Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸ



ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸՎազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Շարքում մեր երկրի լավագույն մարզիկներն էին, որոնք սպորտային հագուստի փոխարեն կրում էին զինվորական համազգեստ:

Ամառային այս զորակոչին ստեղծվեց մարզական վաշտ: Թվով 23  մարզիկների համար, որոնք տարբեր սպորտաձևերում նշանակալի հաջողություններ են գրանցել  ու բարձր պահել մեր  երկրի պատիվը, ծառայության վայր է ընտրվել հենց այս վաշտը: Վաշտում հիմնականում ֆուտբոլիստներ են, կան նաև թեթև ատլետիկայով զբաղվող մարզիկներ և բռնցքամարտիկներ:

Օրը հիշարժան էր, պահը տպավորիչ: Հնչեց  պետական օրհներգը, որի հնչյունների ներքո դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց զորամասի մարտական դրոշը: Այնուհետև տղաները հպարտ ու խրոխտ կեցվածքով մոտեցան շարահրապարակում դրված սեղաններին, վերցրին զինվորական երդման տեքստն ու ընդգծված առոգանությամբ ընթերցեցին:

Հայկական բանակի շարքերը համալրելու կապակցությամբ մարզական վաշտի տղաներին  շնորահավորեց  գնդապետ Սամվել Մինասյանը. «Այստեղ խիզախ, ուժեղ  սերունդ է կանգնած: Կանգնած է հպարտ ու վճռական, անկոտրում կեցվածքով: Ձեր աչքերի մեջ ես տեսնում եմ  նվիրումի ու հայրենասիրության ոգի: Հիմա դուք պետք է լինեք առավել պատրաստված ու պատրաստակամ՝ թե՛ զորային ծառայության, թե՛ մարզական նվաճումների հարցում: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը առավելագույնս կկատարի իր առջև դրված խնդիրը,  կհասնի աննախադեպ հաջողությունների ու բարձր կպահի մեր երկրի ու նրա զինված ուժերի պատիվը»:

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸ…Մինչ կտրվեր «ազատ եք» հրամանը և նրանց կթույլատրվեր տեսակցելու իրենց  հարազատների հետ, ես մտովի փորձում էի կռահել, թե ով ինչ մարզաձևով է զբաղվում: Այս ու այն կողմից լսվում էին նորակիչիկներին գոտեպնդող խոսքեր: Մենք բազում անգամներ առիթ կունենանք տեսնելու այս տղաներից յուրաքանչյուրի պատվին բարձրացված եռագույնը, լսելու նրանց հաղթանակի պատվին հնչած մեր երկրի հիմնը: Մարզական ասպարեզում իրենց կերտած հաղթանակներով նրանք զորավիգ կլինեն սահմանին կանգնած զինվորին ու սպային, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զենք կվերցնեն ու կկանգնեն նրանց կողքին: Մարզիկների երդումը նաև այս էր նշանակում:

Նրանցից մի քանիսն իրենց տպավորություններով կիսվեցին ինձ հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, գյումրեցի, շարքային Տիգրան Մկրտչյան.

«Հուզված եմ: Այսօր շատ պատասխանատու օր է մեզ համար: Արդեն երդվել ենք ծառայել նվիրումով և պատվով կատարել մեր գործը: Տասներկու  տարի է,  ինչ սպորտով եմ զբաղվում: 24 տարեկանում թեթև ատլետիկա մրցաձևից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ եմ  նվաճել: Այս հաջողությանը հասնելու համար ինձնից մեծ ջանքեր են պահանջվել:  Հիմա արդեն պետք է կրկնապատկեմ ուժերս և ամեն ինչ անեմ ավելի ակնառու հաղթանակների հասնելու համար»:

Տիգրանը շատ է կարևորում մարզական վաշտի բացումը. «Բանակի ղեկավարությունը մտածել է մեր մասին, մենք էլ արդեն որպես զինվոր  պարտավոր ենք այնպես անել, որ մեր բանակն իր մեդալները նույնպես ունենա»:

Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ, «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստ, շարքային Արամ Քոլոզյան.

«Երդման ընթացքում շատ լարված էի, անգամ պահ եղավ, որ շփոթվեցի: Այսօրվանից մենք բանակի «սպրոտային» զինվորներն ենք ու ներկայացնելու ենք «ԲԿՄԱ»   թիմը: Զինվոր լինելն էլ պարտավորեցնելու է, որպեսզի ավելի լավ խաղանք: Կփորձենք միայն հաղթանակներ գրանցել և հենց այսօրվանից էլ սկսելու ենք մարզումները: Առջևում տասներկու  կարևոր հանդիպումներ են»:

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸՖուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ, «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ, շարքային  Արտակ Ասատրյանն ուրախ է, ինչը բնավ չի փորձում թաքցնել: Հիմա նա ոչ թե մարզիկ է, այլ մարզիկ-զինվոր: Երազում է եվրոպական ակումբերում խաղալու մասին, բայց մինչ այդ ուժերը կենտրոնացնելու է «ԲԿՄԱ»-ի հաջողությունների համար.

«Արդեն տասը օր է, ինչ մարզվում ենք, բոլորս էլ լավ մարզավիճակում ենք, իսկ թիմում մթնոլորտը  հաղթական է: Մենք էլ՝ որպես զինվոր, հայրենիքի հանդեպ մեր «մարզական» պարտքը կկատարենք մեծ նվիրումով:

Մարզիկ-զինվորների համար տարին հագեցած է լինելու.  նրանք ձգտելու են ավելացնել հաղթանակների թիվը:  Նրանցից յուրաքանչյուրն իր առջև նպատակ է  դրել  բանակին հաղթանակներ պարգևել ու դրանով ուրախացնել սահմանին կանգնած իրենց հասակակիցներին և ասել՝ ես քո կողքին եմ:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/08/2019