ԵՐԲ ՔՈՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՎՃԻՌԸ
Հովհաննես Դավթյանը դեռ զինկոմիսարիատում անմիջապես աչքի ընկավ, զարմացրեց իր մասնագիտական իմացությամբ. ավիաէլեկտրիկ է: Գերմանիայի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ թողնելով ավիացիոն ընկերությունում աշխատանքը, բարեկեցիկ կյանքն ու սիրելի մարդկանց, որ ծառայի հայրենիքին: Չնայած հասունացման շրջանը Գերմանիայում է անցել, ու իր հաղորդակցման հիմնական լեզուն եղել է գերմաներենը, Հայաստան վերադառնալուց հետո շատ արագ վերականգնել է մայրենին: Գեղեցիկ, վարժ հայերեն է խոսում՝ թեթև առոգանությամբ. Փորձում է ճշգրիտ ընտրել բառերն ու արտահայտությունները: Գերմաներենից բացի, տիրապետում է ռուսերենին ու անգլերենին: Մինչև Գերմանիա մեկնելը 8 տարի ըմբշամարտ է պարապել: Մեկ տարի հաճախել է «Փոքր Մհեր» կրթահամալիր: «Ինչո՞ւ որոշեցիր Հայաստան վերադառնալ»՝ հարցիս պատասխանում է. «Ոչ որևէ մեկից ավելի եմ և ոչ էլ պակաս, ինչո՞ւ չծառայեմ»: Հովհաննեսը 12 տարեկան էր, երբ մեկնեցին Գերմանիա: Աշխույժ, խելացի ու հետաքրքրասեր տղան այնտեղ ապրած ութ տարիների ընթացքում հասցրեց ոչ միայն հմտանալ իր սիրելի՝ պարկուր մարզաձևում, այլև հավաստագրված մարզիչ դառնալ: Գերմանական դպրոցների տրամադրած հնարավորությունից օգտվելով՝ իրեն դրսևորեց մի քանի մասնագիտական ուղղություններում: «Փորձել եմ առևտրի ոլորտում աշխատողի, վարսավիրի, ավտոմեխանիկի ու մի քանի այլ մասնագիտություններ, բայց երբ հնարավորություն ունեցա շփվելու ինքնաթիռների հետ… դա ինձ համար մի ամբողջ աշխարհ դարձավ: Հիմա դա իմ կյանքի ադրենալինն է»: Մասնագիտական ուսումնառության չորս տարիների ընթացքում Հովհաննեսը Շտրաուբինգ քաղաքի օդանավակայանում «Ավիոնիք Շտրաուբինգ» ընկերությունում գործնական աշխատանքով էր զբաղվում և միաժամանակ մասնագիտական տեսական գիտելիքներ ստանում Մյունխենի հեղինակավոր դպրոցներից մեկում:
«Մեր ընկերությանը դիմում էին ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական խնդիրներով: Բոլոր երկրներից հաճախորդներ ունենք՝ Ռուսաստանից, Չեխիայից, ԱՄՆ-ից և այլն: Անպայման չէ, որ տեխնիկան այնպիսի անսարքություն ունենա, որ չկարողանա օդ բարձրանալ: Ամենաճիշտն այն է, որ հենց օդում ստուգես, գտնես անսարքության պատճառը: Երբ թռչում ես, ու երբ հատկապես քամու հոսանքը քեզ ուժգին թափ է տալիս այս ու այն կողմ, պետք է և՛ քեզ պահես, և՛ օդանավը…, աներևակայելի զգացումներ ես ունենում: Ես հիմա երբեք գլուխս չեմ բարձրացնում՝ տեսնելու, թե ինչ ինքնաթիռ է թռչում. ձայնով եմ որոշում»:
2016-ը շրջադարձային եղավ Հովհաննեսի կյանքում. առանց այդ էլ հայրենիքը ջերմորեն սիրող ու կարոտող տղան տագնապալի լուրեր էր ստանում հայրենիքից, ցավով էր լսում հերոս տղաների զոհվելու լուրը:
«Մինչև այդ էլ շատ էր կարոտում իր երկիրը,- պատմում է մայրը՝ Լիլիթը,- բայց քառօրյայից հետո վերջնական որոշում ընդունեց, ու ես հարգեցի այդ որոշումը: Ազդվել էր, հատկապես՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերջին հաղորդագրություն-ուղերձից: Այն ժամանակվանից որոշեց ծառայության անցնել հայրենիքում, հնարավորության դեպքում՝ իր մասնագիտությամբ օգտակար լինել հայրենիքին, հատկապես, որ ռազմական ավիացիայի հետ էլ է գործ ունեցել»:
Հովհաննեսին ու նրա մորը՝ Լիլիթին, առաջին անգամ հանդիպեցի զորակոչից մի քանի օր առաջ: Այն մարդկանցից են, որ իրենց անկեղծությամբ ու անմիջականությամբ միանգամից տեղավորվում են սրտիդ մեջ:
«Գերմանիան իմ երկրորդ երկիրն է,- ասում է Հովհաննեսը: -Այնտեղ շատ ընկերներ ունեմ, կյանքիս շատ լավ իրադարձություններ այնտեղ եմ ապրել, բայց Հայաստանն առաջին տեղում է. ի՛մ հայրենիքն է: Ոչ մի երկիր նրան չի կարող փոխարինել: Վստահ եմ, որ հայը միայն իր երկրում կարող է լավ զգալ»:
«Մեծ նշանակություն ունի նաև դաստիարակությունը,-որդու միտքը շարունակում է Լիլիթը,- ներաշխարհը, թե ինչ հայացքների տեր է: Այո՛, Գերմանիայում Հովհաննեսը բարեկեցիկ կյանքով է ապրել, նրան բարձր վարձատրվող աշխատանք էին առաջարկում, բայց նա վճռեց հաղթահարել դժվարություններն ու փորձել ի՛ր երկրին օգտակար լինել: Այժմ, դեռ բանակ չգնացած, փորձում է բանակային կյանքի դրական կողմերը տեսնել. որոշել է՝ ծխելը կթողնի, սպորտով կզբաղվի»:
«Գերմանիայում դու պարկուրի մարզիչ էիր. ի՞նչ կպատմես այդ մարզաձևի մասին»: «Կոչվում է «Պարկուր ու ազատ վազք»: Սա ոչ միայն մարզաձև է, այլ մի ամբողջ փիլիսոփայություն: Կամքի ուժ է ձևավորում, թույլ է տալիս հաղթահարել ներքին արգելքները, մտավախությունները և հաստատուն քայլեր անել: Տեխնիկապես սա քաղաքային պայմաններում տարածությունն ու դժվարությունները հաղթահարելու արվեստ է. առանց կանգնելու՝ ուղիղ գծով վազում ես Ա կետից Բ կետը՝ ճանապարհին հանդիպած արգելքները հաղթահարելով: Լուրջ մարզումներն սկսվում են 12 տարեկանից, բայց մինչև 50 տարեկան մարզվողներ կան: Ինքս սկսել եմ պարապել Երևանում՝ «Թումոյի» այգում: Գերմանիայում շարունակեցի պարապմունքները: Մեկ տարի անց ինձ առաջարկեցին որպես մարզիչ աշխատել: Գերմանիայում մարզիչներին հատուկ պահանջներ են ներկայացվում. նախ՝ պետք է երեխաների հետ աշխատելու թույլտվություն ստանաս: Հոգեբաններն են քննություն ընդունում»: Երեխաների նկատմամբ սերը և գթասրտությունը Հովհաննեսին մինչև զորակոչվելը բերեցին Երևանի մանկատներից մեկը. ուզում էր որևէ ձևով օգտակար լինել, ուրախացնել մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող փոքրիկներին: Մոր ու փոքր եղբոր հետ ժպիտ ու քաղցրեղեն պարգևեց ծնողական սիրո կարիք ունեցող երեխաներին, որոնց ուշադրությունն անմիջապես Հովհաննե՛սը գրավեց. «Իսկ նա ո՞վ է»,- հարցնում էին: «Զինվոր է»: Երեխաները, պարզվում է, գիտեին այդ բառի իմաստը: Գեղեցիկ սևաչյա աղջիկը բռնելով Հովհաննեսի ձեռքը՝ դժվարությամբ, բայց արտաբերեց. «Զինվորը պաշտպանում է»: Իսկ սայլակի մեջ նստած տղաները հպարտությամբ ասացին, որ երբ մեծանան, իրենք էլ զինվոր են դառնալու…
«Իմ վերադարձին այստեղ տարբեր կերպ են վերաբերվում,-ասում է Հովհաննեսը: -Հաճախ չեն հասկանում, թե ինչու, բարեկեցիկ կյանքն ու երկիրը թողած, եկել եմ այստեղ ծառայելու: Բայց, օրինակ, երեկ տաքսու վարորդն ինձ հարցուփորձ անելուց հետո ոչ մի կերպ չէր ուզում ճանապարհավարձը վերցնել: Հարազատության այս զգացողությունը ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»:
Հովհաննեսին հաջորդ օրը հանդիպեցինք հավաքակայանում: Հերթով անցավ բոլոր ընթացակարգերը, փորձեց զինվորական առաջին կերակուրը, հագավ զինվորական հագուստը, որն ասես հենց իր համար էր կարված, վիճակահանությամբ ընտրեց իր հայրենիքի սահմանապահ զորամասերից մեկը: Հպարտ էր. արդեն զինվոր Է:
Բաժանումը ամենահուզառատ պահն է: Երբ Լիլիթն արդեն գրկել էր իր զինվոր որդուն, հուզվեց. խոստովանեց՝ իր համար ամենադժվարն այն է, որ օրեր անց ստիպված է լինելու հեռանալ երկրից. «Չեմ կարողանալու հաճախ տեսակցել տղայիս: Բայց զինվոր որդիս հայրենիքում է, ու սա ինձ ուժ է տալիս: Տղաս ինձ մի ոտքով ամուր կապեց հայրենիքին: Մտածում ենք ընտանիքով վերադառնալու մասին: Ուրախ եմ, շատ հպարտ եմ: Ապրի՛ ինքը: Այս պահին, կարծում եմ, հայրենիքից ավելի կարևոր բան չկա: Հիմա կգնա, կկանգնի իր պես զինվորների կողքին ու կհասկանա, որ ինքը այս տղերքից մեկն է»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում