ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Հանրապետության հյուսիսարևելյան դարպասի պաշտպանությունը հուսալիորեն իրականացնող զորամասերից մեկում ենք: Արդեն մի քանի օր է, ինչ այստեղ և մյուս զորամասերում մեկնարկել է ուսումնական երկրորդ կիսամյակը:
Շարահրապարակում շարված տղաները կոփված են, ֆիզիկապես լավ պատրաստված ու ռազմական գիտելիքներով զինված: Նոր ուսումնական փուլը հենց այդ տվյալներն ու մասնագիտական որակները կատարելագործելու և կիրառելու կարևոր գործընթաց է: Ուսումնական ամբողջ գործընթացի ժամանակ շարքային զինծառայողներին օգնում են ավագ ընկերներն ու սպաները, այդ մասին է վկայում նաև դասակի հրամանատար Սամվել Եփրեմյանը. «Սպայական կազմը ջանք ու եռանդ չի խնայում զինվորների մասնագիտական ունակությունները զարգացնելու և նրանց պատրաստելու վաղվա բարդ գործողություններին»։
Զորամասը գերազանց ցուցանիշներով է սկսել ուսումնական գործընթացը, քանի որ այստեղ իրենց գործի գիտակ են բոլորը՝ շարքային զինծառայողից մինչև բարձրագույն հրամանատարական կազմ. «Համաձայն պատրաստության պլանի՝ օրեցօր կատարելագործում ենք մեր մարտավարությունը, վարժեցնում ենք զինվորներին, որպեսզի ավելի լավ տիրապետեն զինվորական հմտություններին»,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանը:
Նորակոչիկները թեև օրեր առաջ են երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին, բայց արդեն հասցրել են ծանոթանալ ստորաբաժանման հիմնական գործառույթներին: Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ բանակի շարքերը նոր համալրած տղաները արագ ու ճշգրիտ են կատարում սպաների հրամանները:
…«Տագնապ» ազդանշանի հնչելուն պես կրտսեր սերժանտի դասակը կազմ-պատրաստ շարված է զորամասի շարահրապարակում. հրաձիգները շտապում են զինանոց՝ իրենց ամրակցված զենքը վերցնելու։
Շարքային Կարո Բզնունին արդեն իրեն դրսևորում է որպես հմուտ ու բանիմաց զինվոր. «Ամեն մեկին իր զենքն են կցել։ Ինձ կցել են ԱԿՄ-ը։ Կարճ ժամանակ եմ օգտվել այս զենքից, բայց տիրապետում եմ. արդեն հասցրել եմ կրակել և բավականին լավ եմ կրակում»։
Հնչում է հաջորդ ազդանշանը՝ «Ուսումնական տագնապը»։
Տղաներն, ըստ պարտականությունների, հստակ կատարում են իրենց գործը. դուրս են բերվում ռազմական տեխնիկան, ականանետը, անհրաժեշտ միջոցները:
Տեխնիկան բերվում է մարտական վիճակի, և սկսվում է գործնական դասընթացը:
Հրետանավոր Գոռ Վարդանյանն ասում է՝ մինչ բանակ գալն է ցանկացել ծառայել այսպիսի ստորաբաժանման կազմում, և երազանքն արդեն իրականություն է. «Սկզբից անսովոր էր, չէի հասկանում՝ ինչ զենք է, բայց հետո, երբ սերժանտները բացատրեցին, հասկացա, որ լավ զենք է: Շատ ուրախ եմ, որ հենց այստեղ եմ ծառայում և վստահ եմ, որ լավ արդյունքներ կգրանցեմ ուսումնական փուլի ընթացքում»։
Ուսումնական փուլի չորս ամիսների ընթացքում այս տղաները կկատարելագործեն զինվորական մասնագիտության հմտությունները և անցնելով դիրքային ծառայության՝ կսկսեն լիարժեք իրականացնել հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում