերպվելով` Քրիստոսը ոչ միայն հայտնում է իր Աստծու Որդի լինելը, այլ նաեւ ցանկանում է ասել, որ այդպես պայծառ ու լուսավոր  կլինեն բոլոր արդար ու ազնիվ մարդիկ:

Տոնի պատմությունը գալիս է դեռեւս հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի սիրո, ջրի, պտղաբերության եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնին մեծ ու փոքր, տղամարդ ու կին կժերով, սափորներով ու դույլերով իրար վրա ջուր էին լցնում: Ասում են, որ ջրային այս խաղերն սկսվել են դեռ ջրհեղեղի ժամանակներից: Վարդավառի ջրային խաղերը հնում սկսվում էին աղավնի թռցնելով: Ինչպես գիտենք, Նոյի ուղարկած աղավնին վերադարձավ` բերելով կտուցին պահած ձիթենու մի ճյուղ: Տեսնելով այդ ճյուղը` Նոյը հասկացավ, որ ջրերն աստիճանաբար ցամաքում են: Ավանդության համաձայն` այս տոնը հաստատել է Նոյ նահապետը: Նա պատվիրել է իր որդիներին տարին մեկ անգամ իրար վրա ջուր լցնել, որպեսզի չմոռանան ջրհեղեղը:

Ժողովուրդը սիրո, ջրի, պտղաբերության եւ գեղեցկուհի Աստղիկին վարդեր էր նվիրում, աղավնիներ բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Ամենից պայծառ, հոտավետ ու գեղեցիկ ծաղիկը վարդն է: Այն համարվում է ծաղիկների թագուհին, եւ ի պատիվ վարդի նաեւ տոնը անվանել են ՎԱՐԴԱՎԱՌ: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին: Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, եւ որտեղ կատարվել են զոհաբերություններ` ի պատիվ ջրի հովանավորող ոգիների: Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են նաեւ անձրեւ խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն:

Վարդավառը նաեւ բերքահավաքի հետ կապվող տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարիքն ապահովող աստվածություններին: Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները` ծաղկեփնջեր են նվիրել միմյանց, կազմակերպել ջրախաղեր, ծաղիկներով զարդարել են նաեւ անասունների ճակատները:

Գրիգոր Տաթեւացին տոնի` Վարդավառ անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով, ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս Քրիստոսն է մինչեւ այլակերպությունն իր մեջ կրում աստվածային էությունը եւ պայծառակերպվելով` հայտնում իր Աստվածությունը:

Վարդավառի տոնը կամ Պայծառակերպությունը Հայոց եկեղեցին 2019 թվականին նշում է հուլիսի 28-ին` Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Հոգևոր-մշակութային


25/07/2019