ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Է ՏԱՐԱԾՔ ԶԻՋԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Տաջիկստանը Չինաստանին է հանձնել Հարավային Պամիրում գտնվող Լեռնային Բադաշխանի Ինքնավար Մարզի մի մասը` ուրանով, ոսկով և այլ թանկարժեք հանածոներով հարուստ, 1158 քառակուսի կիլոմետր մակերեսով, երկրի ընդհանուր տարածքի 1%-ը կազմող տարածքը:
Ընդդիմությունը Տաջիկստանի իշխանությունների որոշման առթիվ բուռն բողոք է հայտնել և հայտարարել, որ «երկրի պատմության այդ սև բիծը չի ջնջվի մի քանի սերունդների հիշողությունից»:
Ընդիմությունը պնդում է, որ ոտնահարվել է երկրի սահմանադրությունը, քանի որ ինքնավար մարզի սահմանները կարող են փոփոխվել միայն մարզի բնակչության հանրաքվեի արդյունքում, և ոչ թե կենտրոնական իշխանությունների որոշմամբ:
Իսկ Տաջիկստանի արտգործնախարարությունն այդ որոշումը համարել է դիվանագիտական մեծ հաջողություն Պեկինի հետ տարածքային վեճում, քանի որ Չինաստանը դեռ Խորհրդային Միության օրոք հավակնություններ էր ներկայացնում Տաջիկստանի տարածքի շուրջ 20%-ի նկատմամբ:
ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Չինաստանը տարածքային լուրջ պահանջներ ներկայացրեց միջինասիական հանրապետություներին, բայց խնդրին միջամտեց Մոսկվան` զսպելով Պեկինի ախորժակը:
Սա Տաջիկստանի երրորդ տարածքային զիջումն է Չինաստանին: 1999-ի օգոստոսին և 2002-ի մայիսին Տաջիկստանի նախագահի որոշմամբ Չինաստանին հանձնվեցին համապատասխանաբար 200 և 998 քառակուսի կիլոմետր մակերեսներով տարածքներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական