ԵՍ ԱՐԵԼ ԵՄ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳՈՐԾԸ
Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս, երբ մարդկանց մականուններով են կոչում, առավել եւս՝ երբ մականունը «հաղթում է» մարդու իսկական անվանն ու նրան «դուրս մղում» գործածությունից: Բայց այս անգամ իմ ակնարկի հերոսին գտել եմ հենց մականունով: Մարտական ընկերները նրան կոչում են Մարշալ Սամվել: «Գեներալ էլ չէ, մարշալ»,- մտածեցի, երբ լսեցի առաջին անգամ: Մականունը ստացել է պատերազմի դաշտում: Երբ ես հետաքրքրվեցի մարշալ Սամվելով, միայն կարողացա կցկտուր ու միմյանց հետ չաղերսվող տեղեկություններ հայթայթել: Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ջոկատի հրամանատար: Զինղեկ է աշխատել Տաշքենդի դպրոցներից մեկում: Գնդապետ է: Հայկական բանակի բազմաթիվ մեդալների կողքին «Մարշալ Ժուկով» շքանշան ունի: Այժմ Երեւանի թիվ 120 հիմնական դպրոցի զինղեկն է…. Ես պարզապես չէի կարող այս հետաքրքիր ու խոստումնալի ուրվանկարը չլցնել գույներով:
Ծնվել է 1954թ. Ալավերդու շրջանի Շամուտ գյուղում: Ծնողների հինգ երեխաներից երկրորդն է:
-Իմ ծննդավայրը Շամուտը փռված է սաղարթախիտ, անտառապատ սարերի լանջերին: Գյուղը կոչվել է Շամուտ, որովհետեւ մեր հանդերում լիքը շամի կա: Շամուտը 60 ընտանիք ուներ իմ մանկության տարիներին: Չքնաղ գյուղ է, աստվածային բնությամբ: Եվ հայրս, եւ մայրս հովիվ էին, խնամում էին սովխոզի ոչխարները: Կարելի է ասել՝ ես էլ էի փոքրիկ հովիվ: Մանկության տարիներին վազվզում էի խոտերի մեջ՝ գառներին խառնված: Ես աշխույժ երեխա էի, պինդ ու քաջ: 3-6 կմ մենակ, ոտքով, անտառի միջով գնում էի, որ հասնեմ ոչխարներին: Մի անգամ թուրք չոբանի շները վրա տվեցին… Հայրս, որը ձիով իջնում էր գյուղ, հեռվից նկատում է, թե ինչպես են չոբանի գելխեղդները օղակել ինձ: Երեկ հորս 91-ամյակն էր: Հիշեց այդ դեպքը, պատմեց: Հայրս շրջում է ձիու գլուխը, ամբողջ թափով սլանում, որ փրկի ինձ՝ շատ լավ հասկանալով, որ ձին չի հասցնի մոտենալ: «Ես ասի՝ հիմի Սամվելիս բզիկ-բզիկ կանեն»՝ պատմում էր հայրս հուզված:
…Երբ տեսա, որ մի 7-8 շուն ժնգժնգացնելով մոտենում են ինձ, նստեցի քարի վրա ու անշարժացա: Շները օղակեցին ինձ ու սկսեցին պտտվել շուրջս: Մի քանի պտույտ արին գռմռալով, հետո շրջվեցին ու գնացին: Ասում են՝ շունը վախկոտի վրա է հարձակվում, նա բնազդով զգում է անվախին, ուժեղին… Ես գիտեի դա. մի տասը գամփռ էլ մենք ունեինք՝ ոչխարներին պահապան:
Սովորել է Շամուտի ութամյա դպրոցում, ապա ուսումը շարունակել Լորուտի միջնակարգ դպրոցում:
-Դպրոցական տարիներին սիրում էի պատմություն առարկան, պատմական գրքեր էի կարդում: Չար էի: Սա պիտի առաջինը ասեի, որովհետեւ գլխավորը դա էր: Բոլոր տուրուդմփոցների կիզակետում էի: Հայրս ոստիկանության ճանապարհը ջրի ճամփա էր դարձրել: Ես բոլոր հարցերը բռունցքներով էի լուծում: Ֆիզիկապես շատ պինդ էի: Հիշում եմ՝ դեռ երեխա, ձմռանը բոլորովին մերկ թավլին էի տալիս ձյուների մեջ՝ մինչեւ մարմինս ամբողջովին կարմրում էր: Ու չէի հիվանդանում… Պարծենալ եղավ, բայց ես երբեք մեկը մեկի դեմ չեմ կռվել: Լորուտի դպրոցում վիճակն ավելի բարդացավ, որովհետեւ եղածին գումարվեց մեր գյուղի աղջիկներին Լորուտի տղաներից պաշտպանելու պարտավորությունը, որ ստանձնել էի կամովին: Էս ամենը պատմում եմ, որ հետո ասեմ, թե բանակն ինչպես ինձ նման կռվարարին օրինակելի զինվոր դարձրեց:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հրետանային բարձրագույն ուսումնարան:
-Զինվորական դառնալու միտքը ինձ հուշեցին Հայոց սպարապետները, որոնց մասին կարդում էի պատմավեպերում, եւ մեր ռազմագիտության ուսուցիչ Աղաջանյանը: Հրետանային ուսումնարանում սկզբից ամեն ինչ լավ էր, հետո սկսվեցին «ազգամիջյան ընդհարումները», որոնք ավարտվում էին թեթեւ մարմնական վնասվածքներով, եւ բանը չէր հասնում ոստիկանությանը: Հետո… Հերթական ծեծկռտուքը ճակատագրական եղավ: Հակառակորդը մեզնից երեք անգամ շատ էր: Բայց 16 հոգի ընկան հիվանդանոց: Դուրս է գալիս, որ ես էլի գլուխ եմ գովում, բայց մենք՝ հայերս, լավ կռվող ենք, ես ի՞նչ մեղավոր եմ: Ուսումնարանի պետը ինձ կանչեց եւ բառացի ասաց. «Քանի որ դու ես բոլոր նմանատիպ «միջոցառումների» ղեկավարը, կամ պիտի հայտնվես բանտում, կամ պիտի զեկուցագիր գրես, որ ռուսերենին չտիրապետելու պատճառով ուզում ես դուրս գալ ուսումնարանից: Ես ընտրեցի վերջինը: Զեկուցագիր գրեցի ուսումնարանի պետի թելադրած բովանդակությամբ ու… եկա Հայաստան:
Ծառայել է խորհրդային բանակում, ստացել կրտսեր լեյտենանտի զինվորական կոչում: Զորացրվելուց հետո սովորել է Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտում:
-Մինչեւ հիմա չեմ կարող բացատրել, թե ինչպես եղավ, որ ես գլխիվայր փոխվեցի բանակում: Ես դարձա օրինակելի զինվոր, հրամանատարների աչքի լույսը: Ինձ վստահում էին, տալիս ամենաբարդ առաջադրանքները, ու ես երբեք չէի ձախողում: Օրինակելի ծառայության համար սկզբում եֆրեյտորի կոչում տվեցին: Հետո՝ կրտսեր լեյտենանտի: Ես զինծառայությունն ավարտեցի պատվոգրերի ու շնորհակալագրերի մեծ «ավարով»: Հետո սկսեցի հեռակայել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտում. աշխատում էի Բայկալ-Ամուրի մագիստրալում:
Տաշքենդի միջնակարգ դպրոցներից մեկում ռազմագիտություն է դասավանդել: 1987-ին վերադարձել է հայրենիք եւ մինչեւ 1992թ. աշխատել Կիրովականի (Վանաձոր) գյուղատնտեսական տեխնիկումում՝ որպես զինղեկ:
-Իմ գործը սիրով ու պատասխանատվությամբ էի անում: Իհարկե, ներքին մղումներս բոլորովին այլ էին, երբ եկա Հայաստան, որտեղ արդեն ազատագրական պայքարի շունչն էր, ու վերահաս պատերազմի հեռանկարը մոտենում էր օր օրի: Գյուղատնտեսական տեխնիկումի տղաներին ռազմագիտություն դասավանդելը նույնն էր, թե նրանց պատրաստես մարտական գործողությունների: Այդ տարիների երիտասարդությունը զարմանալիորեն հասուն էր, հայրենասեր ու պատասխանատու: Դա այն սերունդն էր, որ սեփական ձեռքերով իր ազգային արժանապատվությունն ու ազատությունն էր կռում օպերայի հրապարակում, հետո սխրանքներ գործեց ու հաղթեց:
1988թ. Սամվել Վանեսյանը դառնում է Գուգարքի ջոկատները եւ դարձել դրանց միացյալ հրամանատարը: Մայիսից Սամվել Վանեսյանի ղեկավարած ջոկատները արդեն պաշտպանում էին Հայաստանի սահմանները, մասնավորապես՝ Բարեկամավան, Բաղանիս, Ոսկեպար հատվածում, իսկ 1991 թ. Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ մեկնում են Արցախ: Սամվել Վանեսյանը Քարինտակի մարտերից մեկի ժամանակ վիրավորվում է:
-Մենք սկզբում 34 հոգով էինք, այնքան, որքան ավտոմատ կար գյուղատնտեսական տեխնիկումի ռազմագիտության կաբինետում: Ուսումնական զենքերը վերափոխեցինք մարտականի, մեր ջոկատի անունը դրեցինք «Գուգարք» ու գնացինք պաշտպանելու Նոյեմբերյանի գյուղերը, ուր մեզ միացան նաեւ մերձակա գյուղերի բնակիչներից կազմված փոքրաթիվ ջոկատները: Հետո մեկնեցինք Արցախ: Ես, բնականաբար, ինքս ինձ հարց եմ տվել՝ մեր ժողովուրդը ինչպես կարողացավ սովի, քաղցի, ցրտի ճիրաններում, երկրաշարժից ավերված հայրենիքով ու կոտրված հոգով հաղթել զենքով ու մարդկանց քանակով իրեն տասնապատիկ գերազանցող թշնամուն: Ու ես ունեմ իմ պատասխանը: Մենք հաղթեցինք, որովհետեւ այս պարտությունը վերջինն էր լինելու մեզ համար: Դա մեր վերջին զարկն էր, որը կամ մահ էր բերելու, կամ հաղթանակ, երրորդ տարբերակ չկար: Ու մենք ամբողջ ուժով զարկեցինք՝ անխնա, ինքնամոռաց: Յուրաքանչյուր հայ ինքն իրեն ասել էր՝ հաղթիր՝ ինչ գնով ուզում ես…
1992-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում՝ հասնելով հրթիռահրետանային վարչության բաժնի պետի պաշտոնին եւ ստանալով գնդապետի զինվորական կոչում:
-Յուրաքանչյուրս՝ ամեն հայ պիտի կառուցեր անկախ հայրենիքի իր բաժինը: Պիտի ամբողջ ուժերը, մասնագիտական ամբողջ կարողությունը ներդներ, որ հարյուրամյակների երազանք անկախությունը բարօրություն, ապահովություն ու երջանկություն բերեր իր երկրին ու ժողովրին: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իմը բանակաշինությունն է, չկա ուրիշ մի գործ, որը կանեի մինչեւ հոգու խորքը նվիրվելով: Բանակն անկախ պետության ամենակարեւոր կառույցն է, որտեղ ես դրել եմ իմ փոքրիկ քարը, որի ամրությունը նաեւ հազարավոր քարերի մեջ դրված իմ այդ քարով է պայմանավորված: Այս միտքը իմ հոգին լցնում է հպարտությամբ ու ինքնաբավ հանգստությամբ. ես արել եմ իմ կյանքի գործը:
2015-ից մինչ օրս աշխատում է Երեւանի թիվ 120 հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ:
-Ես մեր դպրոցի ամենակարեւոր ուսուցիչն եմ, որովհետեւ մասնակցել եմ Արցախյան պատերազմին, 25 տարի ծառայել եմ հայկական բանակում, իսկ այժմ աշակերտներին նախապատրաստում եմ զինվորական ծառայության եւ նախնական զինվորական պատրաստության գիտելիքներ եմ տալիս: Ես սա ասում եմ հայրենիքի պաշտպանության յուրաքանչյուր գործ բարձրացնելու ու կարևորելու համար….
Ես չեմ թերագնահատում մյուս առարկաների դերը, պարզապես դրանք անհամեմատելի են, քանի որ գիտելիքից զատ հոգու ամրություն, առաքինություններից մեծագույնի՝ հայրենասիրության, ու գաղափարներից առաջնայինի՝ հայրենիքի պաշտպանության դասեր ես տալիս աշակերտներին: Մենք շարային պատրաստությունից, զենքի կառուցվածքից առաջ միասին սովորում ենք հայրենիքը սիրելու բանաձեւը եւ զինվոր դառնալու նախադրյալներն ենք յուրացնում: Ես պարբերաբար կազմակերպում եմ աշակերտներիս ու իմ մարտական ընկերների հանդիպումը: Նրանք շփվում են Կոմանդոսի, Պարգեւ Սրբազանի ու մյուսների հետ: Պարբերաբար լինում են զորամասերում, մասնակցում ճամբարային հավաքների: Հայաստանում հրաշալի սերունդ է աճում՝ սեփական պատվի բարձր զգացումով եւ մեծ ու համարձակ երազանքներով:
…Մարդն ունի քաղաքացիական պարտք եւ ունի հոգու պարտք: Այս ամենը իմ քաղաքացիական պարտքի մասին էր: Իսկ հիմա ուզում եմ պատմել նաեւ հոգուս պարտքի մասին:
Իմ կյանքի ամենասուրբ վայրը իմ ծննդավայրում է, չորս գյուղերի՝ Շամուտ, Աթանն, Լորուտ, Ահնիձոր գյուղերի կենտրոնում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Եկեղեցին կառուցվել է 2005-ին իմ նախաձեռնությամբ ու միջոցներով: Այն իմ նվերն է հայրենակիցներիս: Այդ տարածքը նախկինում կոչվել է Մոտկոր, եւ այժմ Սրբավայրը իր 2 հեկտար ծառապատ տարածքով, հանգստի վայրով կոչվում է «Մոտկոր աշխարհի Սրբավայր»: Եկեղեցին սեւ քարից է, բակում հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված խաչքար կա, նաեւ մեր հավերժության խորհրդանիշը մարմնավորող հուշաղբյուր, մեծն Հրանտ Մաթեւոսյանի կիսանդրին:
Ի դեպ, ես Հրանտ Մաթեւոսյանի արձանը դրել եմ նաեւ Ահնիձորի դպրոցում: Տարածքի մի մասը անտառ է, մի մասը շամուտ՝ եղեւնիներ, որոնք ես եմ տնկել: Մեջը մեծ տաղավարներ՝ եկեղեցի այցելող մարդկանց հանգստի համար: Եկեղեցում առաջին մկրտությունը արել է Վեհափառը՝ մկրտելով շրջակա գյուղերի 150 երեխաների, որոնց կնքահայրը ես եմ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #30 (1301) 7.08.2019 - 13.08.2019, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում