Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐԱՑԵԼ Է Ե՛Վ ՍՆՆԴԻ, Ե՛Վ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ



ԲԱՐՁՐԱՑԵԼ Է Ե՛Վ ՍՆՆԴԻ, Ե՛Վ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸԱռանձին հրետանային զորամասերից մեկի ճաշարանը վերջին շրջանում այլ տեսք է ստացել, այլ համ ու հոտ ունի նաև մատուցվող սնունդը: Զորամասի զինծառայողներին մատուցվող սնունդը մատակարարում է մասնավոր ընկերություն, իհարկե` զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի և համապատասխան ծառայությունների անմիջական վերահսկողությամբ: Ճաշարանում առաջին հերթին նկատելի են հովացուցիչները և տաք ու սառը ջրերի սարքերը: Ամառվա տոթին այստեղ հնարավոր է զովանալ ու ճաշել հանգիստ ու տրամադրող մթնոլորտում: Փոխվել են սննդի մատուցման եղանակները, ճաշատեսակներն ու աղցանները շատ ավելի բազմազան են, զինծառայողներն էլ ունեն ընտրության հնարավորություն: Սննդակարգի մեջ առկա է նաև մրգերի ու բանջարեղենի, հյութերի ու քաղցրավենիքի բազմազանություն:

Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց ընկերության ներկայացուցիչ Արմենուհի Սահակյանը, առաջիկա մեկ տարվա ընթացքում ծրագիրը կիրականացվի այլ զորամասերում ևս: «Մեր նպատակը զինծառայողներին ընտրելու հնարավորություն ընձեռելն է, որ և՛ նրանք գոհ լինեն, և՛ նրանց ծնողները չանհանգստանան: Նորամուծությունները սննդակարգում պարբերական բնույթ են ունենալու»,- վստահեցրեց Արմենուհի Սահակյանը:

Սննդակարգի փոփոխություններին դրականորեն են արձագանքել նաև զորամասի զինծառայողները. «Ե՛վ սննդի որակն է բարձրացել, և՛ սպասարկման մակարդակը»: Պարենային ապահովումն իրականացնող ընկերության աշխատակիցներն էլ պարբերաբար հարցումներ են կատարում և  հենց զինծառայողներից հետաքրքրվում սննդակարգից՝ ըստ անհրաժեշտության նաև կատարելով որոշակի շտկումներ իրականացվող աշխատանքներում:

Զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը դեռևս ընթացող աշխատանքները գնահատում է գերազանց: Մնում է պահպանել որակը` հաշվի առնելով նաև զինծառայողների կարծիքը:

Հավելենք, որ ծրագրի շրջանակում կիրակի օրերին զինծառայողներին՝ որպես հիմնական ճաշատեսակ, մատուցում են խորոված և այլ համեղ ու ավանդական ուտեստներ:

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ՅԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Ազգային բանակ


05/09/2019