Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸՕգոստոսի 19-ին ՊԲ բոլոր միավորումներում և զորամասերում կազմակերպված հանդիսավոր միտինգներով մեկնարկել է բանակային 2019թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

Կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էր և անձնակազմին շնորհավորեց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Անդրադառնալով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշեց, որ դրանց դիմագրավելու լավագույն  նախապայմանը ռազմական առումով գրագետ, համակողմանի պատրաստված զինվորականների ու ստորաբաժանումների առկայությունն է, իսկ նոր ուսումնաշրջանը լավ հնարավորություն է այդ ուղղությամբ առկա դրականը բազմապատկելու և բացթողումների շտկման ուղղությամբ առավել հետևողական աշխատանքներ իրականացնելու առումով:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸՄեկնարկային տոնական միջոցառումների ժամանակ սպայական ու ժամկետային անձնակազմի ներկայացուցիչները խոստացան առավելագույն ջանքեր գործադրել մարտական ու զորահավաքային պատրաստության, մարտական հերթապահության կատարելագործման և դիրքերի ամրապնդման և առհասարակ այն բոլոր ուղղություններով, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարտունակ ստորաբաժանումներ ունենալու ընդհանուր նպատակին հասնելուն:

…Միջոցառումները բոլոր զորամասերում եզրափակվել են անձնակազմի հանդիսավոր քայլերթերով, որից հետո հրամանատարները, վերադասի հետ ճշգրտելով խնդիրները, անցան մարտական պատրաստականության մարտավարաշարային համալիր մարզումների անցկացմանը: Այստեղ յուրաքանչյուր անհատ զինծառայող ու կոլեկտիվ խնդիր ուներ հստակորեն և ըստ հերթականության յուրացանելու այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են զորամասերը «ԲԱՐՁՐ» աստիճանի մարտական պատրաստականության բերելու դեպքում: Ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ, իսկ ապա նաև զորամասային օղակներում անցկացված պարապմունքների արդյունքում յուրաքանչյուրը կատարելագործում էր գործնական ունակությունները, ներդաշնակվում ստորաբաժանումների կազմում, ճշգրտում անելիքները տարբեր արտակարգ իրավիճակներում գործելու առումով:

 

♦♦♦

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ…Մարտավարաշարային մարզումները կարևոր են հատկապես այն զինվորականների համար, ովքեր տարբեր պաշտոններում նշանակվել են բոլորովին վերջերս և խնդիր ունեն առավել իրատեսական պատկերացումներ կազմելու ենթակաների իրական հնարավորությունների, վերադասի մտահղացումները ճիշտ ընկալելու և հարակից այլ գործոնների համար: Այդպիսի զինծառայողներից է շարքային Պարգև Կարապետյանը: Նա համոզված է, որ պարապմունքների ավարտին իր ստորաբաժանման բոլոր զինծառայողները կգործեն ավելի հստակ, ներդաշնակ և կունենան պատրաստության առավել բարձր աստիճան:

Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների ավարտին զորամասերը բերվեցին «ԲԱՐՁՐ» աստիճանի մարտական պատրաստականության և իրացնելով նախորդ մի քանի օրվա մարզումների արդյունքները, արագորեն և ճշգրիտ իրականացնելով նախատեսված բոլոր գործողությունները դուրս են բերվել նստեցման, ապա նաև կենտրոնացման շրջաններ` իրականացնելով ռազմերթ:

ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/08/2019