ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հուլիսի 23-ին և 25-ին անցկացվեցին պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության ռազմականացված և ԶՈՒ հաստիքային պայմանագրային պահպանության ստորաբաժանումների պետերի (հրամանատարների) մեթոդական հավաքներ:
ՀՀ զինված ուժերում ներդրված գերատեսչական պահպանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինծառայության անվտանգության ապահովման վարչությունը, և օրերս անցկացված պահակային ստորաբաժանումների պետերի մեթոդական հավաքները ղեկավարեց վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը:
Այս ծառայության առանձնահատկությունն այն է, որ քաղաքացիական անձանցից ընտրությամբ կազմավորվում է գերատեսչական պահպանության ստորաբաժանում, այնուհետև օբյեկտների պահպանության համար այդ նույն աշխատակիցներից նշանակում են պահակային խմբեր, որոնք զինծառայողներ չեն։
Գերատեսչական պահպանության աշխատակիցներին աշխատանքի ընդունում, ազատում, կարգապահական պատասխանատվության է ենթարկում կամ խրախուսում ռազմական օբյեկտի պետը (զորամասի հրամանատարը)՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակում։
Գերատեսչական պահպանության աշխատակիցները մասնագիտական պատրաստություն են անցնում համապատասխան ծրագրով և եռամսյակը մեկ անգամ կատարում են պարտադիր հրաձգության վարժություն։
Արտասահմանյան մի շարք երկրներում պաշտպանական գերատեսչությունների զորամասերի և կազմակերպությունների, այդ թվում նաև՝ ռազմական օբյեկտների պահպանության գործառույթներն ակտիվորեն փոխանցվում են, այսպես կոչված, «քաղաքացիական պահակներին», ինչպես պահպանության անհատ (մասնավոր) կազմակերպությունների, այնպես էլ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ուժերով: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինծառայողները գործնականում «զրկված են» թիկունքի, սպառազինության, ինժեներական օբյեկտների պահպանության գործում պահակային ծառայությունում ընդգրկվելու «հաճույքից»: Այս գործառույթներն սկսել են կատարել զորամասերի կազմում հատուկ ձևավորված ռազմականացված պահպանության խմբերը:
Նման փորձ վաղուց արդեն ներդրվել է նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների բանակներում, որտեղ զորամասերի ունեցվածքի պահպանման ապահովմանն առնչվող ընթացակարգը իրականացնում են մասնավոր պահպանության ընկերությունները: Իհարկե, խոսքը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության մասին չէ, որոնց նմանատիպ խնդիրները, որպես կանոն, կատարում են հատուկ նշանակության զինվորական ստորաբաժանումները: Մեր պարագայում ևս այդպես է, և պատահական չէ, որ երկու տեսակի պահակային ստորաբաժանումների պետերի հավաքներ ենք անցկացնում:
…Ուսումնական ավանում անցկացվող պարապմունքներով մասնակիցներին ներկայացվեցին ժամապահի և պահակախմբի գործողությունները հրդեհի ժամանակ, ցուցադրվեց պահակախմբի նախապատրաստման ու փոխարինման, պահակային ծառայության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև զենքի լիցքավորման և լիցքաթափման կարգը` ըստ զինատեսակի:
Գործնական պարապմունքներից հետո սկսվեց տեսական պարապմունքների փուլը, որի ընթացքում ներկայացվեցին գործող գերատեսչական պահպանության կանոնակարգի իրավական պահանջները:
Հավաքը եզրափակվեց մասնակիցների տեսական գիտելիքների յուրացման աստիճանը գնահատող թեստային ստուգարքով: Արդյունքների ամփոփումն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ էր, քանի որ այս անգամ անբավարար գնահատական ստացողներ չկային:
Ինչպես նշեց վարչության պետը՝ նախորդ հավաքների արդյունքների համադրմամբ կարող ենք փաստել, որ որակապես բարձրացել է գերատեսչական պահպանության պետերի պատրաստության մակարդակը, նրանք լիարժեք տիրապետում են պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության գործող կարգի հիմնարար դրույթներին, եւ տարիների կուտակած փորձը արգասիքն է այսօրվա լավ արդյունքների:
Ըստ գնդապետ Ա.Պետրոսյանի՝ պաշտպանության նախարարության համակարգում ներդնելով գերատեսչական պահպանության համակարգը, ՊՆ-ն լուծում է նաև սոցիալական կարևոր մի հարց՝ ՀՀ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման հարցը: Ավելի հստակ՝ շնորհիվ գերատեսչական պահպանության ներդրված ծառայության, Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 1500 ընտանիք ապահովված է աշխատատեղով: Գերատեսչական պահպանությունում ընդգրկված անձնակազմի 94 տոկոսը ՀՀ ԶՈՒ-ում զինվորական ծառայություն անցած անձինք են, որոնց շարքային կազմի 52 տոկոսը, իսկ ղեկավար կազմի` 98 տոկոսը զինթոշակառու սպաներ են:
Ներկայումս աշխատանքներ են տարվում գերատեսչական պահպանության աշխատակիցների որակական ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ: Մեծ ուշադրություն դարձնելով ընտրությանը՝ անհրաժեշտ հաստիքապաշտոնային փոփոխությունների արդյունքում աստիճանաբար հնարավորություն է ընձեռվում քառահերթ ծառայություն իրականացնելու համար:
Հաջորդ տարի ծրագրված իրավանորմատիվային փոփոխության արդյունքում արդեն իսկ նկատելի կլինի աշխատանքի ընդունվել ցանկացողների թվի աճ, որն էլ «կադրային դաշտ» կապահովի եւ հնարավորություն կընձեռի հրամանատարներին աշխատակիցների որակյալ ընտրություն կատարելու եւ դրանով իսկ ծառայության որակը բարձրացնելու: Գերատեսչական պահպանության հետագա ընդլայնումը հնարավորություն կընձեռի նաեւ ապահովման բազաներից բացի, այն ակտիվ ներդնելու զորային օղակում, ինչի արդյունքում պահպանությամբ կզբաղվեն «քաղաքացիական պահակները», իսկ զինծառայողները կզբաղվեն միմիայն մարտական պատրաստությամբ ու մարտական հերթապահությամբ։
Պայմանագրային պահպանության ստորաբաժանումների հրամանատարները ևս պատրաստված են լավ, բոլորն էլ բարեխիղճ զինծառայողներ են` մեծամասամբ առաջնագծում ծառայած, հետևողական աշխատում են իրենց մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ, քանի որ իրենց ենթակաների մարտավարամասնագիտական պատրաստության համար պատասխանատու են հենց իրենք:
…Հավաքների արդյունքների ամփոփմամբ արձակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանը՝ առավել պատրաստված ԳՊ ստորաբաժանումների պետերի խրախուսման վերաբերյալ:
ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
փոխգնդապետ
Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Ազգային բանակ