Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՍԽՐԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ



ՄԻ ՍԽՐԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸԵրբ խմբագրությունում ծանոթացա Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսի 80-ամյա դստերը, լսեցի նրա հոր զարմանալի սխրանքի եւ անցած փառավոր ուղու մասին, կրկին համոզվեցի, թե որքան շատ են մեր հերոսական հայրերի նմանօրինակ պատմությունները, եւ դեռ որքան բան անհայտ է մեզ… Տիկին Վիվա Սավոյանի՝ իր հետ բերած փաստաթղթերից ու վկայություններից բացի, մեծ հետաքրքրությամբ քարտեզի վրա գտա այն վայրերը, որտեղ մեր հայրենակիցը 1941 թ. ամռանը՝ պատերազմի հենց առաջին օրերին, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր անցել դաժան, աշխարհացունց պատերազմի թոհուբոհի միջով, կատարում էր իր զինվորական ու մարդկային պարտքը:

 

1941 թ. հունիսի 24:  Բոբրույսկի ռազմատրակտորային ուսումնարանի պետ, փոխգնդապետ Պյոտր Բուդնիկովը պաշտպանության նախարար, Խորհրդային Միության մարշալ Տիմոշենկոյից հրաման է ստացել. «Ուսումնարանի ուժերով պաշտպանություն կազմակերպե՛լ Բերեզինա գետի արևելյան մասի երկայնքով: Թույլ չտա՛լ թշնամու առաջխաղացումը դեպի արևելք»:

Այդ ուղղությամբ անմիջապես հակատանկային պաշտպանություն է կազմակերպվում: Ուսումնարանի պետի հրամանով պաշտպանական գործողությունների ղեկավար է նշանակվում Բոբրույսկի ռազմատրակտորային ուսումնարանի կրակային փուլի ուսուցիչ, կապիտան Վարդան Մարտիրոսի Սավոյանը: Պաշտպանական  դիրքերում տեղադրվում են  երեք 76 մմ թնդանոթներ:

Հունիսի 27: Վաղ առավոտյան, հրետանային հուժկու կրակ տեղալով պաշտպանական դիրքերի ուղղությամբ, հակառակորդի մոտոհետևակային և տանկային առաջատար ստորաբաժանումներն անցնում են հարձակման՝ Բոբրույսկ-Ռոգաչով ուղղությամբ:  Թշնամու տանկերը առաջ շարժվելիս կրակ էին վարում, իսկ հրետանին խորքից աջակցում էր: Հուժկու գրոհը կարճ ժամանակում բազում կյանքեր է խլում: Ողջ մնացած խորհրդային մարտիկները կենաց-մահու մարտ էին վարում…

Կապիտան Սավոյանը ապահովում է ձախակողմյան՝ Բոբրույսկ-Ռոգաչով ճանապարհի պաշտպանությունը: Շատ մոտ պայթում է արկը: Բեկորային վնասվածքներից զոհվում է թնդանոթի նշանառուն, իսկ հրամանատարը ծանր վիրավորվում է: Զենքը լռում է… Թե ի՜նչ կամքի ուժով է խրամուղում պայթյունից ցնցակաթված ստացած և հողի շերտի տակ մնացած կապիտան Սավոյանը արագ սթափվում ու տեսնելով, որ թշնամին շարժվում է դեպի իրենց դիրքը, նետվում դեպի թնդանոթը, լիցքավորում ու սպասում մինչև առջևից ընթացող տանկի մոտենալը, աներևակայելի է պարզապես: Առաջին իսկ դիպուկ կրակով նա խոցում է թշնամու հրասայլը:  Մյուս տանկերը կատաղի հարվածներ էին հասցնում դիրքի ուղղությամբ, սակայն արկերը պայթում էին այս ու այն կողմ, իսկ երիտասարդ կապիտանն ասես չէր էլ նկատում: Նա միայնակ հրանոթային կրակ է վարում՝ քարշ տալով մոտեցնում արկերը, լիցքավորում, նշան բռնում ու կրակում: Շուտով արդեն նրա դիպուկ կրակից խոցվում է երկրորդ տանկը, հետո երրորդը… Նրան հաջողվում է թշնամու վեց տանկ խոցել. չորսը այրվում են տեղում:

Կապիտան Սավոյանի սխրանքից ոգեշնչված՝ Բերեզինայի ափին այդ ընթացքում մղվող արյունալի կռիվներում իրենց հերոսաբար են դրսևորում ուսումնարանի բոլոր կուրսանտները: Ցավոք, հերոսներից շատերը հենց այստեղ էլ կնքում են իրենց մահկանացուն: Ըստ ականատեսների՝ պաշտպանական առաջին գծում՝ Ուգլա և Շատկովո գյուղերի միջև ընկած հատվածում, Բերեզինա գետը կարմրել էր արյունից…

Կապիտան Սավոյանն այս ճակատում մարտնչում է մինչև հուլիսի յոթը: Այնուհետև նա գործուղվում է Խորհրդային Հայաստան՝ մասնակցելու Հայկական դիվիզիայի ձևավորմանը: Դրա կազմում մասնակցում է Հյուսիսային Կովկասում ֆաշիստական զորքերի ջախջախմանը, Նովոռոսիյսկի, Ղրիմի ազատագրմանը, վիրավորվում է… Հետագայում զբաղեցնում է հրետանային գնդի հրամանատարից մինչև հրետանային բրիգադի շտաբի պետի պաշտոնները՝ գնդապետի ուսադիրներով և գեներալական հաստիքով: Մարտական սխրանքների և անբասիր ծառայության համար Վարդան Սավոյանը պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով ու մեդալներով: Սավոյանի սխրանքը նկարագրված է գեներալ-գնդապետ Լ.Սանդալովի երկու գրքերում:

ՄԻ ՍԽՐԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ…Բոբրույսկի պաշտպանների սխրանքը չէր կարող մոռացվել: Գերմանական զավթիչներից քաղաքի ազատագրման 75-ամյակի առթիվ Բոբրույսկ քաղաքի բնակիչները կրկին մեծարեցին իրենց քաղաքի հերոսական պաշտպաններին: Բոբրույսկի գավառագիտական թանգարանի տնօրինությունը գնդապետ Սավոյանի դստերը՝ 80-ամյա տիկին Վիվային (Վերա), հրավիրեց մասնակցելու տոնակատարությանը:

«Մեծ էր Բոբրույսկ գնալու ցանկությունը,-  ինձ հետ հանդիպմանը պատմեց տիկին Վիվան,-  բայց հնարավորություն չունեի: Գրությամբ աջակցություն խնդրեցի վարչապետից: Դիմումս մակագրել էին պաշտպանության նախարարությանը, և, հուրախություն ինձ, այս հարցում ինձ աջակցեց պաշտպանության նախարարությունը, և իմ ճամփորդությունն ստացվեց: Անչափ շնորհակալ եմ նման հոգածության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Ասեմ, որ այցս իրոք շատ կարևոր էր, և, կարծում եմ, նախախնամություն էր, որ այդ օրերին Բոբրույսկում էի…»:

…Պատերազմի ավարտից անմիջապես հետո գնդապետ Սավոյանն այցելել է Բոբրույսկ, տեղի գավառագիտական թանգարանին է հանձնել իր անձնական իրերը, նաև՝ զինվորական պլանշետը: Վ.Սավոյանը մահացել է 1967 թ., բայց ընտանիքը մինչև օրս կապ է պահպանում թանգարանի հետ, և հենց այս հաստատության տնօրենը՝ Նատալյա Արտեմչիկն էր հրավիրել գնդապետ Սավոյանի դստերը: (Ի դեպ, ինձ նույնպես այս թանգարանի աշխատակիցներն աջակցեցին՝ արխիվային լուսանկարներ հայթայթելով ու տրամադրելով):

Մինչև դստեր այցը, շատերը նրան ճանաչում էին միայն որպես Բոբրույսկի հերոսական ինքնապաշտպանության ղեկավարի և տեղյակ չէին նրա սխրանքի մանրամասներին…

Տիկին Վիվան գոհունակությամբ ինձ պատմում էր, թե Բելառուսում ինչ մեծ ջերմությամբ են  շրջապատել իրեն: Այդ օրերին նա ներկա է եղել տոնակատարության բոլոր կարևոր միջոցառումներին: Տիկին Վիվային անակնկալ են մատուցել. ուղեկցել են ռազմատրակտորային ուսումնարան, որը պատերազմից հետո միակ կանգուն մնացած շինությունն էր: «Անպայման ուզում էի լինել նաև Բերեզինա գետի այն հատվածում, որտեղ հայրս է կռվել: Պարզվեց՝ ուզում էին անակնկալ մատուցել ինձ.  չէին ասել, որ հուլիսի 2-ին հենց այդ տեղանքում հերոսաբար զոհված կուրսանտների հուշաքարն է բացվելու»:

Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը խոսք է ասում հերոս հրամանատարի դուստրը: Նա իր շնորհակալությունը հայտնելուց հետո պարզաբանում է, որ Բոբրույսկի գավառագիտական թանգարանում հոր նկարի տակ տեղադրված ցուցանակում նշված է, թե Բոբրույսկի ազատագրական մարտերում, Բերեզինա գետի ափին ռազմատրակտորային ուսումնարանի կուրսանտներն են վեց գերմանական տանկ խփել: Սակայն ինքը փաստաթղթեր է բերել, որոնք վկայում են, որ կապիտան Վարդան Սավոյանը հունիսի 27-ի պաշտպանական մարտերում, փոխարինելով զոհված նշանառու Ռյումինին, թնդանոթից անձամբ վեց տանկ է խփել: Այս փաստը ներկաների համար անակնկալ էր: Նատալյա Պետրովնան խոստացել է այդ հարցը լուծել: Ի դեպ, մինչ այս հոդվածը պատրաստ կլիներ հրապարակման, տիկին Վիվան տեղեկացրեց, որ Բոբրույսկի գավառագիտական թանգարանում արդեն իսկ կատարել են խոստացված փոփոխությունը: Այժմ արդեն Վ.Սավոյանի նկարի տակի ցուցանակում նշված է, որ հենց նա է շարքից հանել թշնամու 6 տանկերը:

