Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄ



ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄՀայրենի գյուղն ու հողը սիրելով՝ սահմանից ուղիղ գծով  500 մետր հեռավորության վրա է ապրում Ծերունյանների բազմանդամ ընտանիքը: Չնայած տունը սահմանագծին շատ մոտ է, սակայն Ծերունյանները ամենատարեցից մինչև ամենակրտսերը, ապրում են կյանքի բնականոն ռիթմով. արարում են, հող մշակում ու սահման պահում:

-«Չեմ էլ ուզում, որ գյուղից մի տեղ գնամ: Հողս մշակում եմ, ընտանիքս պահում եմ, գյուղը պաշտպանում ենք: Ինչի՞ց պետք է վախենամ: Թող թուրքը վախենա»,- շեշտում է Ռոզա Ծերունյանը:

Ծերունյանների տնից ոչ շատ հեռու Ոսկանյանների տունն է: Որդիներով, թոռներով ու ծոռներով այստեղ գյուղի ամենատարեց բնակիչներից մեկն է ապրում՝  Սուսամբար տատը: Թշնամու անկանոն կրակոցների մասին լսելիս ու խոսելիս կես կատակ-կես լուրջ միայն նշում է`

-Էնքան կրակեն, որ բեզարեն:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄԳյուղատնտեսական տարին Չինարիում բերրի է: Համայնքի ղեկավարն ուրախությամբ է փաստում. այս տարի թզի բերքն ու մթերման գործընթացն աննախադեպ են:

-«Շուրջ 70 տոննա արդեն արտահանել ենք: Առավոտից  մինչև երեկո մարդիկ զբաղված են այդ գործերով: Նախապատրաստվում ենք նաև աշնանացանին: Այնպես որ՝ մեր սովորական գյուղական կյանքով հանգիստ ապրում ենք սահմանին»,- ընդգծում է Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

Գյուղատնտեսական աշխատանքներին մեծ ոգևորությամբ ամբողջ գյուղն է ներգրավված, ինչն, ըստ համայնքի ղեկավարի, ևս մեկ անգամ վկայում է, որ սահմանամերձ Չինարին կենսունակ բնակավայր է, և որևէ մեկը գյուղը լքելու մտադրություն չունի:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄՓխրուն խաղաղության բաժանարար գիծն ու հակառակորդի խրամատները գյուղից շատ հեռու չեն, սակայն սահմանագծում յուրաքանչյուր շարժ հայ դիրքապահների նշանառության թիրախում է: «Հակառակորդի շարժը մշտապես դիտարկվում, զեկուցվում է: Զգոն ենք՝ գիշեր, թե ցերեկ, տրամադրությունը մարտական է, եւ մենք զգում ենք մեզ այս տարածքների տերն ու տիրակալը»,- նշում է պայմանագրային զինծառայող Աշոտ Ջուլհակյանը:

Խրամատում բոլորը փորձառու պայմանագրայիններ են Չինարիից ու հարևան գյուղերից: Այդ մասին հատկապես դիրքապահները մեծ հպարտությամբ են խոսում. կրկնակի զգուշությամբ ու զգոնությամբ սահմանն անառիկ պահելու առաքելությունն են կատարում՝ ապահովելով թիկունքում գտնվող իրենց ընտանիքների ու համագյուղացիների անվտանգությունը:

-Հզոր հավատով, Աստծո օրհնությամբ միշտ պատրաստ ենք մարտի,- շեշտում է դիրքապահ Արմեն Պետրոսյանը:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄԱնտառային բարդ տեղանքով ու հակառակորդի հենակետերի մոտ լինելով պայմանավորված՝ դիրքապահների ծառայությունն այստեղ օրվա բոլոր ժամերին խիստ կանոնակարգված է, եւ, անկախ դժվարություններից, դիրքապահները սահմանի պաշտպանությունը կատարում են գերազանց, մարտական խնդիրը՝ անթերի՝ ամեն պահի ու միշտ պատրաստ պատժիչ հակահարված տալու հակառակորդին:

Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները ու դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու առաջնահերթությունը՝ հենակետում ինժեներական ու ամրաշինական աշխատանքները երբեք կանգ չեն առնում. ամրացվում են խրամուղիները, կառուցվում են նոր թաքստոցներ ու կրակակետեր:

-Իրականացվում են լայնածավալ ինժեներական աշխատանքներ: Նպատակն այն է, որ յուրաքանչյուր մարտական դիրք լինի ավելի ամուր ու անվտանգ: Բոլոր մարտական հենակետերում տեղադրված են տեսադիտարկման համակարգեր: Առկա են գիշերային տեսանելիության սարքեր,- վստահեցնում է զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Թադևոսյանը:

8-1-5Զորամասի հրամանատարը մարտական հենակետ հաճախ է այցելում, անձամբ ծանոթանում կատարված ու ընթացիկ աշխատանքներին: Գնդապետ Թադևոսյանը ուրախությամբ է փաստում. հենակետում յուրաքանչյուրն իր խնդիրը պատասխանատվության մեծ գիտակցումով է կատարում, ինչը փաստում են նաև հաճախակի ու հանկարծակի ստուգումների արդյունքները:

-Զինծառայողները լիարժեք տիրապետում են իրենց ամրակցված զենքերին ու մարտ վարելու հմտություններին: Որպես զորամասի հրամանատար՝ կարող եմ հավաստիացնել, որ դիրքապահները պատրաստ են արժանի պատասխան տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Չընդհատվող խրամատային աշխատանքների մասն է կազմում նաև դիրքապահների կենցաղի բարելավումը: Սա ևս կարևոր ցուցիչ է առաջնագծում մարտական ծառայության պայմանները անվտանգությանը զուգահեռ որակական նոր նշաձողի հասցնելու համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/09/2019