ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՊՆ պատվերով ՀՀ բուհերում կրթություն ստացած շրջանավարտների վիճակահանության արարողությունը: Նախնական սպայական` լեյտենանտի կոչում ստանալով, նրանք կհամալրեն ՀՀ ԶՈՒ համապատասխան զորամասերը: Կառավարությունն այս ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցողներին տվել է տարկետման իրավունք և փոխհատուցել նրանց ուսման վարձը: Համաձայն Պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի` շրջանավարտները պարտավորվել են բուհն ավարտելուց հետո իրենց մասնագիտությանը համապատասխանող սպայական պաշտոններում հինգ տարի ժամկետով ծառայել զինված ուժերում: Պաշտպանության նախարարությունն իր հերթին պարտավորություն է ստանձնել` բուհի քննություները հաջողությամբ հանձնած շրջանավարտներին նշանակել իրենց մասնագիտությանը համապատասխանող սպայական պաշտոններում:
…Բուհը գերազանցությամբ ավարտածներին վիճակահանության ընթացքում հնարավորություն տրվեց ընտրելու ծառայավայրը: Այս արտոնությունից օգտվում են նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի, խեղման հետևանքով մահացած ազատամարտիկների և զինծառայողների զավակները:
Առաջին անգամ այս ծրագրին մասնակցել են նաև իգական սեռի ներկայացուցիչները: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած Լուսինեն, Շողակաթը, Սոնան և Ալլան վստահ են` իրենց մասնագիտությամբ օգտակար են լինելու ՀՀ զինված ուժերին:
Գերազանցիկներից է նաև Սևադա Բաղդասարյանը, որը սովորել է ԵՊՀ տնտեսագիտական համալսարանում: Փոքրուց երազել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտել, դառնալ սպա, բայց իմանալով, որ կարող է համատեղել տնտեսագետի և զինվորականի մասնագիտությունները, առանց երկմտելու դիմել է այս ծրագրին: Այսօր էլ օգտվեց իր արտոնությունից և ընտրեց ծառայավայրը:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս՝ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Ազգային բանակ