ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Մի տարեց ծանոթ կին պատմեց հետեւյալը. «Երբ որպես բուժքույր հերթապահում էի Երեւանի հիվանդանոցներից մեկում, այդ օրը մի ծանր հիվանդ բերեցին, որն արտաքնապես առողջ էր երեւում, բայց անհասկանալի մի ցավից անընդհատ գոռում էր ու օգնություն խնդրում։ Բժիշկները շատ քննեցին, բայց այդպես էլ ոչինչ չհասկացան, ու միայն ցավազրկող դեղեր էին տալիս, որոնք, միեւնույնն է, չէին օգնում։ Ինձ նշանակեցին նրան խնամող։
Նստած էի գիշերը հիվանդի անկողնու մոտ, հանկարծ նա մի պահ կարծես ուշքի եկավ իր ցավերից ու ինձ տեսնելով` ասաց. «Քուր ջա՜ն, ինձ փրկություն չկա, իզուր մի՛ չարչարվեք, Աստված պատժում է ինձ` Տիրամոր եկեղեցու խաչը գցելու համար»։
Ու այդ դժբախտը պատմեց, որ երբ ինքն ընդունվել է կոմերիտմիության (կոմունիստական երիտասարդական միության) շարքերը, իրեն, որպես կոմերիտականի, առաջադրանք են տվել` վայր գցել Նորքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչը: Ու քանի որ շատերն են հրաժարվել այդ անելուց, իրեն մեծ գումար են խոստացել, որի կարիքն ուներ ամուսնանալու համար։ Ինքն էլ համաձայնել է։ Եվ ասում է.
«Երբ Խաչը մի կերպ տեղից պոկեցի ու գետնին գցեցի, շատերը դրանից հետո ասում էին` թե որ Աստված կա, ինչո՞ւ այդ տղան անպատիժ մնաց»։
Եվ այդ խեղճ մոլորյալը խոստովանեց, որ ինքն էլ էր այդպես մտածում, բայց երբ հարսանիքի օրը եկավ, ու արդեն պետք է գնային հարսի հետեւից, հանկարծ ինքը ոտքի ու ձեռքի մատներում անհասկանալի ու խիստ ծակոցներ է զգացել, որոնք գնալով այնքան են սաստկացել, որ ստիպված բերել են հիվանդանոց։
Այս խոստովանությունից հետո նա այլեւս ոչ մի բառ չասաց, կարծես այդ բոլորն ինձ պատմելով` Աստծուն էր խոստովանում։ Բժիշկները բոլոր հնարավոր միջոցներով մի քանի օր պայքարեցին նրա կյանքի համար, բայց ապարդյուն. մի շաբաթ չանցած` երիտասարդը մեռավ»…
Մ.ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «Խաչապատում» գրքից
Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Հոգևոր-մշակութային