Տիկին Վիվան մի հետաքրքիր դեպք էլ հիշեց. «Երբ գեներալ-գնդապետ Սանդալովը Երևան էր այցելել՝ Հովհաննես Բաղրամյանին հանդիպելու, Սպայի տանը հավաքվել էին բոլոր բարձրաստիճան զինվորականները, նաև՝ հայրս: Նրան տեսնելով՝  գեներալ Սանդալովը ցույց է տվել գնդապետի կուրծքը զարդարող շքանշաններն ու հարցրել. «Իսկ որտե՞ղ է քո Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղը», ներկայացվածների ցուցակում դու առաջինն էիր: Անձամբ եմ ներկայացրել…»: Երբ հայրս հետագայում փորձեց տեղեկություններ ստանալ, Բելառուսից պատասխան եկավ, որ ցուցակները, ցավոք, չեն պահպանվել:

ՄԻ ՍԽՐԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸՀայրս,- մտքերի մեջ ընկնելով ասաց տիկին Վիվան,- պատերազմի մասին գրեթե ոչինչ չէր պատմում,- միայն այն, որ թնդանոթի մոտ փոխարինել էր զոհված  նշանառու Ռյումինին և 6 տանկ խփել»: Հոր խոսքերից հատկապես  մի արտահայտություն է տպավորվել դստեր հիշողության մեջ. «Մի անգամ միասին կռվի մասին ֆիլմ էինք դիտում: Նայեց, նայեց, տխուր ժպտաց ու ասաց. «Շատ գեղեցիկ ֆիլմեր են նկարահանում. իրականում պատերազմի դեմքը սարսափելի է…»:

Վարդան Սավոյանը ղարսեցի էր: Երբ սկսվեցին թուրքական ջարդերը՝ նա ինը  տարեկան էր: Տեսել էր, թե ինչպես են թուրքերը գլխատել հորը: «Մի ուրիշ պատմություն էլ կա. հայրս Ղարսում Հարություն անունով ընկեր է ունեցել,- պատմում է տիկին Վիվան:- Հիվանդ տղա է եղել, իսկ հիվանդներին ողջ-ողջ փոսն էին նետում ու հողով ծածկում: Հայրիկս տեսել է, թե Հարությունին ինչպես են փոսը նետել: Գիշերով թաքուն փորելով՝ հանել է ընկերոջը, փրկել նրա կյանքը: Հարությունը հետագայում հայտնի բժիշկ է դարձել:

…Երբ 1941 թ. պատերազմն սկսվեց, մենք ապրում էինք Բոբրույսկի մեր գեղեցիկ երկհարկանի տանը:  Այդ օրը երբեք չեմ մոռանա, տասնմեկամյա քույրիկս վախեցած  ներս վազեց ու տագնապած սկսեց գոռալ. «Մա՛մ, պատերա՜զմ, պատերա՜զմ»: Մայրս բարկացած սաստեց. «Հիմարություններ մի՛ դուրս տուր»: Երբ դուրս եկավ, տեսավ, թե ինչպես էին փողոցներով մարդիկ գլխապատառ վազում… Հորս հրահանգով մեր ետևից զինվորներ եկան և մեզ անմիջապես կայարան ուղեկցեցին: Տեղավորեցին գնացքի մութ, առանց պատուհանների ապրանքատար վագոնում: Մայրս և մենք՝ երեք երեխաներս, ուղևորվեցինք Երևան: Յոթ ամիս տևեց մեր գալը: Գերմանացիները գիտեին, որ այդ գնացքում զինվորականների ընտանիքներ են, անընդհատ ռմբակոծում էին: Մեր կողքի վագոնը պայթյունից օդ թռավ»:

Տիկին Վիվան հուզմունքով դեռ երկար խոսում էր հոր մասին և ափսոսում, թե ինչո՞ւ ժամանակին չի փորձել ավելին իմանալ նրա զինվորական կյանքի մասին:

Այժմ գնդապետ Վարդան Սավոյանի մարտական փառքի վկայությունների մի մասը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում: Իսկ նրա յուղանկարը, որ հեղինակել է եղբայրը՝ գեղանկարիչ Եփրեմ Սավոյանը (նրանք երկուսով մեծացել են Գյումրիի մանկատանը), տիկին Վիվան օրերս հանձնեց ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանին: Այստեղ են նաև նույն հեղինակի չորս այլ գեղանկարները, որոնք պատկերում են հայազգի գեներալների:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Արեգ Վարդանյանի, նաև՝ տարբեր արխիվներից

Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


01/08/2019