ԳՐՈՂԸ՝ ԱՐԵՎԻ ԵՐԿՐԻՑ
Զրույց արձակագիր ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ
-Տիկին Աբգարյան, ավելի քան 25 տարի Դուք ապրում, ստեղծագործում եք Մոսկվայում, բայց Ձեր գրականությունը հիմնականում Հայաստանի ու հայկական միջավայրի մասին է: Այնքան է ներծծված հայկականությամբ, որ հայտնի գրաքննադատներից մեկը իրավացիորեն ասաց, որ Դուք գրում եք հայերեն՝ ռուսերեն բառերով:
-Այո՛, դա, որպես գրողի, ինձ տրված ամենաբարձր գնահատականն է, եւ որով շատ հպարտանում եմ:
-Ի՞նչ ակունքներից է սնվում Ձեր գրականությունը: Ի՞նչ հիշողություններ են ամբարել Ձեր հոգին ու միտքը մանկության ու պատանեկության հանգրվաններում:
-Ես տավուշցի եմ, Բերդում եմ ծնվել, որն իմ մանկության տարիներին կոչվում էր Շամշադին: Պապս պատմաբան էր ու ասում էր, որ Տավուշ նշանակում է Արեւի երկիր: Արաբ նվաճողներն են այդպես անվանել իմ ծննդավայրը: Այն շատ բնորոշ է Տավուշին, ու իմ մանկության գույների մեջ շատ լույս ու արեւ կար: …Տատս մեծ, կլոր անցքով տաք հաց էր թխում փռան մեջ, կիսում էր, մեջը կարագ, պանիր ու կանաչի էր դնում, հացի երկու կեսերը միացնում էր իրար, հետո հացը ձեռքով մաս-մաս էր անում ու բաժանում մեզ: Այդ անուշ համը դեռ քիմքիս է: Բերդում գրեթե բոլոր տների դարպասների մոտ ահռելի թթան ծառեր կային: Մենք բարձրանում էինք ծառը, հարմար տեղավորվում ճյուղերին, իսկ ներքեւում, նստարանին նստած՝ զրուցում էին մեր մեծերը: Մինչեւ հիմա, երբ իմ երազներում մանկության պատկերներ են հայտնվում, ես այդ ամենին նայում եմ բարձրից, ասես ծառի վրա լինեմ:
Մայրս Գանձակից էր: Մորական պապիս աչքի առաջ ադրբեջանցիները սպանել էին հորը: Տարիներ անց պապս փողոցում պատահաբար հանդիպում ու ճանաչում է մարդասպանին: Հետևում է նրան, հարմար պահ գտնելով՝ կրակում նագանով ու հանձնվում ոստիկանությանը: Մեր տանը մի նկար կար, որտեղ պատկերված էր գաղութում պապիս հիմնած ջազ-բենդի համերգը: Այս պատմությունը խոր հետք է թողել իմ հուզաշխարհում:
Մորս մայրը ռուս էր, ու նրա շնորհիվ ես դեռ մանկուց եմ ռուսերեն խոսել: Մայրս ռուսերենի ուսուցչուհի էր, ես ավարտել եմ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուսերենի բաժինը: Սա էլ պատմեցի, որպեսզի կանխեմ հարցը, թե ես ինչո՞ւ եմ ռուսերեն գրում: Իհարկե, սկզբում փորձել եմ հայերեն գրել, բայց չստացվեց:
-Ձեր «Շարունակել ապրել» գիրքը Արցախյան պատերազմի մասին է, Դուք Բերդո՞ւմ էիք, երբ սկսվեց պատերազմը, թե այդ ամենին հետեւել եք Մոսկվայից:
-Ուսանող էի, երբ պատերազմն սկսվեց: Ես ապրել եմ այդ ամբողջ մղձավանջը: Հայրս բժիշկ էր, նա քնում էր միջանցքի ծայրին, դռան մոտ, որպեսզի, երբ վիրավորներ բերեն, կարողանա առանց մյուսներին արթնացնելու արագ դուրս գալ տնից: Մենք բոլորս էինք քնում միջանցքում, որովհետեւ ռմբակոծության ժամանակ միջանցքն ամենաապահովն էր: Ես այն սերնդից եմ, որն ակամա, կյանքի փորձությամբ սովորեց պատերազմի այբուբենը: Օրինակ՝ իմացավ, որ եթե կրակոցի ձայնը լսել ես, ուրեմն՝ գնդակը քեզ չի դիպել: Ես այն սերնդից եմ, որ լիուլի առավ պատերազմի դասերը: Մի անգամ ես, հայրս ու չորս տարեկան եղբայրս բաց դաշտում ընկանք ռմբակոծության տակ: Ոչ մի քար, ոչ մի թուփ չկար, որ կարողանայինք պատսպարվել: Նստեցինք հորս մեքենան ու կրակի տակ ճանապարհվեցինք տուն: Անտեսելով մահվան վտանգը՝ ճանապարհին հայրս օգնեց ռմբակոծության տակ մնացած այլ մարդկանց…: Այդ ընթացքում ամեն պահի արկը կարող էր մեզ վրա ընկնել: Սրանք իմ կյանքի ամենաազդեցիկ դասերն էին:
Ես ուսանողական հանրակացարանում էի ապրում, երբ մի օր դուռը բացվեց, ծնողներս ներս մտան՝ չորս մանկահասակ երեխաների հետ (կրտսեր եղբայրս 5 տարեկան էր այդ ժամանակ): Մայրս ասաց, որ երեխաներին հանձնում է իմ խնամքին, իսկ իրենք պետք է վերադառնան Տավուշ: Ես՝ ուսանող աղջիկ, երեխաների հետ մնացի երևանյան հանրակացարանում, իսկ ծնողներս գնացին… Որքան խնդրեցի, չհամաձայնեցին ապրել ինձ հետ Երեւանում: Մայրս ասաց՝ մենք պիտի Բերդում լինենք, հայրդ բժիշկ է, չե՞ս հասկանում:
-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Մոսկվայում:
-Ծնողներս փող էին հավաքել, որ ես գնամ Մոսկվա ու շարունակեմ կրթությունս: Չգիտես ինչու՝ համոզված էին, որ ես պիտի նշանակալի հաջողությունների հասնեմ մեծ քաղաքում: Հետո պարզվեց, որ այդ փողը համարժեք է 200 դոլարին, ու ես 200 դոլարը ձեռքիս ճանապարհվեցի Մոսկվա: 200 դոլարն արագ սպառվեց: Ես շատ ծանր օրեր եմ ունեցել Մոսկվայում, բայց չէի կարող վերադառնալ տուն ու հուսախաբ անել ծնողներիս, որոնք անասելի զոհողությունների գնով էին հավաքել այդ փողը ու մտածում էին, որ դա իմ մեծ թռիչքի առաջին քայլն է: …Եվ ես սկսեցի աշխատել բանկում: Հետո ընկերուհուս խորհրդով հաշվապահություն սովորեցի ու դարձա Ռուսաստանի ամենավատ հաշվապահը: Հիշում եմ հարկային աշխատողների դժկամ հայացքները, երբ գնում էի հաշվետվություն հանձնելու: Իմ հաշվետվության մեջ այնքան անճշտություններ կային, որ ուրիշների հաշվետվությունը տեւում էր րոպեներ, իմը՝ մի քանի ժամ:
-Մինչեւ հիմա պատմվածք գրելու մասին ոչ մի խոսք չեք ասել:
-Որովհետեւ շատ ուշ եմ սկսել գրել: Մոսկվայում ոչ մի գործ չէի կարողանում գտնել, որը փոքր-ինչ կփոխեր նյութական վիճակս, չէի կարողանում հաջողել եւ ոչ մի բնագավառում: Դա էլ քիչ չէր, բժիշկները ախտորոշեցին, որ ես ծանր հիվանդություն ունեմ՝ ցրված սկլերոզ: Դա մի հիվանդություն է, որից մարդը պարզ գիտակցությամբ՝ կորցնում է շարժվելու ունակությունը: Ինձ երեք տարի ժամանակ էին տվել:
-Ապրելո՞ւ…
-Չէ՛, շարժվելու: Ես շտապում էի այդ երեք տարվա ընթացքում լավագույնս օգտագործել շարժվելու շնորհը: Ու… սկսեցի գրել: Չեմ կարող բացատրել՝ ինչո՞ւ, չեմ կարող նկարագրել՝ դա ի՞նչ մղում էր:
-Ի՞նչ էիք գրում:
-Սոցցանցում պատմում էի իմ մանկության մասին, տավուշցիների մասին: Զարմանքով տեսա, որ իմ պատմությունները դուր են գալիս մարդկանց: Նրանք գրում էին, որ իմ հուշերը նրանց տանում են անցյալ ու շատ նման են իրենց հիշողություններին, իրենց ապրածին: Մի օր էլ ինձ մի հրատարակիչ զանգեց եւ ասաց, որ ուզում է իմ պատմությունները գիրք դարձնել: Այդպես ծնվեց «Մանյունյան»:
-Փաստորեն, հրատարակի՛չը գտավ Ձեզ, ոչ թե Դուք՝ հրատարակչին:
-Իմ մտքի ծայրով չէր անցնի, որ կարող եմ գրքի հեղինակ դառնալ: «Մանյունյան» հրատարակվեց 3 հազար տպաքանակով, եւ, բոլորիս համար անսպասելի, սպառվեց երկու շաբաթում: Բնականաբար, վերահրատարակվեց: Երկար ժամանակ ես չէի ցանկանում ընդունել այն փաստը, որ գրող եմ: Դա ինձ վախեցնում էր: Ես փախչում էի այդ ահռելի պատասխանատվությունից: Բայց այլընտրանք չկար. ուզում էի գրել: Երբ լույս տեսավ իմ առաջին գիրքը, օրեր անց բժիշկները հերքեցին ցրված սկլերոզ ախտորոշումը: Ասես՝ այն հատուկ ինձ դեպի գրիչը մղելու համար էր «նախատեսված», իր գործը կատարեց ու գնաց:
-Գիտեք՝ ինչի՞ց եմ ապշում, ինչպե՞ս կարող է այդքան տխուր, այդքան մեծ ցավ ունեցող մարդը գրել զվարճալի պատմություններ փոքրիկ աղջկա մասին: Լացող մարդը ինչպե՞ս կարող է ծիծաղեցնել:
-Ես իսկապես չգիտեմ, գուցե դա իմ կռիվն էր ճակատագրի դեմ, գուցե դա ենթագիտակցական մղում էր, ներքին որոշում, որ ընդամենը երեք տարով տրված շարժվելու, խոսելու, գործելու ունակությունը ես պիտի օգտագործեմ մարդկանց ուրախացնելու համար, գուցե դա իմ վերջին երկխոսությունն էր աշխարհի հետ, ու ես բացեցի մանկությանս պատուհանները:
-Ինը գիրք, թարգմանություններ 12 լեզվով, գրական մրցանակներ, ճանաչում, փառք…
-Այո՛, ես արդյունավետ եմ աշխատել: Որդիս՝ Էմիլը, կատակում է, որ իմ «արագությունը» կրկին հաշվապահ աշխատելու սարսափելի հեռանկարից խուսափելու պատճառով էր:
-Մի հարցազրույցի ժամանակ ասացիք, որ այլեւս չեք գրելու պատերազմի մասին: Ինչո՞ւ:
-Ես մոտ 40 պատմություններ էի առանձնացրել, որոնք պետք է դառնային 40 պատմվածքներ ու հանգրվանեին «Շարունակել ապրել» գրքում: Բայց գրելու ընթացքում պարզվեց, որ սյուժեներն ու կերպարները ինձ չեն ենթարկվում, նրանք ապրում են իրենց ճակատագիրն ու պարտադրում են հետեւել իրենց ընթացքին: Դա տաժանակիր աշխատանք է, երբ ենթագիտակցությունդ փորձում է ազատվել ինչ-որ տեղ՝ խորքերում թաքցրած ցավից: Երեսուն պատմվածք գրելուց հետո ես հիվանդացա: Ու էլ չշարունակեցի: Գիտեք, պատերազմն ավարտվում է թղթի վրա, ինչ-որ փաստաթղթերի ստորագրությամբ, բայց դեռ մի 40-50 տարի ապրում է այն տարածաշրջանում, որտեղ կրակոցներ են հնչել, մարդիկ են զոհվել… Քո հոգին, լարելով ինքնապաշտպանական ուժերը, ինչ-որ տեղ անթեղում է պատերազմի ցավը, որպեսզի կարողանա շնչել, իսկ դու պատմվածք գրելով՝ հրում-արթնացնում ես անցյալը, քչփորում ես ցավը…Սա գրողի Խաչն է:
-Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ է արտասահմանցի ընթերցողը սիրում Ձեր գրականությունը, ինչո՞ւ է կարդում, ասենք, Բերդում ապրող փոքրիկ աղջկա, նրան շրջապատող մարդկանց կամ պատերազմի մասին: Ընդ որում, Ձեր մանկական գրականությունը, իրավամբ, համարում են գրականություն մեծերի համար:
-Որովհետեւ իմ հղումները համամարդկային են: Մարդը սիրում է կարդալ մարդու մասին, մարդը միշտ կարիք ունի մարդկային պարզ ուշադրության, սիրո, ջերմության, հոգատարության…
-Ու այդ ամենը մատուցվում է իմաստուն պարզությամբ, անպաճույճ, առանց հուզելու ճիգի…
Տիկին Աբգարյան, վերջերս դիրքե՞ր էիք բարձրացել:
