ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔԵՐԸ
Հրաձիգ զինվորի հիմնական զենքն է եղել ռուսական երեքգծանի` 7,62 մմ-ոց «Мосин-Наган» հրացանը, որն արձակում էր 7,62×54 R մմ-ոց փամփուշտներ (ռուսական «գիծը» հավասար է անգլիական դյույմի մեկ տասներորդին` 2,54 մմ, ուստի երեք գիծը հավասար է 7,62 մմ-ի): Կային նաեւ գերմանական «Mauser 98» (7.92×57 մմ-ոց փամփուշտներ) եւ ֆրանսիական «Lebel» (8×50 R մմ-ոց փամփուշտներ) հրացաններ: Չի բացառվում նաեւ խիստ սահմանափակ (մի քանի տասնյակից մինչեւ հարյուր միավոր) քանակությամբ այլ տեսակի հրացանների առկայությունը եւս: Ֆրանսիական հրացանը նույնպես մնացել էր ռուսական բանակից, իսկ գերմանականը թուրքական բանակից էր վերցվել` որպես ռազմավար: Բոլոր երեք հրացաններն էլ առաջնակարգ զենքեր էին, իրենց ժամանակի լավագույն հրացանները:
Այն ժամանակվա հրաձգային զենքի մասին պատմող աղբյուրներում երբեմն հանդիպում են «արագազարկ» կամ «արագաձիգ հրացաններ» արտահայտությունները, որոնք կարող են շփոթի մեջ գցել այսօրվա ընթերցողին. կարող է թվալ, թե խոսքը ինքնաձիգների մասին է: Իրականում վերը նշված տեսակի հրացանները այն ժամանակ արագազարկ էին համարվում նախկին միակրականի «Berdan», «Dreyse» եւ այլ հրացանների համեմատ, քանի որ ունեին 5 եւ ավելի փամփուշտ եւ համեմատաբար արագ էին լիցքավորվում:
Հայոց բանակի զենքերի քանակի հարցը մինչեւ հիմա էլ լուրջ քննարկման թեմա է: Որոշ տվյալներով, ռուսական բանակի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությանը մնացել էր 100000 երեքգծանի հրացան, 1 միլիարդ փամփուշտ, 3000 թնդանոթ, 3000 գնդացիր եւ այլն: Ըստ իս, այս տվյալները հավաստի չեն: Ռուսական կովկասյան ռազմաճակատն անգամ լավագույն ժամանակներում չուներ 3000 հրանոթ կամ գնդացիր: 2000-ից քիչ պակաս հրանոթ ուներ Ա.Բրուսիլովի ամբողջ ռազմաճակատը 1916թ. իր հայտնի ճեղքման ժամանակ, իսկ կովկասյան ռազմաճակատում ամենաբարենպաստ պայմաններում անգամ ռուսական զորքերը չեն ունեցել նույնիսկ 1000 հրանոթ: Այդ դեպքում ինչպե՞ս հայկական զորքերին բաժին հասավ 3000 միավոր հրանոթ: Նույնը վերաբերում է նաեւ գնդացիրներին: Ի դեպ` Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հրետանիով լավագույնս համալրված գերմանական բանակն ուներ մոտ 6500 տարատեսակ հրետանային միջոցներ` 3,8 միլիոնանոց բանակի համար:
Կասկած են հարուցում նույնիսկ հրացանների եւ փամփուշտների քանակի վերաբերյալ այդքան մեծ թվերը: Եթե դրանք համապատասխանեին իրականությանը, հայկական բանակը կարող էր մի քանի տարի ընդհանրապես զենքի մատակարարման մասին չմտածել: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված էր զենքի եւ հատկապես զինամթերքի սուր պակասի խնդիր լուծել իր գոյության ամբողջ ընթացքում:
Բազմաթիվ աղբյուրների համաձայն` 1920թ. ամռանը «դաշնակցային պարտավորությունների իրականացման» շրջանակում Մեծ Բրիտանիան «օգնություն ուղարկեց» Հայաստանին: Իրականում, սակայն, հուլիսի 5-ին Բաթում հասած նավի բերած ռազմական օգնությունը Հայաստանին վաճառվել էր: Բերվել էր 25 000 միավոր «Ross Mark II» կամ «Ross Mark III» կանադական հրացան, 400 միավոր «Vickers» գնդացիր եւ մոտ 58 000 000 փամփուշտ (երկու զինատեսակներն էլ նախատեսված էին 7.7x56R մմ-ոց (.303 British) փամփուշտի համար), ինչպես նաեւ մեծ քանակությամբ պարեն, հագուստ եւ այլն:
Անգլիական գնդացիրներն հաճախ անվանում են «թեթեւ «Maxim», ինչը ճիշտ չէ, իրականում անգլիական վերը նշված «Vickers» գնդացիրն ամերիկյան «Maxim» գնդացրի տարատեսակն է: Երբեմն նշվում է նաեւ, որ մեր բանակն ունեցել է «թեթեւ գնդացիր», որն, ըստ երեւույթին, ռուսական բանակից մնացած եւ արդեն կիրառված «Lewis» գնդացիրներն են` սահմանափակ քանակությամբ, որոնք եւս կրակում էին անգլիական փամփուշտներ: Սրանք համարվում էին ձեռքի գնդացիրներ եւ շատ հարմար էին կիրառության համար: Սակայն դրանք արդեն «Maxim»-ի հետ քիչ կապ ունեին:
Կանադական վերը նշված հրացանները հայկական աղբյուրներում երբեմն սխալմամբ անվանում են «Բոշ»: Այս հրացանների մասին հայկական աղբյուրներում հիմնականում բացասական գնահատականներ կան: Մեր զինվորականներն ու ղեկավարները դրանք համարում են ծանր, անհարմար եւ անպիտան: Պետք է խոստովանել, որ այստեղ դժգոհությունները հիմնականում չափազանցված են, թեպետ այս զենքն, իհարկե, իդեալական չէր: Կարո Սասունին նշում է, որ հրացանի արձակած փամփուշտների զգալի մասը չէր պայթում, ինչը անհեթեթ պնդում է: Նախ` նման զենքի փամփուշտները չպիտի պայթեին, այլ` գնդակները, սակայն նման բան էլ չէր կարող լինել: Այս փամփուշտների գնդակները փայթող տարատեսակ չունեին:
Միգուցե խնդիրը զենքի հաճախակի խափանվելն ու չկրակելն էր, ինչը երբեմն հնարավոր էր, սակայն այդ դեպքում հիմնական խնդիրը պիտի կապված լիներ ոչ թե հրացանի, այլ փամփուշտի հետ, մինչդեռ այս զենքը նախատեսված էր 7.7x56R մմ-ոց (.303 British) հիանալի փամփուշտների համար, որոնք կիրառվում էին նաեւ այլ զենքերով կրակելիս: Չափազանցություն է նաեւ զենքի ծանր լինելը: «Ross Mark III»-ը կշռում էր 3,90 կգ, հայկական բանակի հիմնական երեքգծանի հրացանը` քիչ ավելի:
Եթե կանադական հրացանների հետ կապված լուրջ խնդիր կար, ապա դա հուսալիությունն էր: Պատահական չէ, որ կանադական զորքերը հրաժարվեցին այս զենքի կիրառությունից: Խնդիրներ կային` կապված զենքի որոշ բաղկամասերի եւ մասնավորապես` փակաղակի հետ: Կանադական զորքերն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «Բոշը» հաճույքով փոխարինում էին նույն փամփուշտը կիրառող անգլիական «Lee-Enfield» հրացանով: Այնպես որ, այս հրացաններն Հայաստան ուղարկելով` անգլիական հրամանատարությունը միաժամանակ ազատվում էր իր համար անպիտան զենքի խմբաքանակից: Մեծ Բրիտանիայի կողմից ուղարկված այդ հրացանների անպետքությունը նշում է նաեւ Անգլիայի ապագա վարչապետ Ստենլի Բոլդուինի որդին` Օլիվեր Բոլդուինը, ով փոխգնդապետի կոչումով ծառայում էր հայկական բանակում:
10 000 միավոր հնացած «Gras» ֆրանսիական հրացան եւ 4 000 000 փամփուշտ Հայաստանին փոխանցեց Հունաստանը: Դրանք 1920թ. օգոստոսին Բաթում է հասցնում «Էլեֆթերիա» շոգենավը: Մինչ օրս հայտնի չէ, թե այս հրացանի կոնկրետ որ տեսակն է մատակարարվել, սակայն որն էլ լիներ, արդեն հնացած էր: Այս զենքի նույնիսկ վերջին` «1885» մոդելն արդեն հնացած էր համարվում, հիմնական թերությունը 11 մմ-ոց փամփուշտն էր` իր վատ բնութագրերով: Աշխարհում վաղուց անցել էին 8 մմ-ից փոքր փամփուշտներին:
