Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ



* Ձայնագրություն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար:
* Իլհամ Ալիևը ժամանակին «կտրվել է» քննությունից:
* Ադրբեջանին սպառնում է կոլեկտիվ հոգեկան խանգարում:

Ժողովուրդները` Ալիեւի լծի տակ

Ինչքան էլ Ադրբեջանի պանթյուրքիստները փորձեն ուծացնել լեզգիներին, թալիշներին, ավարներին եւ այդ երկրում բնակվող մյուս ժողովուրդներին, վերջիններս կհասնեն ինքնավարության. այս կարծիքին է պատմական գիտությունների դոկտոր Թիմերլան Այթբերովը:
Նա իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ «Ադրբեջանում ադրբեջանական թուրքերի կողքին ապրել անհնար է, նույնիսկ եթե պարում ես նրանց դուդուկի տակ, բայց չես ուզում բանող անասուն լինել նրանց համար»: «Եթե իշխանությունը նրանցն է, նրանք իրենց էությամբ պարզապես չեն կարող հաշվի նստել ուրիշ ժողովուրդների հետ: Դա աքսիոմ է, որը Կովկասում գիտե ցանկացած մարդ»,- ասում է Այթբերովը: Ըստ նրա` առանց լիարժեք ինքնավարության Ադրբեջանում չի կարող գոյատեւել ոչ մի ժողովուրդ, նույնիսկ ստրկական հոգեբանություն ունեցողը:
Ադրբեջանցիների բնավորությունն այնպիսին է, որ նրանք բոլոր քիչ թե շատ լավ վարձատրվող պաշտոնները պետք է բաժանեն իրենց կամ, ծայրահեղ դեպքում, լիովին թրքացած քրդական ցեղերի միջեւ: Գիտնականը օրինակ է բերում այսրկովկասյան Ավարստանը, այսինքն` Ջարո-Բելոկանը եւ Ելիսուն, որտեղ նույնիսկ թաղային ոստիկանը պահանջում է, որ ավարները իր հետ խոսեն ադրբեջաներեն եւ անպայման ցածր ձայնով:
Նույն վիճակում են նաեւ թալիշները: «Թալիշական սփյուռք» ռուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովի խոսքով, Ադրբեջանի հարավային շրջանները, որտեղ թալիշները բնիկ են, զանգվածաբար վերաբնակեցվում են քրդերով: «Միայն Լենքորանում վերաբնակվել է մոտ 5 հազար քուրդ, գյուղերում` 500-1000-ական,- ասում է Շաբանովը:- Տեղացիների համար անտանելի պայմաններ են ստեղծվում. մարդիկ չեն կարողանում հող գնել, գործարարությամբ զբաղվել: Ամեն փռշտոցի համար թալիշները պետք է Բաքվից թույլտվություն ստանան, իսկ եկվորների համար ստեղծված են առավելագույնս բարենպաստ պայմաններ: Ամբողջ թալիշ երիտասարդությունը մեկնել է» («Նոեւ կովչեգ»):

Վախի մթնոլորտ Ադրբեջանում

Բնականաբար, այս ամենը կարող էր լինել միայն բռնապետական երկրում, որտեղ հասարակական մթնոլորտը հիշեցնում է ստալինյան ժամանակները: Այդ է վկայում ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով անցած շաբաթ Բաքվում մասնակցել է Սոցինտերնի հավաքին: «Մթնոլորտը ճնշող էր,- պատմել է Կ.Մանոյանը:- Մասնավորապես, տպավորություն էր ստեղծվում, թե Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն Լեռնային Ղարաբաղի մասին ասում է այն, ինչ նրան պարտավորեցրել են ասել»: Այն Ալիզադեն, ով մի քանի տարի առաջ իրեն թույլ էր տալիս քննադատել Ադրբեջանի իշխանությանը, այսօր հայտարարում է, որ իր երկիրը «կայուն զարգանում է» եւ ուրիշ ոչ մի խնդիր չունի` բացի «օկուպացված տարածքներից»:
Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունն ուներ 300 հազար անդամ, ապա այսօր կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերում կա 500 հազարից ավելի մարդ: Ալիզադեն ինքն է հայտարարել, որ «այսօր Ադրբեջանի ցանկացած բյուջետային ծառայող ուղղակի պարտավոր է դառնալ երկրի նախագահի կուսակցության անդամ»: Նա օրինակ է բերել դպրոցներից մեկի տնօրենին, որը ստիպված է եղել դուրս գալ սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերից` աշխատանքը չկորցնելու համար:
Կ.Մանոյանն ասել է, որ իրենից հարցազրույց վերցնող ադրբեջանցի լրագրողն ամեն գնով ուզում էր ձայնագրել իրենց ամբողջ խոսակցությունը: «Ինչի՞դ է պետք» հարցին ի պատասխան` լրագրողն ասել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաշվետվություն են պահանջում, թե ինչո՞ւ եւ ինչի՞ մասին է զրուցել հայի հետ («arminfo.info», 18.10.2010):
Այս մթնոլորտն անխուսափելիորեն առաջացնում է հասարակության ընդվզումը: «Թուրան» գործակալության մեկնաբան Զաֆար Գուլիեւի կարծիքով, «ադրբեջանցի ժողովրդի համբերությունն ավելի շուտ կհատնի, քան նավթը»: Ըստ նրա` Ադրբեջանում առկա են համակարգային ճգնաժամի նշաններ. «Ցուցադրական մարտահրավերները Արեւմուտքի ժողովրդավարական ակնկալիքներին, «սառը պատերազմները» Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դեմ, «իրանական խնդրի» մշտական ճնշումը, անշեղորեն աճող գները, սղաճը եւ բյուջեի պակասուրդը, ներիշխանական խմորումները, հասարակության մեջ կոռուպցիայի եւ սոցիալական բեւեռացման չափերը, քաղաքացիների օրախնդիրների բացահայտ անտեսումը եւ այս ամենը` հակասությունների սրման, իրավական կամայականության եւ սոցիալական դժգոհության ֆոնի վրա» («azcontact.com», 05.10.2010):

