Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ



ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ-Պա՛պ, ինձ համար ամենամեծ նվերը կլինի, որ ապերն էլ մասնակցի իմ մկրտության արարողությանը,- դիմելով ինձ՝ ասաց աղջիկս: – Բայց ո՞նց մասնակցի, Վերգինե ջան. նա ծառայում է,- փորձեցի «մխիթարել» աղջկաս:

– Եթե ինքը չի կարող գալ, եկեք մենք գնանք նրա մոտ,- համառեց աղջիկս:

– Ճիշտ է ասում,- խոսակցությանը միջամտեց տատիկը. միանգամից Արարատին էլ կկնքեք:

– Բայց նրան ո՞վ կթողնի:

– Որ գնաք, Աստված մի դուռ կբացի,- պնդեց տատիկը:

Պատրաստվեցինք ու տոնական տրամադրությամբ ուղևորվեցինք Արցախ: Սակայն սրտներումս անհանգստություն կար. բա որ Արարատին չթողնե՞ն։ Հասանք տեղ, տեղավորվեցինք ու հաջորդ առավոտյան գնացինք զորամաս: Հիշում էինք մորս խոսքը՝ Աստված մի դուռ կբացի:

Զորամասի հրամանատար գնդապետ Մխիթարյանն ընդառաջեց մեր խնդրանքին և թույլատրեց որդուս միանալ մեզ:

Աննկարագրելի ցնծությամբ քույր ու եղբայր հանդիպեցին: Գանձասարում կատարվեց մկրտության արարողությունը: Բոլորս հուզված էինք, ուրախ և երախտագիտությամբ լի Արցախ աշխարհի, սահմանը պահող մեր զինվորների, հրամանատարության նկատմամբ:

Երևան վերադարձանք բարձր տրամադրությամբ ու երախտագիտությունը մեր  սրտերում: Բարի ծառայություն մեր զինվորներին, նրանց քաջարի հրամանատարներին։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

զինվորի հայր

Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Հոգևոր-մշակութային


29/08/2019