Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՄարտական դիրքերը բնակավայրերից հեռու չեն, բայց անտեսանելի են՝ երկնամերձ բարձունքներում:

Գյուղից զորամաս ու մարտական դիրքեր հեռավորությունը մեծ չէ, տղաները մի քանի կիլոմետր են հաղթահարում և հայտնվում իրենց երկրորդ տանը՝ հենակետում։

-Պայմանագրային ծառայության մեջ եմ 2000 թվականից: Արդեն 20 տարի առաջնագծում եմ:

Դիրքի ավագի քսանամյա ծառայության ականատեսն ու ներշնչանքը որդին է, որը մանկուց հորն ավելի շատ տեսնում է համազգեստով, զենքն ուսին, դիրքերի ճանապարհին։

-Էս առաքելությունն էնքան եմ կարեւորում, որ տղայիս էլ եմ համոզել դառնալ հայրենիքի պաշտպան ու ինձ փոխարինել,- ասաց դիրքի ավագ Արամ Ղուկասյանը:

Խրամատի յուրաքանչյուր մետրը հարազատ է, իրենք են փորել, հատուկ ենթակառուցվածքներ ստեղծել, ինժեներական լուծումներ մշակել։ Դիտակետերն անխոցելի են, դիրքապահները՝ փորձառու և միշտ պատրաստ մարտի։

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ-Շատ զգոն ենք, մեր ուշադրությունից ոչինչ չի վրիպում, լավ զինված ենք, ուզածի պես,- վստահեցնում է պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Պողոսյանը:

Հենակետի տղաները գիտեն հերթապահության ոսկե կանոնը՝ զգոնությունն ու մարտական պատրաստությունը պետք է բարձր լինեն, վտանգը կարող է ծագել ամեն պահի, ամեն կողմից, հետևաբար, անհրաժեշտ է հետևել զինվորական կարգին ու ծառայության առաջնահերթություններին։

Իրենց անմիջապես թիկունքում ծննդավայրն է՝ Արծվաբերդը, Չորաթանը, Այգեձորը։ Եվ հենց սահմանապահ համայնքներում անցկացրած մանկությունն ու պատանեկությունն են բոլորին դիրքեր բերել, դիրքապահ դարձրել։

-Մեր թիկունքում մեր գյուղերն են, մեր ընտանիքները: Մենք ամուր կանգնած ենք եւ անհրաժեշտության դեպքում՝ ցույց կտանք մեր ոգու եւ զենքի ուժը,- ասում է պայմանագրային զինծառայող Էդվարդ Մադյանը:

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Ազգային բանակ


25/07/2019