Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎԵՑԻՆ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ



ԵՐԴՎԵՑԻՆ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների երդման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, դիմորդների ծնողներն ու հարազատները:

Արդեն կուրսանտի կարգավիճակում տղաներն անցել են նորակոչիկների պատրաստության ծրագրով նախատեսված դասընթացները և այժմ ամբողջությամբ պատրաստ են լիարժեք զինվորական կյանք մտնելու: Մինչ այդ, նրանք հանձնել են միասնական քննություններ, իսկ քննող հանձնաժողովն ընտրել է դիմորդներից լավագույններին:

Կարճ ժամանակահատվածում զինվորական այբուբենը յուրացրած երիտասարդները շարային քայլով հերթով մոտեցան հրամանատարներին, ընթերցեցին երդման տեքստը՝ հպարտության և հուզմունքի պահեր պարգևելով հարազատներին: Այնուհետև ռազմական համալսարանի հոգևոր հովիվ, Տեր Պսակ քահանա Մկրտչյանի օրհնությամբ ընթերցեցին տերունական աղոթքը: Միջոցառումը եզրափակվեց հանդիսավոր քայլերթով:

Կուրսանտներին շնորհավորական խոսք ասաց համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Ս. Մինասյանը:

-Այսօր ձեզ համար հիշարժան օր է: Հայրենիքի պաշտպանությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է, և դուք այսօրվանից ստանձնում եք այդ առաքելությունը: Հիշե՛ք՝ արտերկրում ներկայացնելու եք հայ զինվորականի կերպարը, գաղափարն ու ոգին, լինելու եք մեր պետության դեսպանները: Զինվե՛ք գիտելիքներով՝ հետագայում դրանք ձեր ենթականերին փոխանցելու համար։

…Միջացառումից հետո զրուցեցի կուրսանտ Արտաշես Մխոյանի հետ: Ավարտել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, քննությունները հաջող հանձնել և ընդունվել է ՌԴ Միխայլովի անվան հրթիռահրետանային ակադեմիա:

-Ակադեմիան ամբողջ աշխարհում լավագույններից է հրետանավորի մասնագիտացում ստանալու համար: Հեռակա կարգով ուսումնասիրել եմ ռազմական այս բուհի գործունեությունը, շրջանավարտ սպաների հաջողությունները: Շատ էի ուզում հենց այդ բուհն ընդունվել: Նպատակ էի դրել իմ առջև, որն էլ հետևողականորեն իրագործում եմ: Վստահ եմ՝ լավ կսովորեմ և մեր բանակի պատիվը բարձր կպահեմ,- ասաց Արտաշեսը:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/08/2019