Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ



ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑՔասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին ամբողջ վեհությամբ ու շքեղությամբ  բազմած է Սաղմոսավանքը: Բնության այս գեղեցիկ ու գողտրիկ անկյունում օգոստոսի 10-ին նորակոչիկների երդման արարողությունն էր:

Երդվում էին հայոց երկնքի պահապանները՝  փոխգնդապետ Վահե  Հակոբյանի  հրամանատարությամբ  գործող  ՀՕՊ ուսումնական զորամասի զինվորները:

-Նվիրական այս սրբավայրում երդման արարողությունը խորհրդանշական իմաստ ունի. ազգ-բանակ-եկեղեցի՝ այս եռամիասնության մեջ է մեր հարատեւության հենքը,- նշում է զորամասի հրամանատար Վահե Հակոբյանը:

-Սաղմոսավանքը եղել է մեր հոգեւոր-մշակութային ամենանշանավոր  կենտրոններից մեկը,- ներկայացնում է զորամասի գնդերեց Սիմոն սարկավագ Իգիթյանը,- այստեղ ժամանակին 200 միաբան հոգեւորականներ կրթամշակութային մեծ հոգեւոր գործունեություն են ծավալել: Ու բնավ էլ պատահական չէր այս վայրի ընտրությունը: Եվ ինչպես հոգեւորականներն էին հանուն հոգեւոր կյանքի հոգեւոր ճակատամարտ մղել թշնամու դեմ, այսօր էլ երդման ուխտի են կանգնած մեր նորօրյա պատմություն կերտողները՝  հայոց բանակի քաջարի զինվորները: Նրանք ուխտի են կանգնում Աստծո առաջ, որ մեր պետականությունը, մեր երկիրը իր հարատեւումը շարունակի: Հազարամյակներ առաջ, դեռեւս Գրիգոր Լուսավորչից սկսած՝ պահպանել ենք մեր  հոգեւոր ինքնությունը: Ազգովի շարունակենք մեր նախնիների, մեր հայրերի գործը, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի՝ սկսած Վարդանանցից  մինչեւ մեր օրերը, մինչեւ ապրիլյան հերոսամարտ:

Վասն հավատո եւ վասն հայրենյաց…

Րոպեներ անց կսկսվի երդման հանդիսավոր արարողությունը, հնչում են վերջին հրահանգները,  զինվորները վերջին շտկումներն են անում, ուղղում համազգեստը, ձգում առանց այն էլ ձիգ գոտին, ամեն ինչ անթերի պետք է լինի՝ զինվորականին վայել:

Ռուբեն Սաֆարյանը Քասախ գյուղից է:

-Այսօր մեր հերթն է ամուր, անառիկ պահելու մեր երկիրը:

Ազգությամբ եզդի Սամադ Սլոյանն էլ Արմավիրի մարզից  է:

-Հայաստանն ինձ համար իմ հայրենիքն է, իմ ծննդավայրը, պատրաստ եմ Հայաստանի համար չխնայել կյանքս:

-Ամուր կպահենք մեր բաժին երկիրն ու երկինքը, որ թշնամին այլեւս չհանդգնի ոտք դնել մեր հողի վրա,- վստահեցնում է Իշխան Հակոբյանը (Արմավիրի մարզ, Արտաշար գյուղ):- Եղբայրս էլ զինվոր է, միասին, մեր զինակից ընկերների հետ կպաշտպանենք  հող հայրենին:

Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից  Ներսես Խաչատրյանն էլ որոշել է ծառայությունից հետո զինվորական ուղին շարունակել:

– Համազգեստը վաղուց  հոգեհարազատ է դարձել,- նշում է նախկին մոնթեականը,-պատվով, նվիրումով կծառայենք։

Երդվում են զինվոր տղերքը, հանդիսավոր խոստում տալիս՝ հավաստելով իրենց նվիրվածությունը ու հավատարմությունը հայրենիքին:

ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑՀայաստան աշխարհի տարբեր անկյուններից  եկած հարազատ-բարեկամները միանման համազգեստով, ամուր ու ձիգ կանգնած տղերքի միջից փորձում են փնտրել-գտնել հարազատ դեմքեր, ծանոթ աչքեր, ծանոթ ժպիտ: Ոչ բոլորին է հաջողվում. կիզիչ արեւի ճառագայթներն ու հուզմունքից թաց աչքերը դժվարացնում են փնտրտուքը.  համազգեստ հագած տղաներն էլ այնքա՜ն նման են իրար…

Սաղմոսավանք այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները հետաքրքրությամբ  հետեւում են զինվորական երդման արարողությանը, լուսանկարում ու լուսանկարվում: Սփյուռքից եկած մեր հայրենակիցներն էլ քիչ չեն:

– Երուսաղեմից ենք,- ներկայանում է Տիգրան Թորոսյանը,-Սաղմոսավանք էինք այցելել եւ պատահաբար այս հաճելի պահի ականատեսը եղանք, սիրտներս անասելի, աննկարագրելի հպարտություն  է պարուրել՝ հայ երիտասարդները երդում պիտի առնեն… Բոլորին խաղաղ օրեր կմաղթեմ: Պատերազմի մեջ ոչ մեկը չի շահե, պատերազմը միայն վնաս է, դառնություն ու ցավ: Հավատացեք, այս աշխարհում  խաղաղությունից թանկ բան չկա: Աստծուց կխնդրեմ միայն ու միայն խաղաղություն, հայ ազգին էլ՝ միասնականություն…

Զինվորական երդումն ավարտվել է, օրվա  ամենասպասված պահն է՝ առաջին ազատականն ու… հանդիպում հարազատների հետ. բարձրաստիճան սպան՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ծնողներին հաճելի անակնկալ է մատուցում՝ տեսակցության համար սահմանված ժամը մի փոքր ավելի երկարացնելով: Ոգեւորությունը աննկարագրելի է, անպատմելի:

Զինվորներն ամուր-ամուր գրկում են հարազատներին, այդպես ամուր էլ հայրենիքն են պահելու…

-Չորրորդ որդիս է ծառայում,- հպարտությունը չի թաքցնում Զարդար Բարսեղյանը,- երեքն արդեն պատվով ծառայել, վերադարձել են։ Որդիներիցս Վարդանը  2014 թ. հուլիսի 31-ին թշնամու դիվերսիան կանխած զինվորների շարքում էր:  Այսօր էլ կրտսեր որդիս՝ Հայկ Նահապետյանը երդվեց մեր հերոս տղերքի կյանքով էլ ավելի սրբացած հողն ամուր պահել…

Զինվոր-ծնող գրկախառնված մտնում են Սաղմոսավանք:

-Ամենակարող Տեր, պարգեւիր մեզ խաղաղ երկինք, խաղաղ հող ու խաղաղ մոր սիրտ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝. հեղինակի եւ

ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/08/2019