Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ. ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ. ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆԱնկախացումից հետո Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հիմնականում պահպանում էր հին սովորությունը՝ երկրպագուներին հրամցնելով «բարոյական» հաղթանակներ: Սակայն տարիների ընթացքում ֆուտբոլը զարգացավ, ունեցավ կարճատեւ բռնկումների ու երկարատեւ վերելքի շրջաններ: Հետո եկավ մեկը, որը ձգտում է հայկական ֆուտբոլի վերածննդի դրոշակակիրը դառնալ: Եվ նա այսօր մեր թիմին առաջնորդում է դեպի բաղձալի ու երկար սպասված մեծ մրցաշարը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:
Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ խաղում մեր տղաներն, իհարկե, խաղում էին 3 միավոր վաստակելու համար, սակայն գլխավորը մարտական ոգին էր։ Հայ երկրպագուին ուրախացնելն ու երջանկացնելը, դրոշի ու զինանշանի համար դաշտում կռիվ տալն ավելի բարձր գին ունեն, քան միավորները: Մեր մրցակցի հետ առաջին խաղում՝ Սարաևոյում նրանց երկրպագուները ցույց տվեցին միասնականություն, ինչը բախտորոշ դարձավ: Բայց երևանյան խաղում հայերի հերթն էր ապացուցելու, որ համախմբվելու դեպքում կարող են սարեր շրջել:
Այս օրերի ընթացքում Մխիթարյանի կողքին հերոսացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Մեր ձախ պաշտպանը հրթիռի պես սլանում էր առաջ՝ տակնուվրա անելով իտալացիների ու բոսնիացիների պաշտպանական դիրքերը: Մերոնց այդ օրը որսալ չէր լինում: Ու միայն Կամոն ու Հենոն չէ. ամբողջ թիմն աշխատեց մեկ մարդու, իսկական մարտական ջոկատի պես, որը միայն մեկ բանի էր ձգտում՝ հաղթել:
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ. ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆՍպորտում և մասնավորապես ֆուտբոլում գոյություն ունի «հաղթողի» հոգեբանություն կոչվածը: Մեր ֆուտբոլիստները հոգու խորքում ունեին այդ հոգեբանությունը, սակայն մեզ պետք էր մասնագետ, որը կկարողանար կյանքի կոչել այն: Ամբողջ գիտակցական կյանքը հայկական ֆուտբոլին նվիրած Արմեն Գյուլբուդաղյանցը ներշնչեց մեր ֆուտբոլիստներին, որ կարևորը հաղթելը չէ, կարևորը, որ խաղաս հանուն այն ֆուտբոլասերի, որը եկել է քեզ երկրպագելու, հանուն մարզաշապիկիդ պատկերված զինանշանի:
Հիմա արդեն Արմեն Գյուլբուդաղյանցի ու Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ մենք հասել ենք այն կետին, որ ոչ թե մտածում ենք գոնե չպարտվելու, այլ միայն հաղթելու մասին: Մենք ունենք ամեն ինչ հաղթանակների համար: Ունենք գերազանց մարզիչ-գեներալ, փառահեղ առաջատար խաղացող-հրամանատար և նվիրյալ զինվորներ, որոնք պատրաստ են մեզ՝ երկրպագուներիս պարգևելու ամենահաճելի հաղթական հույզերը:
Այսպիսի խաղը թիկունքում թողնելով՝ մենք մեկ ամսից մեկնում ենք Հելսինկի 3 միավոր հետ մնալով, սակայն «հաղթողի հոգեբանությամբ»: Այսպիսի նպատակասլաց խաղով մենք կարող ենք հաղթել ֆիններին: Երբ Կամոն, Հենրիխը, Գևորգն ու ընկերները զինված են լինում հաղթելու անհագ ցանկությամբ ու երկրպագուների ջերմագին աջակցությամբ, նրանց կանգնեցնել հնարավոր չէ: Մեր բոլոր փառավոր հաղթանակները մենք տարել ենք ամենակարևոր պահին, երբ անհրաժեշտ է եղել համախմբվել: Մի ամսից նորից համախմբվելու ժամանակն է: Իսկ դա նշանակում է՝ նոր հաղթանակները սարերի հետևում չեն:

ՌՈԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մարզական մեկնաբան
Հատուկ «Հայ զինվորի» համար

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Մարզաշխարհ


12/09/2019