Վերոնշյալ զենքերի փոխադրման ծախսը հոգաց Հայաստանը: Ռուս գեներալ Դենիկինը տրամադրել էր երեքգծանի հրացանի 3 մլն փամփուշտ, իսկ գեներալ Վրանգելը` հրետանային արկեր: Զենքի մի մասը մեր երկիրը ստիպված էր թողնել Վրաստանին` որպես տարանցման վարձ: 1919թ. Հայաստանի կառավարությունը ֆրանսիական կողմին ցանկություն էր հայտնել գնելու 10 000 միավոր «Lebel», որը շատ թանկ էր: 1920թ. ամռանը ֆրանսիացիներն ամեն կերպ ցանկանում էին Հայաստանին վաճառել «Lebel» հրացանների մեծ խմբաքանակ: Սակայն դրանց ձեռք բերելու մասին որոշակի տեղեկություններ մեզ հայտնի չեն: Կա միայն աղքատիկ տեղեկություն այն մասին, որ 1920թ. հոկտեմբերի 29-ին Փոթի է հասել ռազմամթերքի ֆրանսիական օգնության երկրորդ մասը: Սա նշանակում է, որ եղել է նաեւ առաջին մասը: Հավանաբար, «Lebel» հրացանների նախնական քանակը, այնուամենայնիվ, գնվել է, կամ դրանց ինչ-որ քանակի համար Հայաստանը ստիպված էր ձեռք բերել զինամթերք, որովհետեւ ֆրանսիական հրացանների փամփուշտները համատեղելի չէին ո՛չ ռուսական եւ ո՛չ էլ անգլիական զենքերի հետ: Ըստ այլ տեղեկությունների` ֆրանսիացիները Հայաստան էին ուղարկում ռուսական հրացաններ:
Հայկական բանակը գրեթե միշտ ունեցել է գնդացիրների պակաս: Խնդիրը ոչ միայն դրանց քանակն էր, այլեւ փամփուշտները, որոնց ծախսը գնդացիրների դեպքում շատ մեծ էր: Հայկական բանակում կիրառվում էին ռուսական «Maxim»-ներ, քիչ քանակությամբ` անգլիական «Vickers», ամերիկյան «Lewis» եւ «Colt Browning M1895» գնդացիրներ:
Ռուսական գնդացիրները անգլիական «Vickers»-ների արտոնագրված տարբերակներն էին, որոնք արտադրվում էին 1910 թվականից:
Ամերիկյան վերջին գնդացրի եւ դրա փամփուշտների տեսակները հայտնի չեն: Հավանաբար, եղել է «M1895/14» տեսակի գնդացիր, որոնցից ԱՄՆ-ն առաքել էր Ռուսաստան եւ Մեծ Բրիտանիա: Դրանք կիրառում էին անգլիական վերը նշված փամփուշտները: Այս տարբերակի հավանականությունը մեծ է: Սակայն բացառված չէ, որ եղել են նաեւ այլ տեսակի փամփուշտներ: Մոտավորապես 800-1000 հայ զինվորներին բաժին էր ընկնում մոտ 4 գնդացիր: Ստացվում է մեկ գնդացիր` 250 զինվորի համար:
Հայկական բանակի սպայական եւ շարքային կազմի որոշ մասը զինված էր նաեւ ռուսական բանակի հիմնական «Nagant» թմբկավոր ատրճանակներով (7,62×38 մմ փամփուշտով): Սակայն բոլորի կողմից առանձնահատուկ սեր էր վայելում մեծ տարածում գտած «Mauser K-96» ուղիղ փամփշտատուփով ատրճանակը (7,63×25 մմ փամփշտով): Այս զենքի հետ կապված զավեշտալի պատմություններ կան, այն դարձել էր նաեւ ջոկատների անվանման հիմք: Չարաբաստիկ «Մաուզերիստների» մասին շատերը գիտեն: Նման զենքերով զինված ջոկատները հաջողությամբ էին գործում դիվերսիոն գործողությունների ժամանակ: Նման գործելաոճին հետեւում էր հատկապես Գ.Նժդեհը:
Այսպիսով, հայկական բանակի հրաձգային զենքերը բազմազան էին, ինչն այնքան էլ լավ նախապայման չէր բանակի համալրման համար:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