Հեյդար Ալիեվի ուրվականը

Քաղաքական վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Հեյդար Ալիեւի օրոք այսպես չէր: «Վերջինս իր ռեժիմը պաշտպանելու խնդիրը երբեք չէր սահմանափակում սոսկ հիմնվելով ավանդական «բուլկու եւ մտրակի» (պատժիչ եւ ֆինանսական ռեսուրսների) վրա: Նա բավական մեծ ուշադրություն էր դարձնում ժողովրդի վստահության գործոնին»,- գրում է Զ.Գուլիեւը` հիշեցնելով, որ Ալիեւ-ավագը ստեղծել էր իրեն աջակցող սոցիալական տարբեր խմբեր` կուսակցականների, խոշոր եւ միջին գործարարների, մտավորականների եւ այլոց: Ի տարբերություն նրա` «Իլհամ Ալիեւը հիմնվում է միայն ուժի եւ փողի վրա, կախման մեջ է հայտնվել իր մերձավոր շրջապատից, օլիգարխիական նոմենկլատուրայից, սեփական քմահաճություններից եւ այդպես էլ չի կարողացել դառնալ ո՛չ համաժողովրդական առաջնորդ, ո՛չ էլ յուրաքանչյուր ադրբեջանցու նախագահ» («azcontact.com», 05.10.2010):
Այն, որ Իլհամին համեմատում են հոր հետ, Ալիեւ-կրտսերի թերարժեքության բարդույթի հիմքն է: Նա ամբողջ կյանքում ապրել է հոր ստվերում` հոր օգնությամբ: Նույնիսկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում սովորելու տարիներին նա լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք կարգավորվել են միայն հոր միջամտությամբ: «Մի անգամ, սակայն, նույնիսկ Կրեմլից հնչած զանգն է անզոր եղել. հայտնի քաղաքագետ եւ մեկնաբան Վալենտին Զորինը, որ ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր էր, Իլհամին անբավարար է նշանակել: Եւ վերջինս ստիպված ուսումնառությունը շարունակել է Կիեւում»,- գրում է Վահրամ Աթանեսյանը:
Նրա կարծիքով, Իլհամ Ալիեւն ուզում է ձերբազատվել սոսկ Հեյդար Ալիեւի որդի լինելուց, ինքնահաստատվել, բայց դա նրան չի հաջողվում, քանի որ ինչ էլ անի, «թե՛ հպատակները, թե՛ մերձավորները, թե՛, մանավանդ, միջազգային հանրությունը նրան ընկալում են որպես Հեյդար Ալիեւի որդու: Հոր ստվերը նրանից միշտ մի քանի քայլ առաջ է»:
Դատելով ըստ ամենայնի` Իլհամ Ալիեւը ինքնահաստատվելու համար որոշել է անել այն, ինչ չկարողացավ իր հայրը` զավթել Լեռնային Ղարաբաղը: Միայն այդպես նա կարող է գերազանցել իր հորը եւ պատմության մեջ մնալ որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնող առաջնորդ» («azg.am», 23.10.2010):
Հոգեբանական այս բարդույթի գերին լինելով` Իլհամ Ալիեւը բարդույթավորում է ադրբեջանական հասարակությանը, կամ, այլ կերպ ասած, վարակում: «Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը հիվանդագին բնույթ է կրում»,- հոկտեմբերի 21-ին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, դա կարող է հանգեցնել կոլեկտիվ հոգեկան խանգարման: «Ադրբեջանցիների մեջ ակնհայտ է ներհոգեբանական շեղումը` կապված այն հարցի հետ, թե իրենք ումից են սերում: Այդ էթնոախտաբանական հարցը լուծելու համար նրանք ձեռնամուխ են եղել սեփական պատմության ստեղծմանը», ինչի արդյունքը «կոլեկտիվ ստախոսությունն է» («armenpress.am», 21.10.2010):
Այս քարոզչության հետեւանքով Ադրբեջանում մոլեգնում է հայատյացությունը, ինչը կարող է հանգեցնել պատերազմի: «Երբ դեմ դիմաց կանգնած են զինված բանակներ, որոնք ատում են միմյանց, նրանք չեն կարող երկար ժամանակ ոչինչ չանել: Ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան»,- ասում է ադրբեջանցի քաղաքագետ Փարվին Դարաբադին («echo-az.com», 21.10.2010): Նույն կարծիքին է հայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը («news.am», 27.09.2010):
Քաղաքագետ Իգոր Մուրադյանի կարծիքով, պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է այնպիսի վնաս հասցնի թշնամուն, որ պատերազմելը վերջինիս համար դառնա անիմաստ: Ի.Մուրադյանը համոզված է, որ «նրանք վախենում են պատերազմից» («panorama.am», 22.10.2010):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #42 (857) 27.10.2010 – 3.11.2010, Ռազմաքաղաքական


15/12/2010