ՏԻԵԶԵՐՔԻՆ ՆԱՅՈՂ ԱՉՔԸ
Երկիր մոլորակն իր հերթական պտույտն է կատարում: Եվ Մարդը ժամանակի ու հավերժության մեջ շարունակում է ինքն իրեն ուղղել բազում հարցեր Տիեզերքի, աշխարհաստեղծման և աստվածային արարչագործության մասին: Ո՞վ ենք մենք: Ովքե՞ր էին մեր նախնիները: Ինչպիսի՞ն էր երկրագունդը հազարավոր տարիներ առաջ՝ իր կլիմայով, ծովերով ու օվկիանոսներով…Ի՞նչ են իմացել մեր նախնիները մոլորակների մասին: Որոնելով այս հարցերի պատասխանները՝ մեր ժամանակներում Մարդը տիեզերակայաններ է ստեղծում-կառուցում, գիտնականները պեղում-գտնում են հնագույն քաղաքակիրթ ազգերի թողած հիշատակությունները, ուսումնասիրում անցյալի աստղագետների աշխատությունները և, համադրելով արդի ուսումնասիրությունների հետ՝ կատարում նոր բացահայտումներ: Իսկ Մոլորակը շարունակում է իր պտույտը՝ բերելով նոր զարգացումներ և բազում նոր հարցեր…
«ԵՍ ԳԻՏԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ»
Հայկական բարձրավանդակում հազարամյակներ շարունակ ապրում և արարում է հայ ազգը: Մեր նախնիները՝ լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի կրողը, իրենց հերթին չէին կարող մեզ չթողնել երկնքի ու աստղերի մասին գիտելիքներ: Նրանք կառուցել են աստղադիտարաններ, ուսումնասիրել Տիեզերքը: Հետո գալու էր Անանիա Շիրակացին՝ իր երկերով: Եվ դեռ 7-րդ դարում ապրած մեծ մտածողի «Տոմարացույցում»՝ թվականության մասին ուսմունքում կռահում կա երկրագնդի գնդաձևության մասին, որ լուսինը լուսավորում է արևի լույսի անդրադարձումով: Իսկ Կաթնծիրը թույլ լուսարձակող աստղերի կուտակում է: Բազում դարերի մեծ հայտնագործություններ էին անհրաժեշտ, որպեսզի հաստատվեին նրա հանճարեղ կանխատեսումները: Շիրակացին իր «Տիեզերագիտութիւն»-ի մեջ ձևակերպել է դիալեկտիկական միասնությունը.«Կյանքը սկիզբն է մահվան, իսկ մահը՝ սկիզբը կյանքի»:
Մեր հնագույն ձեռագրերը հաղորդում են զարմանահրաշ տեղեկություններ: Ապշում ենք, որ XIII դարում Հովհաննես Երզնկացին կարող էր իմանալ Հյուսիսային բևեռի մասին՝ այն բնութագրելով որպես «անմարդաբնակ և սառնամանիքային», որտեղ «գարնանը և ամռանը օրը վեց ամիս է տևում»: Եվ սրանք ընդամենը մեջբերված պատառիկներ են այն հարուստ ժառանգությունից, որ թողել են մեր անցյալի մեծերը: Հետո գալու էր 20-րդ դարը: Հայ գիտնականները դարձյալ գլխավոր դերակատարներից էին լինելու աստղագիտության ոլորտում՝ Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Գուրզադյան…
21-րդ դարի երկրորդ տասնամյակն է՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանը: Եվ մի ինքնատիպ մարդ, որը ծնվել է Հայաստանում, աչքն ուղղած Տիեզերքին, կատարում է բացահայտումներ աշխարհի ու մոլորակների մասին: Սիմոն Խաչատրյանն է այդ մարդը: Նա աստղագետ կամ աստղաֆիզիկոս չէ: Բայց, լինելով մեծ հետաքրքրասեր ու խորաթափանց անհատականություն, նվիրվել է աստղերի, Տիեզերքի ու աշխարհի մասին կատարված ուսումնասիրություններն ի մի բերելու գործին: Նրա տարիների աշխատանքի արդյունքում ծնվել է մի հետաքրքրաշարժ գիրք, որը կարող է լինել հարուստ գանձարան՝ հանրակրթական դպրոցների աշխարհագրության դասաժամերն ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Իսկ մեծերը կճանապարհորդեն մարդկության պատմության անընդգրկելի ժամանակաշրջանում՝ իրենց համար կատարելով նոր բացահայտումներ, եզրահանգումներ և փիլիսոփայական ընդհանրացումներ: Սա գիրք է՝ ուղղված մտածող մարդուն:
Սիմոն Խաչատրյանի գիրքն ունի նույնքան հետաքրքիր և ուշագրավ խորագիր, որքան նրա բովանդակությունն է՝ «Ես գիտեմ պատասխանները»: Այն լույս է տեսել 2019 թվականին: Իսկ դրան նախորդել են գրքի անգլերեն («I know the answers») և ռուսերեն («Я знаю ответы») տարբերակները:
Հեղինակն արդեն 20 տարի է, ինչ բնակվում է Կանադայում: Եվ գրքի լույսընծայումը նրա համար եզակի առիթ էր Հայրենիք գալու համար:
Հուլիսի 19-ին «Նարեկացի արվեստի միությունում» տեղի ունեցավ Սիմոն Խաչատրյանի «Ես գիտեմ պատասխանները» եռալեզու գրքի շնորհանդեսը: Գրքի հիմքում Հյու Օչինկլոս Բրաունի, Իմանուել Վելիկովսկու, Զաքարիա Սիտչինի, Հանս Բելամիի և Կարլ Բրյուգերի անգնահատելի աշխատանքներն են, ինչպես նաև Հին Կտակարանում նկարագրված հիմնական իրադարձությունները:
Գրքում ներկայացված են գիտական փաստարկներ, որոնք հակադրվում են մայրցամաքների , օվկիանոսների, լեռների, լճերի և հրաբուխների առաջացման ընդունված տեսություններին:
Սիմոն Խաչատրյանը մանրամասնորեն անդրադառնալով Աստվածաշնչյան սյուժեներին, հնագույն աղբյուրներին՝ ծանրակշիռ փաստերով ներկայացնում է Երկիր մոլորակի անցած ընթացքը՝ մինչջրհեղեղյան քաղաքակրթությունից մինչև Նոյան տապանի՝ Արարատ լեռան վրա հանգրվանելը:
Գրքի հետաքրքրաշարժ գլուխներից մեկը վերաբերում է եգիպտական բուրգերի առեղծվածին: Եթե դրանք պատմահնագետների համար հին փարավոնների դամբարաններն են, ապա նույն կարծիքին չեն շատ աստղաֆիզիկոսներ:
«Ես գիտեմ պատասխանները» գիրքը ընթերցողին ներկայացնում է նոր փաստեր Հին աշխարհում կառուցված ամֆիթատրոնների, Զատկի կղզու , հնագույն մարդկանց աշխարհի մասին ունեցած պատկերացումների վերաբերյալ:
Այս գիրքը հեղինակի հետ յուրօրինակ ճամփորդություն է նաև նախապատմական ժամանակներում. հնագույն ժողովուրդների ու ցեղերի թողած հիշատակությունների միջոցով պատկերացում ենք կազմում մոլորակի առաջացման մասին, ծանոթանում «հնագույն վկաներին»:
«ՀՆԱԳՈՒՅՆ ՎԿԱՆԵՐԸ» ԿԱՄ՝ ԱՆՑՅԱԼԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
«Ես գիտեմ պատասխանները» գիրքը մի յուրօրինակ բանալի է՝ բացելու մարդկության անցյալի դռները: Մեր առջև դրված հարյուրավոր փաստեր մեզ ստիպում են վերանայել մեր մինչ այս ունեցած գիտելիքները: Կարո՞ղ էր արդյոք մարդը գոյակցել, օրինակ, դինոզավրերի հետ: Վաղ մանկուց մեզ տրվում է միայն մեկ պատասխան՝ ոչ: Բայց Սիմոն Խաչատրյանի պեղած փաստերը գալիս են վկայելու հակառակը: Եղել է մարդկային կյանք հեռավոր ու անհիշելի այդ հազարամյակներում:
ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՎ
«Ես գիտեմ պատասխանները» գրքով հեղինակը փորձել է վերականգնել մարդկության քաղաքակրթությունների միջև խզված կապը: Մինչդեռ Մոլորակը դեռ բազում գաղտնիքներ է թաքցնում անցյալում եղած կյանքի մասին, որոնք տալու են նոր պատկերացումներ մեր ներկայի ու ապագայի մասին:
Տիեզերքում յուրաքանչյուր կենդանի արարած իր բնակության միջավայրի արտացոլումն է: Սրա ապացույցը տարբեր ռասաների գոյությունն է մեր մոլորակի, թվում է՝ միատարր մակերևույթին:
…Մարդկության և մոլորակի անցյալը բացահայտելու քայլերից մեկն էլ բևեռների տեղակայման բացահայտումն է, և ամենից մեծ օգնությունը հնագույն քարտեզներն են: Դրանք միջնադարում աստղագետների ու քարտեզագիրների կողմից կազմված ճշգրիտ տեղեկություններ են, որոնք տեղ են գտել Սիմոն Խաչատրյանի գրքում և լրացնում են դրա գիտական արժեքը:
«Ես գիտեմ պատասխանները» գիրքն ավարտվում է «Տապանը» գլխով: Աստվածաշնչյան սյուժեի միջոցով հեղինակը ներկայացրել ու մեկնաբանել է այն կարևոր փաստերը, թե ինչ նոր քաղաքակրթություն սկիզբ առավ Երկրի վրա՝ Մեծ Ջրհեղեղից և Նոյան տապանի Արարատ լեռան վրա հանգրվանելուց հետո: Իր դիտարկումները Տապանի շուրջ գիտնականների կատարած ուսումնասիրությունների հետ համադրելով՝ Սիմոն Խաչատրյանը ներկայացրել է մարդկության՝ վերջին մի քանի հազար տարիների անցած ուղին: Եվ ընթերցողն ամենայն հավանականությամբ Աստվածաշնչյան պատումների ու պատմական անցքերի, անցյալի ու ապագայի շուրջ մտորումներից հետո հաշիվ կտա ինքն իրեն՝ ի վերջո ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք անում այսօր հանուն մեր սերունդների:
Անցած հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ Տիեզերքում ու բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում: Եվ 14-րդ դարի հեռավորությունից այսօր ասված ճշմարտության պես հնչում է Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, փիլիսոփա, դասախոս, րաբունապետ Գրիգոր Տաթևացու այս բանաձևը. «Որոշ գոյերի ոչնչացումը մյուսների առաջացումն է: Այս անվերջ շարժման մեջ ոմանք ոչնչանում են, մյուսներն առաջանում, ամբողջը հավերժ գոյություն ունի»:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ
Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Հոգևոր-մշակութային