Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼ, ԶՈՐՔԸ՝ ԱՆԿՈՐՈՒՍՏ…»



«ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼ, ԶՈՐՔԸ՝ ԱՆԿՈՐՈՒՍՏ...»Զրույց զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ ՎԱՉԻԿ ԿՌՈՅԱՆԻ հետ

 

-Պարոն Կռոյան, զորամասում շրջելիս և՛ պայմանագրային զինծառայողների հանդիպեցի, և՛ զինվորների, նրանք բոլորն էլ մասնակցո՞ւմ եմ սահմանի պաշտպանությանը:

-Մեր զորամասում առաջնագիծը պաշտպանվում է բացառապես պայմանագրայինների ուժերով. ժամկետային զինծառայողները մարտական պատրաստություն են անցնում զորամասում եւ միայն առիթի դեպքում կբարձրանան դիրքեր, երբ օժանդակ ուժերի անհրաժեշտություն լինի:

-Որո՞նք են առաջնագծի պաշտպանությունը  պայմանագրային զինծառայողներով իրականացնելու առավելությունները:

-Պայմանագրայինների ներկայությունը առաջնագծում լուծում է մի շարք այլ հարցեր ու սահմանի պաշտպանությունը ավելի անվտանգ է դարձնում: Տեսե՛ք, պարտադիր զինվորական ծառայություն արտահայտության մեջ  պարտադիր բառը արդեն ասում է, որ ծառայության այս տեսակը կամավորության սկզբունքով չի ձեւավորվում, եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով առաջնագծում հայտնված զինվորներից ոչ բոլորն են հոգեբանորեն «կամավորական»:

Իսկ պայմանագրայինները  իրենց կամքով դիմում են գրում և ցանկություն են հայտնում պաշտպանելու առաջնագիծը: Պայմանագրային դառնալու պայմաններից գլխավորը այն է, որ նրանք  պետք է կատարած լինեն պարտադիր զինվորական ծառայության պարտքը, այսինքն՝ պայմանագրայինները  շատ ավելի փորձառու են, քան ժամկետային զինծառայողները, արդեն ծանոթ են մարտական հերթապահությանը, թրծված են, վաղուց հաղթահարել են սկզբնական դժվարությունները: Սա նույնպես շատ կարեւոր առավելություն է:

Պայմանագրայիններն ավելի հասուն են, լրջախոհ, հավասարակշռված են, ի տարբերություն դեռահասության տարիքից նոր դուրս եկած պատանիների: Բացի այդ, մենք պայմանագրայիններին ընտրելու հնարավորություն ունենք, իսկ դա անձնակազմի որակը բարձրացնելու լուրջ գործոն է:

-Ո՞րն է ընտրության սկզբունքը, եւ ի՞նչ մեխանիզմով է այն իրականացվում: Մի՞թե պայմանագրայինների հոսքը այնքան շատ է, որ ընտրության այլ չափանիշներ են սահմանվել, բացի օրենքով հաստատված պայմաններից:

-Ընտրության ժամանակ հիմնականում ստուգվում է ապագա պայմանագրայինի ֆիզպատրաստության մակարդակը եւ բարոյահոգեբանական վիճակը: Ընտրության չափանիշները պայմանավորված  են մարտական հերթապահության անհրաժեշտ պահանջներով: Բոլորովին պարտադիր չէ, որ պայմանագրայինը բարձրագույն կրթություն ունենա, բայց պարտադիր է, որ բավարարի ֆիզպատրաստության եւ հոգեբանական պատրաստության սահմանված մակարդակը:

-Ծառայության անցնելուց հետո պայմանագրայինները անմիջապես դիրքե՞ր են բարձրանում:

-Ո՛չ: Նախնական պատրաստության ծրագիր են անցնում զորամասում, ապա մեկ շաբաթ ծառայում են գումարտակային հրամանատարական կետում, եւս մեկ շաբաթ վաշտային հրամանատարական կետում, որից հետո արդեն ծառայության են անցնում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

-Ո՞ր տարիքային խումբն է ավելի հաճախ դիմում պայմանագրային զինծառայության անցնելու համար:

-Ուրախությամբ պիտի ասեմ, որ մեր պայմանագրայինների գերակշիռ մասը երիտասարդներ են: Նրանք նոր են ավարտել ժամկետային զինվորական ծառայությունը, սահման են պահել եւ զորացրվելուց հետո ցանկացել են շարունակել առաջնագծի պաշտպանությունը՝ արդեն որպես պայմանագրային:

Սա առաջին հերթին վկայում է երիտասարդ սերնդի բարոյակամային որակների մասին: Ինչպես նաեւ հավաստում է, որ զինվորական ծառայությունը տարիների ընթացքում դարձել է առավել պաշտպանված, հեշտ ու բարեկեցիկ…

-Ինչպե՞ս կարող է պատերազմող երկրում սահման պահելը հեշտ լինել…

-Ես նկատի ունեմ կենցաղային պայմանները, անվտանգության երաշխիքների կատարելագործումը դիրքերում, միջանձնային հարաբերությունների որակը… Իհարկե, չենք կարող անտեսել նաեւ կայուն աշխատավարձի գործոնը, անվճար բուժսպասարկումը պայմանագրայինների եւ նրանց ընտանիքի անդամների համար, սոցիալական ընդգրկուն փաթեթը:

-Ինչպե՞ս եք կատարելագործել անվտանգության երաշխիքները դիրքերում: Եկեք խոսենք վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:

-Կատարվել են տարատեսակ ինժեներական աշխատանքներ, ունենք նոր ամրաշինական կառույցներ, ընդ որում՝ նոր  կացարաններ: Ավելացել է ծուղակների տեսականին, մեծ քանակությամբ ջերմատեսիլ սարքեր են տեղադրվել, բոլոր մարտական դիրքերը ապահովվել են էլեկտրաէներգիայով:

-Վերջին մեկ տարվա ընթացքում դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ եղե՞լ է, ի՞նչ վիճակ է սահմանին…

-Ո՛չ, վերջին մեկ տարվա ընթացքում դիվերսիոն ներթափանցման փորձ չի եղել: Սահմանին խաղաղ է: Մենք ունենք հակադիվերսիոն պաշտպանական ամուր «պատնեշ», եւ այն հուսալի երաշխիք է:

-Պարոն Կռոյան, երբ պայմանագրայինները իջնում են դիրքերից,  ինչո՞վ են զբաղվում: Նրանք կարո՞ղ են արդյոք հոգալ իրենց ընտանիքի հոգսերը այդ ընթացքում:

-Մարտական հերթապահությունն ավարտելուց հետո պայմանագրայինները գնում են տուն եւ զորամաս են ներկայանում միայն մարտական պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումներին մասնակցելու համար: Մնացած ժամանակահատվածը  կարող են տրամադրել իրենց ընտանիքին, իրենց հոգսերին:

-Խնդրում եմ՝ ասեք նաեւ, թե վերջին մեկ տարվա ընթացքում բարելավվե՞լ է արդյոք պայմանագրայինների սննդի որակը:

-Պայմանագրայինները շատ գոհ են սննդից, որովհետեւ, իրոք, բազմատեսակ ու հագեցած կերակրացանկ ունեն: Երբ բարձրանաք դիրքեր, տեղում կհամոզվեք: Վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է մսային եւ բուսական պահածոների տեսականին, ինչպես նաեւ փաթեթավորված չոր ճաշերը: Պայմանագրայինների սննդակարգում նոր,  առավել որակյալ երշիկ ենք ավելացրել:

 -Պարոն փոխգնդապետ, որպես մարտական հերթապահության ծառայությունը ղեկավարող զինվորական, ո՞րն է Ձեր թիվ 1 խնդիրը:

-Սահմանն անառիկ պահել, զորքը՝ անկորուստ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/08/2019