Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆՈւղիղ երկու շաբաթ տևած Միջազգային բանակային 5-րդ խաղերն ավարտվեցին, արդյունքներն ամփոփվեցին։ Մրցաձևերը 32-ն էին, որոնք անցկացվում էին մասնակից 10 պետությունների քսանից ավելի զորավարժարաններում։ Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում էր 39 պետություն։ Հայաստանը վարկանիշային աղյուսակի տասնյակում է՝ համադրելով բոլոր մրցաձևերի արդյունքները։ Մրցաձևերից երեքը անցկացվում էին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, որին մասնակցում էին նաև հայկական թիմերը։ Այդուհանդերձ, բոլոր մրցաձևերից ամենահնչեղն ու սպասվածը «Տանկային բիաթլոնն» էր, որի հաղթողը հայտնի դարձավ խաղերի վերջին օրը՝ վերջին, եզրափակիչ ելույթում։

Միջազգային բանակային խաղերի մրցութային վերջին ելույթին և փակման արարողությանը մասնակցելու առիթով ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարան ժամանեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը հետևեց մասնակից թիմերի տանկային ելույթներին և շնորհավորեց հաղթող ճանաչված ՌԴ թիմին։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆՄրցութային ելույթներից հետո ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելեց մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցեց հայկական թիմի անդամների հետ, շրջեց այլ պետությունների տաղավարներում: Ավելի ուշ Դավիթ Տոնոյանը ռուս պաշտոնակցի հետ այցելեց նաև զորավարժարանում բացազատված Բարեկամության տուն, շրջեց «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում: Նախարարներ Դ.Տոնոյանը և Ս.Շոյգուն բարձր գնահատեցին հայկական տաղավարի մոտ ելույթ ունեցող դուդուկահարի կատարումը։

Մինչև խաղերի պաշտոնական և հանդիսավոր փակումը տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆՀանդիպման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները բարձրաստիճան սպաների մասնակցությամբ քննարկեցին երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։ Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը՝ երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորեցին համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։ Հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ։

Օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցեց «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ազգային բանակ


22/08/2019