-Այո՛: Զինվորը մեր երկրի ամենակարեւոր մարդն է: Նա պաշտպանում է մեր հողն ու կյանքը, մեր տարածքն ու այդ տարածքի վրա գոյություն ունենալու մեր հնարավորությունը: Սահմանին կանգնած զինվորը բարոյականություն է թելադրում թիկունքին: Ու մենք պարտավոր ենք նրա սահմանումներով ապրել: Մենք մեծ ու պաշտպանված, կուշտ ու ապահով ազգի անհոգությամբ ենք վատնում մեզ տրված ժամանակը: Դա կարող է կործանարար լինել: Բոլոր տրամաբանական հաշվարկներով՝ մենք պիտի համալրեինք պատմության գիրկն անցած ազգերի շարքը, բայց կանք այսօր: Ու չի՛ կարելի պարտվել այն դեպքում, երբ դուրս ես եկել ամենադաժան օրհասներից: Չի՛ կարելի պարտվել անկախ երկրում, եթե հաղթել ես պետականություն չունենալով: Մենք պիտի փոխենք սեփական պատմության ընթացքը, սեփական կենսագրությանն ուղղված մեր հայացքն ու ինքներս մեզ գնահատելու չափանիշները: Մենք ցեղասպանված ազգ չենք, ինչպես հաճախ հնչում է տարբեր ամբիոններից: Մեզ փորձել են ցեղասպանել, բայց չեն կարողացել: Շատերն են փորձել մեզ դուրս նետել պատմության ընթացքից, բայց չեն հաջողել: Մենք հաղթել ենք: Ու ներկա եւ գալիք սերունդները պարտք ունեն իրենց հաղթած նախնիների ծանր մաքառումի ու դժվար հաղթանակի առաջ: Հայրենիքը մեծ, ծաղկուն, երջանիկ դարձնելու պարտք: Մեզ այսօր բացառիկ հնարավորություն է տրված ուժեղ պետություն կառուցելու: Բացառիկ: Մենք պիտի վերջապես ազատվենք մռայլ, ցավագին, բացասական հույզերից: Մեզ գեղեցիկ, վեհացնող, բարձրացնող պատմություններ են պետք: Դուք գրեցիք Ժորա Աբգարյանի մասին, որի եղբայրը՝ Տիգրանը, հերոսաբար զոհվել է Ապրիլյան պատերազմում…
-Սեփական նախաձեռնությամբ՝ տանկով մտել էր հակառակորդի տարածք եւ լռեցրել նրա ակտիվ կրակակետերը:
-Ես շատ լավ գիտեմ այդ պատմությունը, Տիգրանը եւ Ժորան իմ զարմիկներն են: Ժորան հազարավոր անվադողեր է հավաքում, որ ամրացնի սահմանը: Մեր լրահոսը պետք է լցված լինի այսպիսի նվիրյալների մասին պատմություններով, դրական օրինակներով, հուսավառ լուրերով: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ զոհի բարդույթից ձերբազատված, ինքնավստահ, պայծառ ու բարի սերունդ բարձրանա Հայաստանում: Մենք պիտի ճիշտ գրականություն մատուցենք երիտասարդ սերնդին:
-Նախ՝ պիտի կարդալու սեր արթնացնենք:
-Կոպիտ բնութագրմամբ, ես հասարակությունը բաժանում եմ կարդացողների ու չկարդացողների: Հասարակության դիմագիծը, վարքը, արժեհամակարգը որոշվում է նրանով, թե ի՞նչ համամասնությամբ են բաժանված հասարակության մեջ կարդացողներն ու չկարդացողները, ո՞ր հատվածն է գերակշռում: Ճիշտ գրականությամբ, ճիշտ արվեստով իրենց հուզաշխարհը ձեւավորած մարդկանց հոգում գերակա են սերը, հանդուրժողականությունը, մեղմությունը, անանձնական մղումները, վեհ գաղափարները, մեծ, ազնիվ գործերը: Մենք իրավունք չունենք անծրագիր ապրելու, մեր նավը հանձնելու ծովի քմահաճույքին: Մենք պիտի իմանանք, թե ուր ենք գնում ու ղեկը ամուր բռնենք:
-Տիկին Աբգարյան, շնորհակալ եմ հրաշալի զրույցի համար, Ձեր գրականությունը վայելելու մեծ բավականության համար:
-Ես շատ եմ ուրախանում, երբ իմ օտարազգի ընթերցողներն ասում են, որ Հայաստանը բացահայտել են հենց իմ պատմվածքներով: Նույնիսկ եկել են Հայաստան՝ սեփական աչքերով տեսնելու մեր երկիրը: Շատ եմ ուրախանում, երբ արտերկրում մեծ կարողություններ ունեցող իմ ընկերները տեղափոխվում են Հայաստան՝ իրենց սերը, աշխատանքն ու գումարները ծառայեցնելու հայրենիքին: Շուտով իմ ընտանիքը նույնպես կտեղափոխվի հայրենիք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ՀԱՄԼԵՏ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում