Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐՈՑՆԵՐ՝ ՈՐՈՏԱՆԻ ԱՓԵՐԻՆ



ԱՄՐՈՑՆԵՐ՝ ՈՐՈՏԱՆԻ ԱՓԵՐԻՆՍա Հայաստան է և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

 

Որոտան գետը Սյունիքի մարզի Որոտան գյուղից մինչև Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք անցնում է իր իսկ ստեղծած կիրճով, որի ափերի ժայռակերտ բլուրները ժամանակին մեր նախնիները օգտագործել են ամրոցներ կառուցելիս: Տարածքը 18-20-րդ դարերում հայաթափվել էր՝ սկզբում բնակեցվել քրդական ցեղերով, իսկ խորհրդային տարիներին բռնակցվել էր նորաստեղծ Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը՝ ձևավորելով Կուբաթլուի շրջանը: Գետի ափամերձ հարթ տարածքներում էլ բնակավայրեր են եղել դեռևս 4-5 հազար տարի առաջ, հնարավոր է նույնիսկ ավելի վաղ: Այդ մասին են վկայում գետի երկայնքով ձգվող ու պահպանված բնակատեղիներն ու դամբարանադաշտերը: Այժմ տարածքի հիմնական մասը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմում է: Վերջին տարիներին հնագետները ուսումնասիրել են տարածքը և հայտնաբերել մի քանի ամրոց, որոնք գոյություն են ունեցել դեռևս անտիկ շրջանում, վաղ միջնադարում և պահպանվել մինչև 17-18-րդ դարեր: Ամրոցներից մեկը, որը գետի ձախափնյա բլրի վրա է, պատմական Անդոկաբերդն է: Հենց գետի ափից է սկիզբ առնում մոտ 50մ բարձրություն ունեցող բլուրը, որի երեք կողմերում ժայռեր են՝ ուղղաձիգ ու անմատչելի, իսկ հյուսիսային թեք լանջը պատված է մացառներով ու թփերով: Այստեղ վաղ միջնադարում մեծ բնակավայր է եղել, պահպանվել են շենքերի հիմքեր, պատեր: Մոտակայքում՝ Խնձորեսկ գետակի ափերով, 1 կմ-ից ավելի, դեպի հյուսիս՝ դամբարանադաշտ է ձգվում: Այստեղ է ներկայիս Անդոկաբերդ բնակավայրը, որտեղ մի մեծ ժայռոտ բլուր կա: Դրա հարավարևելյան կողմում միջնադարյան ժայռափոր եկեղեցի է՝  հարևանությամբ մի քանի քարայրների, որոնք ժամանակին ծառայել են որպես բնակավայր, հնարավոր է նաև՝ որպես ճգնարաններ: Որոշ քարայրներ ուղղաձիգ ժայռերի մեջ են, գետնից մի քանի մետր բարձրության վրա: Ժամանակին ելումուտը կատարվել է պարանների օգնությամբ: Այստեղով միջնադարում ճանապարհ է անցել՝ ձգվելով մինչեւ Խնձորեսկ գյուղ, որն այն ժամանակ հիմնականում անձավակերտ էր և ամրոցի դեր էր կատարում: Նշված ճանապարհի հետքերը պահպանվել են: Անդոկաբերդի պարիսպները կառուցվել են հյուսիսային լանջին: Պահպանված պարսպապատերից երևում է, որ ամրոցը եռաշերտ է եղել: Առաջին պարիսպն ունեցել է մեկ մետրից ավելի լայնություն՝ գոտևորելով բլրի երեք կողմերը: Որոշ հատվածներում պատերի մեջ օգտագործել են հսկա  քարեր: Բլրի վերին մասում 10-ից ավելի շինությունների հիմքեր կան: Ըստ երևույթին՝ միջնաբերդն այստեղ է եղել: Գետակողմյան ժայռերի միջով 2-3 գաղտնուղի է գործել: Դրանց հետքերը լավ երևում են: Հյուսիսային լանջին՝ առաջին և երկրորդ շերտերում, նույնպես կառույցների հիմքեր ու պատեր կան: Մի շինություն քառակուսի հիմքով է, իսկ պատերն ունեն մինչև 8մ երկարություն: Հենց այստեղ հայտնաբերված գտածոն՝ կուռքի փոքր արձանիկը, տեղափոխվել է Բերձոր՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարան: Սա փաստում է, որ ամրոցը գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում, ունեցել է պաշտամունքային շինություն, հնարավոր է՝ տաճար: Խորհրդային տարիներին ամրոցի մոտով ադրբեջանցիները ճանապարհ են բացել դեպի գետափ և բավականին վնասել  հնավայր-բնակավայրի տարածքը: Մոտակա բնակատեղին ուղղակի ոչնչացրել են՝ տարածքը դարձնելով վարելահող: 4-րդ դարում Անդոկ իշխանը, որը Հայոց Արշակ 2-րդ թագավորի կնոջ՝ Փառանձեմի հայրն էր, իր գործունեության ընթացքում ամրացրել է Սյունիքի ամրոցները, կառուցել նոր բերդեր, որոնցից հնագետների կողմից հետազոտվել է Անդոկաբերդը:

ԱՄՐՈՑՆԵՐ՝ ՈՐՈՏԱՆԻ ԱՓԵՐԻՆԱյստեղից մոտ 1կմ դեպի վերև Լալազարի կամուրջն է, որը կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900-1902 թվականներին նորոգել է նրա որդին` Սիմոնը. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէոնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը, Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա» («Մշակ» 1902թ. թիվ 161, էջ՝ 2): Կամրջի հիմնադրման և նորոգման տարեթվերը հիշատակված են ձախափնյա խելից վեր` գետի հոսքընթաց ճակատին արված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ: Խորհրդային տարիներին ջանասիրաբար, սակայն անհաջող,  քերել են արձանագրությունը: Խորհրդային տարիներին, զույգ թռիչքներով քարե կամարակապ կամուրջը կառուցման ու նորոգման ժամանակ, առավել շատ ծառայում էր մահմեդականներին, որոնք բնակվում էին մոտակա մի քանի գյուղերում՝ Նովլու, Մազրա և այլն: Ռազմավարական նշանակություն ունեցեղ կամուրջը գետի մակարդակից ունի 9,10 մետր բարձրություն և 4,31 մետր լայնություն:   Գետի աջակողմյան բլուրներից մեկը Լալազարի կամրջից հեռու է մոտ 1 կմ: Ափից մինչև գագաթ բլուրն ունի 150 մետրից ավելի ուղղաձիգ բարձրություն: Կամրջի մոտից արահետ է ձգվում դեպի բլուր, որի հյուսիսարևմտյան կողմը ժայռապատ է: Արահետի եզրերին տեղ-տեղ պահպանվել են պատաշարեր: Նախկինում, ամենայն հավանականությամբ այստեղով ճանապարհ է անցել, որը սկիզբ է առել կամրջից: Գրեթե ուղղձիգ ժայռերը բնական ամրություն են: Դեռևս վաղ միջնադարում դա են հաշվի առել Սյունյաց երկրի իշխանները այստեղ ամրոց հիմնելով: Հիմնականում պարսպապատել են արևելյան կողմը: Ամրոցի մուտքը հյուսիսային կողմում է՝ գետափին մոտ: Այս հատվածում Որոտանը կոչվում է Բարկուշատ, և պատմությունից հայտնի է Բարկուշատի բերդը, որի մասին հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: «Սյունիքի պատմություն» գրքում:

ԱՄՐՈՑՆԵՐ՝ ՈՐՈՏԱՆԻ ԱՓԵՐԻՆԲերդը չի կորցրել իր նշանակությունը նաև 18-րդ դարի առաջին կեսին, երբ արդեն Ֆաթ Ալի խանի նստավայրն էր (1724թ.): Բարկուշատի բերդի մոտ էր նաեւ նույնանուն քաղաքը, որն ավերվել ու ամայացել է: Տարածքի ամրոց-բնակավայրերից մեկի մասին, հավանաբար հենց Բարկուշատի բերդի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է.  «Մերձ ի խաոնուրդսն նշանակի Տավութլու գիւղ և բերդատեղի, ոչ գիտեմ անուն Դավիթ Բեկի թե այլն»: Որոտանի և նրա վտակ Վարարակնի միախառնման մասում է Դավթլու կոչված գյուղը, որից ընդամենը մեկ ու կես կմ հեռու է այս բերդը: Դավթլուն մինչ 19-րդ դարավերջ եղել է հայկական բնակավայր. այդ են փաստում գյուղի մոտակայքում պահպանված հայոց հանգստարանի տապանաքարերը: Սերո Խանզադյանն «Ինչ են պատմում քարերը» հոդվածում («Սովետական Հայաստան» ամսագիր. 1984թ. թիվ 6, էջ՝ 3) գրում է, որ Դավթլուն պատմական Մարգաձորն է: Իսկ գյուղի մոտակա հանգստարանի տապանաքարերից մեկի վրա կարդացել է. «Այս է հանգիստ Դավիթ քաջ զորավարին». թվն. ՌԾԸ (1609թ.): Շահեն Մկրտչյանն էլ նշել է, որ գյուղը կոչվել է Դավթաշեն («Ջեբրայիլ-Ղուբաթլուի հայկական պատմամշակութային հուշարձանները», «Ազատամարտ» թերթ, 1993թ., թիվ 40, էջ՝ 12):

Ամրոցի արևելյան կողմում արհեստական լճակ կա: Լճակից դեպի գետ ժամանակին ջրատար է գործել: Հիմքերը լավ են պահպանվել: Ամրոցից դեպի լճակ գաղտնուղի է գործել: Պահպանվել են դրա աստիճանավանդակները, որոնք հասնում են մի քարանձավի: Այժմ այդ մասը մացառապատ է, և գաղտնուղու շարունակությունը գտնելու համար հնարավոր չէ հետազոտել վերևի հատվածը: Բերդն ունեցել է նաև եկեղեցի, որի հիմքերն ու մի պատի մասն է միայն պահպանվել: Եկեղեցուց քիչ վերև մեկ այլ շինության հետքեր կան: Մոտ 200ք/մ մակերեսով կառույց է եղել: Ամրոցի արևմտյան կողմի ժայռերն ուղղաձիգ են ու անմատչելի: Ամրոցի արևելյան կողմում՝ միջին հատվածում, մոտ 15 մ բարձրությամբ և 10 մ երկարությամբ մի պատ կա: Կառուցված է կիսված ու մշակված սև գետաքարերից: Մացառներն ու առատ խոտը խանգարում են պատին մոտենալ՝ ճշտելու դրա կառուցման նպատակը: Պարիսպները կառուցված են անմշակ քարերով ու կրաշաղախով: Ամրոցամերձ լճակի հյուսիսային կողմում՝ ոչ բարձր հարթությունում, պահպանվել են շինությունների հետքեր, դամբարաններ: Միգուցե սա՞ է Բարկուշատ քաղաքի տեղը: Մոտակայքում նաև այգիներ են եղել: Արևմտյան կողմում կանաչ ու ընդարձակ մի հատված կա: Ինչ-որ ժամանակ այստեղ հողագործությամբ են զբաղվել: Երբ նայում ես վերևից, մոտ 2 հա տարածք առանձնանում է մոտակա անտառապատ, մացառապատ ու թփապատ լանջերից: Ամրոցի դիմաց՝ գետի ձախ ափին, մի հսկա ժայռեղեն բլուր կա, որը կարծես քանդակված լինի: Դրա հարևանությամբ մեկ այլ բլրի վրա պարսպապատ կա, որն ունի մոտ 150մ երկարություն: Հնարավոր է՝ մեկ այլ ամրոցի պարիսպներ են: Բարկուշատի բերդից մոտ 5-6 կմ հարավ-արևմուտք՝ տարածքում պահպանված Մազրայի եկեղեցուց հյուսիս, մեկ այլ ամրոցատեղի կա, որտեղ պահպանվել են վաղ միջնադարյան և միջնադարյան պարսպապատեր:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Հոգևոր-մշակութային


15/08/2019