Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱՐԾԻՎՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԷԻՆ ԼԵՌՆԵՐԻՑ…



Հրամանատարական ուազիկը լեռնային ոլորապտույտ ճանապարհով ընթանում էր առաջ։ Ինչքան բարձրանում էր, վերելքն այնքան դժվարանում էր։ Թթվածնի պակասից շարժիչի աշխատանքը մերթընդմերթ խափանվում էր, մեքենան տեղ-տեղ «ծառս էր լինում», սակայն փորձառու վարորդի հմուտ ղեկավարմամբ «սանձվում էր» եւ շարունակում դանդաղ ընթանալ լեռն ի վեր։

-Նժույգը լավ ձիավորի տակ է խաղում,- առաջինը լռությունը խախտեց ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ գնդապետ Ա. Ալեքսանյանը։

Ճանապարհը ինչպես լեռան կածան քարքարոտ էր։ Վերեւում երկնահաս ժայռեր են՝ գլուխները ցից, ներքեւում՝ անդնդախոր ձոր։ Չնայած պարզկա էր, սակայն լեռնային քամին մի այլ բան էր գուժում։

-Այստեղ եղանակն օրվա մեջ մի քանի անգամ փոխվում է, մեկ տեսնում ես արեւ է, մեկ էլ՝ անձրեւ ու կարկուտ,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սահակյանը։ Եվ երկնքին նայելով ավելացրեց. -Հնարավոր է` երեկոյան ձյուն գա։

Առաջին կանգառն արեցինք ավագ լեյտենանտ Արսեն Մկրտչյանի հրամանատարությամբ գործող հենակետում։ Դեռ չէինք հասցրել մեքենայից իջնել, երբ լսվեց «Հենակետ, զգա՛ստ» կանչը, եւ գնդապետ Ալեքսանյանին ընդառաջ գալով, ձիգ կեցվածքով երիտասարդ սպան զինվորականին վայել առոգանությամբ զեկուցեց. «Պարոն գնդապետ, հենակետում ծառայությունն իրականացվում է գրաֆիկին համապատասխան, մարտական իրադրությունն անփոփոխ է, իսկ հակառակորդը հրադադարի խախտում թույլ չի տվել»։

Ողջունելով զինվորներին` գնդապետը հետաքրքրվեց նրանցից յուրաքանչյուրի, նրանց տանեցիների առողջությամբ, ծառայության, հանգստի ու կենցաղի պայմաններով, տրվող սննդի որակով ու չափաբաժնով՝ զինվորներին հորդորելով իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնել առանց կաշկանդվելու։ Եվ երբ գնդապետը հետաքրքրվեց, թե շարքում կա՞ մեկը, որ արձակուրդ չի գնացել, պարզվեց, որ բոլորն էլ եղել են արձակուրդում, իսկ մի քանիսը` նույնիսկ երկու անգամ։

Մայոր Գեղամ Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի մարտական հերթափոխի վերջին օրն էր։ Եվ մինչ պայմանագրայինները կփոխարինեին ժամկետայիններին, գումարտակի հրամանատարի ուղեկցությամբ եղանք առաջնագծում, զրուցեցինք դիրքապահ զինվորների հետ։ Մինչ նրանց ներկայացնելը մի քանի խոսքով կուզեի պատմել գումարտակի հրամանատարի մասին։

Մայոր Գ. Մարտիրոսյանը ծնունդով Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղից է։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ ծառայության նշանակվել սահմանամերձ զորամասերից մեկում։ Նրա բարեխիղճ ու կարգապահ ծառայությունն աննկատ չի մնում, եւ հրամանատարությունը երիտասարդ սպային ուղարկում է վերապատրաստման դասընթացի։ 2010թ. սեպտեմբերին մայոր Գ. Մարտիրոսյանը նշանակվում է գումարտակի հրամանատարի պատասխանատու պաշտոնին։ Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Գոռն ու Գուժը։

-Ուզում եմ իմ ընտանիքում շատ տղաներ ծնվեն։ Այսօր մեր հայրենիքը զինվորի, պաշտպանի խիստ կարիք ունի,- մեզ հետ անկեղծանում է նա։

Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սահակյանը գումարտակի հրամանատարին այսպես բնութագրեց. «Վերին աստիճանի կազմակերպված ու կարգապահ սպա է, բարեխիղճ ու խստապահանջ, սրտացավ թե՛ իր զինվորի եւ թե՛ գործի նկատմամբ»։

-Մոտենում ենք շարքային Կարեն Ղարագյոզյանի դիտակետին,- ասաց հրամանատարը։ Դիտորդ շարքային Կարեն Ղարագյոզյանը մեզ տեսնելով ձգվեց, պատիվ առավ եւ զեկուցեց իրադրությունը։

Քարվաճառի արծիվները

-Պարոն մայոր, իմ դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից շարժ եւ հրադադարի խախտում չի նկատվել,- ապա մեզ մեկ առ մեկ ցույց տվեց հակառակորդի հենակետերը։ -Այստեղ մենք իշխող դիրք ունենք եւ թշնամուն մշտապես պահում ենք ահուսարսափի մեջ,- գյումրեցուն հատուկ վստահությամբ վստահեցրեց շարքային Ղարագյոզյանը։

Հաջորդ հենակետ ուղեւորվելիս ճանապարհին հանդիպեցինք ժամկետային զինծառայողներ շարքայիններ Տիգրան Հովիկյանին եւ Մնացական Զաքարյանին, որոնք ուսապարկերով սննդի հերթական խմբաքանակն էին տեղափոխում մարտական հենակետ։ Աստղաձորցի Տիգրանին ու կոշեցի Մնացականին զինվորական դժվարին ծառայությունը դարձրել է եղբայրներ։

Երբ փորձեցի նրանց օգնելու համար վերցնել ուսապարկերից մեկը, չկարողացա անգամ գետնից պոկել։ Տեսնելով շփոթմունքս ու զարմանքս, Տիգրանն ասաց.

-Ծանր է, պարոն մայոր, մենք սովոր ենք,- եւ ձեռքի մի շարժումով ուսելով պարկը, շարժվեց բարձունքն ի վեր։

Հաջորդ հենակետ բարձրանալիս մեզ միացավ փոխգնդապետ Ն. Հարությունյանը։

-Այս մի քանի օրում զինվորների ուժերով սարքավորվել է արգելափակոց։ Վաշտի եւ հենակետի անձնակազմի ուժերով կառուցվել է փակ դիտակետ-կրակակետ։

Շարքայիններ Տիգրան Հովիկյանը եւ Մնացական Զաքարյանը սննդի հերթական խմբաքանակն էին տեղափոխում մարտական հենակետ

Գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությանը վստահված հյուսիսարեւելյան սահմանի ողջ երկայնքով հսկայածավալ ինժեներաշինարարական աշխատանքներ են կատարվել, կառուցվել են ապահով խրամուղիներ, ապահով եւ հուսալի դիտակետեր, կրակակետեր, խրամաճեղքեր եւ արգելափակոցներ։ Եվ այս ամենը ծովի մակերեւույթից 3200-3900 մ բարձրության վրա, բնակլիմայական եւ աշխարհագրական դժնդակ պայմաններում։

Շարքային Դավիթ Սեյրանյանը դիտարկում էր կատարում հակառակորդի մարտական հենակետերի եւ լեռնանցքի ձորակի ուղղությամբ։

-Դիտարկումդ ինչ-որ արդյունք տվե՞լ է,- հետաքրքրվում եմ նրանից։

-Այո՛, պարոն մայոր, թեպետ եղանակն այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ թշնամու ոչ մի շարժ աննկատ չի մնում, պատասխանեց աչալուրջ դիտորդը` ձեռքով ցույց տալով հանդիպակաց լեռան գագաթին տեղակայված թշնամու դիտակետը: Մառախուղը կամաց-կամաց իջնում է՝ իր քողի տակ առնելով ամեն ինչ։

Ժամը 5-ի կողմերը եղանակը կտրուկ փոխվեց, եւ սկսեց ուժեղ ձյուն տեղալ։ Փոխգնդապետ Հարությունյանը հորդորեց իջնել հենակետ։ Ժամկետայիններին փոխարինելու եկած պայմանագրայիններին տեղափոխող հսկա ուրալներն արդեն հասել էին հենակետ։ Մայոր Գ. Մարտիրոսյանի գումարտակի զինվորները օգնում էին պայմանագրայիններին ոչ միայն բեռնաթափել մեքենաները, այլեւ ողջ սննդամթերքն ու հանդերձանքը տեղափոխել մարտական հենակետեր։ Ահա այսպես, չտեսնված համախմբվածությամբ ու միասնականությամբ, մեկը մյուսին նեցուկ լինելով, Քարվաճառի բարձունքներում իրենց ծառայությունն են տանում հայ զինվորները։

Հետդարձին՝ ճանապարհի մի հատվածում, անտեսելով եղանակային անբարենպաստ պայմանները, զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սահակյանը վարորդին կարգադրեց արգելակել։ Իջնելով մեքենայից՝ փորձառու հրամանատարը հայացքը հառեց ձյան սավանով ծածկվող դիմացի լեռանը եւ ակնդետ ինչ-որ բան էր դիտում։ Հետաքրքրությունից դրդված` բոլորս իջանք մեքենայից եւ յուրովի բռնելով հրամանատարի հայացքի ուղղությունը` սկսեցինք ուշադիր նայել։ Մի քանի րոպե մեզանից ոչ ոք գլխի չընկավ, թե գնդապետն ուր է նայում։

Հերթափոխից առաջ զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Հ. Դանիելյանը հրահանգավորում է հերթափոխի անձնակազմին տեղափոխող վարորդներին:

-Պարոն գնդապետ,- դիմելով անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ գնդապետ Ա. Ալեքսանյանին, ասաց,- նայեք լեռան գագաթի կողմը, ձեռքիս ուղղությամբ։ Որեւէ բան չե՞ք տեսնում։

Մի քանի վայրկյան անց փորձառու գնդապետը արձագանքեց.

-Վերեւում ինչ-որ շարժում եմ նկատում։

-Իմ արծիվներն են, իմ քաջերը։ Հերթափոխից են վերադառնում։

Մի քանի րոպե անց արդեն բոլորս պարզորոշ նշմարեցինք շարժվող կետերը, որ գնալով հետզհետե մեծանում էին, կերպարանք առնում։ Երկնահաս լեռն ի վար, բեռնված ուսապարկերով ու զենք-զրահով, լեռնային ոլոր-մոլոր փոքրիկ կածան-արահետով ցած էին իջնում հերթափոխն ավարտած գումարտակի զինվորները։

-Սպասենք մինչեւ վերջին զինվորն իջնի,- հուզված ձայնով ասաց հրամանատարը։ -Ես նրանց ցավը տանեմ։ Խնդրում եմ,- դիմելով մեզ շարունակեց հրամանատարը,- այս տղաներին լուսանկարեք ու նրանց մասին գրեք «Հայ զինվոր» թերթում։ Պատմեք, թող աշխարհն իմանա, թե ով է հայ զինվորը։ Նրանց աննկուն ոգու, երկաթե կամքի մասին գրեք, նրանց առ հայրենիքն ունեցած անսահման սիրո ու նվիրումի մասին գրեք։ Հերոս արծիվների թռիչքի ու վայրէջքի մասին գրեք։ Գրեք, պատմեք…

Հրամանատարի խոսքը կիսատ մնաց։ Նա շտապելով ընդառաջ գնաց լեռից իջած առաջին զինվորին, որի բեռը 50 կգ-ից ծանր էր։ Այդ զինվորը 2008թ. բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հաղթող, առաջին կարգային, եֆրեյտոր Վահան Հարությունյանն էր։ Նրա հետեւից գալիս էր շարքային Կառլեն Մովսիսյանը, որը Կեմերովոյի մարզի Կոտեւսկ քաղաքից կամավոր եկել ու զորակոչվել էր բանակ… Վերջում վաշտի հրամանատար կապիտան Արտակ Զաքարյանն էր։ Եվ այսպես հերթով, ամբողջովին թրջված, հոգնած, քափ-քրտինքի մեջ կորած` բարեհաջող «վայրէջք» կատարեցին Քարվաճառի հերոս արծիվները։

Եֆրեյտոր Վահան Հարությունյան և շարքային Կարեն Մովսիսյան

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

39-4-1-3 Քարվաճառի արծիվները
39-4-1-4 Շարքայիններ Տիգրան Հովիկյանը եւ Մնացական Զաքարյանը սննդի հերթական խմբաքանակն էին տեղափոխում մարտական հենակետ
39-4-1-7 Պայմանագրային զինծառայողները մեկնում են հերթափոխի
39-4-1-6 Հերթափոխից առաջ զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Հ. Դանիելյանը հրահանգավորում է հերթափոխի անձնակազմին տեղափոխող վարորդներին:
39-4-1-8 Եֆրեյտոր Վահան Հարությունյան
39-4-1-9 Շարքային Կարեն Մովսիսյան

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/10/2011