ԶՈՐԱԿՈՉ
Եթե ուզում ես մեկ տարի ապրել՝ ցորեն ցանիր, 1700 տարի՝ եկեղեցի կառուցիր: Իսկ եթե ցանկանում ես ապրել հավերժ՝ ցորեն ցանիր, եկեղեցի կառուցիր ու զինվոր դարձիր: Քո երկրի զինվորը…
Թիվ 2 զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ հետզհետե սաստկացող շոգից ոչ միայն չէին փորձում պատսպարվել, այլեւ ոտնատեղ էին փնտրում կանգնելու համար: Պիտի խոստովանեմ, որ զարմացած էի այս տեսարանից, քանի որ առաջին անգամ էի զորակոչ լուսաբանում: Իսկ մինչ հարազատները գրկախառնվում էին զինակոչիկների հետ, ես մտածում էի, թե որտեղից սկսեմ… Հանկարծ ուշադրությունս գրավեց գնդապետի ուսադիրներով, հաղթանդամ զինվորականը, որը մեկ առ մեկ մոտենում էր տղաներին, զրուցում հետները, ապա ջերմ ձեռքսեղմումով նրանց բարի ծառայություն մաղթում: Հետաքրքրվեցի, թե ով է այդ սպան: Ինձ ասացին, որ գնդապետը զինվորական կոմիսար Սերոբ Արմենակյանն է: Ինչ լավ մարդ է զինկոմը, բոլորին մոտենում, զրուցում է, ինչ-որ հարցեր է տալիս, համբերատար լսում պատասխանները, մտածեցի ես…
Հայացքս կանգ առավ շարքում կանգնած բարձրահասակ, ակնոցավոր ու ժպտացող երիտասարդին: Ինձ թվաց՝ նա էլ ինձ նկատեց: Եվ ես բազմության միջով, իհարկե ոչ առանց դժվարության, մոտեցա նրան: Չհասցրի լրիվ ներկայանալ, երբ զինակոչիկը զինվորական կանոնադրությանը հարիր ճշգրտությամբ ներկայացավ. Դավիթ Էլոյան, Ամերիկյան համալսարանի շրջանավարտ, մասնագիտությամբ տնտեսագետ: Դեռ չէի հասցրել հարցս ձեւակերպել, երբ Դավիթը միանգամից «վրա տվեց».
-Բարձր տրամադրությամբ եմ գնում պարտքս կատարելու: Նաեւ հոգեբանորեն եմ պատրաստ …
-Իսկ ինչո՞ւ այսքան ուշ,- փորձում եմ զրույցի բռնվել նրա հետ:
-Սովորելու պատճառով եմ մի քանի զորակոչ բաց թողել:
Զինծառայության մասին Դավիթը շատ բան չգիտի: Անկեղծանում է՝ վախ չկա, սակայն ուրիշ՝ զինվորական կյանքով ես ապրելու, որին պետք է կարողանաս համակերպվել, որպեսզի այն նույնպես դառնա քոնը…
«Իսկ որտե՞ղ կցանկանայիր ծառայել»՝ հարցիս Դավիթը պատասխանեց. «Այնտեղ, որտեղ վիճակահանությամբ կորոշվի», ու քայլերն ուղղեց դեպի հանրապետական հավաքակայան մեկնող ավտոբուսը:
Մոտենում եմ հոր կողքին լուռ կանգնած մի երիտասարդի: Ենթադրելով, որ նա նույնպես զինակոչիկ է, փորձում եմ զրույցի բռնվել հետը: Մտադրությունս կռահում է ու ժպտում: Ես ներկայանում եմ: Նա նույնպես:
Զրույցից իմացա, որ Եղիշեն տան միակ զավակն է, ուստի թե՛ իր եւ թե՛ ծնողների համար բաժանումը շատ դժվար է: Ու ես հասկացա նրա տխրության ու լռության պատճառը:
Սակայն մի քանի րոպե տեւած անկեղծ զրույցից հետո Եղիշեն մեկեն փոխվեց: Իմ առջեւ կարծես ուրիշ մարդ լիներ կանգնած
-Չէ՛, տխուր չեմ,- կարծես կարդալով միտքս՝ նկատեց նա ու շարունակեց,- պարզապես հիշողությունների գիրկն ընկա: Կինոժապավենի նման եկավ ու անցավ անհոգ օրերիս խճանկարը: Գիտեմ, որ ծառայության ընթացքում շատ դժվարություններ կլինեն, բայց ես կհաղթահարեմ դրանք։
Եղիշեն նույնպես Ամերիկյան համալսարանի ուսանող է, բայց ուսումը կշարունակի միայն երկու տարի հետո, երբ զինվորական պարտքը կատարած տուն կվերադառնա: Հարցիս, թե ո՞ւնի արդյոք ծառայության համար նախընտրելի վայր, պատասխանեց. «Որտեղ էլ որ ծառայեմ, լավ եմ ծառայելու»:
Ե՛վ Դավիթը, ե՛ւ Եղիշեն խոսեցին նաեւ զորացրվելուց հետո լավ կրթություն ստանալու մասին: Դավիթը կրթությունը կշարունակի Շվեյցարիայում՝ Ցյուրիխի համալսարանում, իսկ Եղիշեն՝ Հայաստանում:
Նորակոչիկների ավտոբուսը շարժվեց. ուղղությունը Աբովյանի Սուրբ Աննա եկեղեցին է: Ծնողների, հարազատների, վարչական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եկեղեցու հոգեւոր հովիվը օրհնեց նորակոչիկներին, իսկ նրանք էլ մոմավառություն կատարեցին: Վառված ամեն մի մոմը հավանաբար բարի ծառայության ու բարի վերադարձի խորհուրդ ուներ: Երկու տարի հայրենիքին նվիրումով ծառայելու խոստումը սրտներում՝ տղաները դուրս եկան եկեղեցուց, լուսանկարվեցին եւ նստելով ավտոբուսը, շարժվեցին դեպի հանրապետական հավաքակայան:
Դավիթին ու Եղիշեին հանդիպեցի նաեւ հավաքակայանում: Նրանք զինվորական համազգեստով արդեն շարք էին կանգնել: Ինչքան գեղեցիկ էին, ինչքան հարազատ ու սիրելի: Բոլորը սրտատրոփ սպասում են վիճակահանությանը։ Տղաները հերթով մոտենում են թմբուկին եւ բարձր հայտարարում իրենց ծառայության վայրը:
Եղիշեն ու Դավիթը կծառայեն տարբեր զորամասերում…
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում