Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՒԼԱՐԵՄԻԱ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ



ՏՈՒԼԱՐԵՄԻԱ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԿենսահաբեկչության առումով առավել ամայացնող եղանակներից է ախտածինների տարածումը խիտ բնակեցված վայրերի օդային միջավայրում: Աերոզոլային մեթոդով կիրառելի լինելը, ախտածնության համար անհրաժեշտ նվազագույն քանակը, վարակելիության բարձր աստիճանը, միջավայրի տարբեր պայմաններում կենսունակությունը պահպանելը այն հատկանիշներն են, որոնք վարակիչ հիվանդությունների հարուցիչներին պիտանի են դարձնում կենսահաբեկչության նպատակով կիրառելու համար: Այդ տեսակետից սպառնալիք է  հանդիսանում տուլարեմիայի հարուցիչը:

Տուլարեմիա հիվանդությունն անվանվել է  Կալիֆորնիայի նահանգի Տուլարե լճի անունով, որի տարածքում 1910 թվականին առաջին անգամ այն հայտնաբերվել է: Հիվանդության հարուցիչը Brucellaceae ընտանիքի գրամ-բացասական անշարժ, աերոբ, պատիճավորված Francisella tularensis մանրէներն են: Չնայած, որ այս մանրէները բազմաձև են, հիմնականում հանդիպում են կոկոբացիլների ձևով:

Օրգանիզմից դուրս հարուցիչը երկար է պահպանում իր կենսունակությունը՝ 40C-ի պայմաններում ջրի մեջ այն կենսունակ է մեկ ամիս, 0 և ավելի ցածր ջերմաստիճաններում՝ մինչև վեց ամիս, 20-300C-ի պայմաններում՝ մոտ 20 օր, իսկ տուլարեմիայից անկված կենդանիների մորթու մեջ՝ 8-120C ջերմաստիճանում՝ 1 ամսից ավելի:

Մանրէները զգայուն են բարձր ջերմաստիճանի և ախտահանիչ միջոցների նկատմամբ: Ախտահանման համար կիրառում են ֆենոլի 5%-ոց լուծույթ, սուլեմայի 1:1000 նոսրացված լուծույթ (մանրէները ոչնչացնում է 2-5 րոպեի ընթացքում), ֆորմալինի 1-2%-ոց լուծույթ (մանրէները ոչնչացնում է 2 ժամվա ընթացքում), 700 էթիլ սպիրտ և այլն:

Տուլարեմիան բնական-օջախային հիվանդություն է, որը տարածված է հիմնականում մեղմ կլիմայական գոտիներում: Տարբերում են հիվանդության օջախի տարբեր տեսակներ՝ անտառային, լեռնային, դաշտային-մարգագետնային, հովտային, որոնք տարբերվում են հարուցիչը փոխանցող կենդանիների և միջատների կազմով:

Բնության մեջ մանրէների շրջապտույտը կատարվում է «տիզ-կենդանի» փոխհարաբերությամբ: Վարակի  աղբյուր են հանդիսանում կրծողները՝ մկները, ջրային առնետները, դաշտային մկները, ինչպես նաև նապաստակները, կատուները, թռչունները, ընտանի կենդանիները՝  ոչխարները, ձիերը, կովերը և խոզերը: Հարուցիչներն անջատվել են մոտավորապես 82 տեսակի վայրի և ընտանի կենդանիներից: Վարակը հիմնականում  տարածվում է հոդվածոտանիների՝  տզերի և արյունածուծ միջատների՝ ճանճերի, մոծակների, լվերի միջոցով:

Մարդիկ վարակվում են տարբեր եղանակներով, ավելի հաճախ տարափոխիկ եղանակով՝  արյունածուծ միջատների և հատկապես իքսոդային տզերի միջոցով: Հարուցիչի փոխանցում տեղի է ունենում նաև վարակված կենդանիների հետ անմիջական շփման ժամանակ (մորթի, խուզի, անկված կրծողներին հավաքելիս և այլն), շնչառական ուղիով՝ մանրէներ պարունակող օդ և փոշի շնչելուց (ծղոտի, ցորենի փոշի և այլն), կղանքաբերանային եղանակով՝ վարակված սննդամթերքի և ջրի օգտագործման միջոցով: Ընդամենը 10-50 մանրէն բավական է, որպեսզի տարափոխիկ կամ շնչառական ճանապարհով թափանցելով օրգանիզմ՝ խթանի հիվանդության զարգացումը:

ՏՈՒԼԱՐԵՄԻԱ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՄարդիկ 100 տոկոսով ընկալունակ են վարակի նկատմամբ: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է միջինը 3-7 օր: Հիվանդության ախտանիշներն ընդհանուր են կլինիկական բոլոր ձևերի համար: Սկսվում է ջերմության հանկարծակի բարձրացումով մինչև 38-400C, հիվանդները գանգատվում են գլխացավից, մկանացավից, քրտնարտադրությունից, թուլությունից: Երկրորդ օրվանից նկատվում է լյարդի մեծացում, իսկ 6-9 օրերին մեծանում է նաև փայծաղը: Տենդի տևողությունը տարբեր է՝ մեկ շաբաթից միչև 2-3 ամիս: Կախված փոխանցման մեխանիզմից՝ կարող են ի հայտ գալ աճուկային, ըմպանի, պարանոցի ավշային գեղձերի բորբոքումներ:

Բուժումը կատարվում է հակաբիոտիկների միջոցով և ունի երկարատև ընթացք:

Հիվանդանալուց հետո մարդը ձեռք է բերում կայուն անընկալունակություն և զերծ է մնում կրկնավարակումից: Տուլարեմիայի դեմ պատվաստումից հետո մարդիկ մնում են անընկալունակ մոտավորապես հինգ տարի:

Հայաստանի տարածքի մոտ 95 տոկոսը տուլարեմիայի բնական օջախ է: Այսպես, օրինակ, 2003-2006 թվականներին կրծողների բարձր խտության պայմաններում նկատվել էր տուլարեմիայի էպիզոոտիայի (կենդանիների մեկ կամ շատ տեսակների վարակիչ հիվանդության միաժամանակյա տարածում) ակտիվացում Կոտայքի մարզի Հրազդանի, Կոտայքի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևանի, Մարտունու տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում՝ մասամբ ընդգրկելով նշված բնակավայրերի հարակից տարածքները: Տուլարեմիայի էպիզոոտիաներն ուղեկցվել են բնակչության շրջանում հիվանդության արձանագրմամբ: 2007 թվականին հիվանդության դեպք է արձանագրվել Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղում: 2011 թվականին տուլարեմիայով հիվանդացում է հայտնաբերվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:

2017 թվականին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում սեպտեմբեր ամսին գրանցվել էր տուլարեմիայի մի քանի դեպք, նույն համայնքում հատուկենտ, ոչ միաժամանակյա դեպքեր էին արձանագրվել նաև օգոստոս ամսին: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ ապրիլ ամսից պարբերաբար իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ, որոնք չեն արձանագրել վարակի փոխանցման  հնարավոր մեխանիզմներից և ոչ մեկը, գարնանից համայնքում չի դիտվել կրծողների ակտիվացում և խտության բարձրացում (նույնիսկ նախորդ տարիների համեմատ ցածր է եղել):  Ջրի նմուշների լաբորատոր հետազոտություններում նույնպես շեղումներ չեն արձանագրվել:

Այսպիսով, ներկայումս որպես կենսաբանական անվտանգության սպառնալիք մնում են միկրոօրգանիզմների բնական ռեզերվուարները և դրանց կողմից հիվանդությունների անկառավարելի  բռնկումները:

 

ՌԱՖԱՅԵԼ ՓՆՋՈՅԱՆ

փոխգնդապետ

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

կապիտան

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ռազմական


22/08/2019