Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԺԱՆՏ ՍԱՆԿՈ



ՍԵՐԺԱՆՏ ՍԱՆԿՈՀաճախ այն տպավորությունն եմ ունեցել, թե կյանքում ամեն ինչ՝ ինձ համար անհետևանք, սահում-անցնում է իմ վրայով, և միայն մահն է, որ ժամանակ առ ժամանակ արթնացնում, զգաստացնում է թմրած զգացմունքներս, ստիպում հիշել անցյալը… Այլ բան է հուշը, որ ճշգրտորեն վեր է հանում, վերականգնում է անցած-գնացած դեպքերն ու փաստերը՝ հարկադրելով վերապրել եղելությունը՝ դավ, ավեր, պատերազմ…

 

***

 

1984 թվականի հունիսն էր։ Անտանելի շոգ ամառ։ Դադար էր. գումարտակը առժամանակ մարտական գործողությունների չէր մասնակցելու։ Օր օրի համալրման էին սպասում։ Վրաններում մահճակալներին կրկնահարկեր ավելացվեցին, զորամասին հանդիսավոր տեսք տալու համար կրով սպիտակեցվեց հնարավոր այն ամենը, ինչը խունացել-խամրել էր կիզիչ արևից ու խորշակներից։ Անձնակազմը նորակոչիկներին «գրկաբաց ընդունելու» պատրաստություն էր տեսնում։ Նրանց ժամանմամբ առավել անհամբեր էին ծառայության վաստակաշատ «ծերուկները», ովքեր, ըստ ավանդույթի, արյունալի փորձ էին փոխանցելու սկսնակներին և իրենց արժանի փոխարինողներ էին կարգելու՝ թերևս առաջինների շարքերում զորացրվելու աղոտ հույս փայփայելով։ Այնինչ, ավետաբեր ինքնաթիռը ասես իր թանկագին «բեռը» տեղ հասցնել չէր շտապում։

…Ամառնամուտն իր վայրի տարերքի մեջ էր, երբ բեռնատար օդանավը վերջապես վայրէջք կատարեց, որն այս կողմերի համար և՛ քաղաքակիրթ աշխարհի հետ միակ կապն էր, և՛ զառամյալ Քարոնի մակույկի նշանակությունն ուներ։ Շարային մասի պետ, կապիտան Մամիևը՝ մի խենեշ լեզգի, օդանավակայանում աչքի էր անցկացնում վեցամսյա հատուկ պատրաստություն անցածների շարքերը, որոնց մեջ կային այնպիսիները, ովքեր եկել էին, այսպես ասած, իրենց երազկոտությունից կամ հիմարությունից դրդված՝ կամավոր։ Նրանց հետ նույն չվերթով ժամանել էին նաև մի քանի հուսալքվածներ (խաբվածներ), որոնց հավաքագրել էին՝ շահագրգռելով իբրև թե Արևելյան Եվրոպայի ընտրանի զորքերում ծառայելու գայթակղիչ հեռանկարով։ Եվ ոմն նորաթուխ մի լեյտենանտի հարցումին, թե՝ ի՞նչ է այս տեղի անունը, ո՞ւր են բերել մեզ, պատասխանեցին՝ «Ղանդահա՛ր է էս տեղի անունը, ապո՛ւշ, Դեմոկրատական Աֆղանստա՛ն, մի՞թե քեզ չեն բացատրել…»։

Երանելի Արևմուտքը մնացել էր հորիզոնից անդին։

 

***

 

Գումարտակի՝ «համարում վայելող» ախպերության համար խոնջանքի շրջան էր սկսվել։ Մատաղ սերունդը զօր-գիշեր բանում, ջանք ու եռանդ չէր խնայում իր պարտքը փոխհատուցելու այն մեկ-երկուսին, որոնց միտքը վարժ էր մշտահոլով մի ասույթի. «Մինչ դու տանը տաքուկ քնած էիր, ես էստեղ արյուն էի հեղում քեզ համար…»։

Սերժանտ Սանկոն առաջին վաշտում նորեկներից մեկն էր։ Կովկասում կարճատև ծառայությունից հետո նա իր «մեղքը քավելու» էր ուղարկվել նամակի ընթերցանությունից հաճելի վերացումներով տարվելու և քաղպարապմունքի ժամը մոռացության մատնելու հանդգնության համար, ինչն էլ «դասալքություն» էր որակվել։

Վաշտում նրանից շատ ավելին էին պահանջում, քան նույն զորակոչի մյուս իր հասակակիցներից, քանի որ նյարդայնացնելու չափ մունջ էր, ինքնամփոփ և համրի համառությամբ էլ շարունակ արհամարհում էր լրբենի լուտանքները։

– Սանկո՛, ջո՛ւր բեր, Սանկո՛, սպիտակեղենս փոխի՛, Սանկո՛… Սանկո՜…։

Եզակի խոսքերից մեկը, որ կարելի էր երբեմն լսել նրա բերանից, «այո»-ն կամ «ոչ»-ն էր, իսկ յուրաքանչյուր ի կատար չածվող լպիրշ ցանկություն ուղեկցվում էր ծեծով և ստորացմամբ, որոնց զարմանալիորեն դիմանում էր անապատականի իր համբերատարությամբ՝ սեփական միսը ծամելու նման։

Համբերություն, որի մթին, աներեւույթ խորքերում հակադարձումի ահարկու-ավերիչ ուժ էր թաքնվում: Թվում էր՝ նա այն մարդն է, որի հավատամքը բոլոր վիրավորանքներն ու լլկանքները ՆԵՐԵԼՆ է, բայց ո՛չ երբեք՝ ՄՈՌԱՆԱԼԸ։

 

***

 

Պատահում էր՝ Սանկոյի ենթակայությանը նշանակված զինվորները արհամարհում էին կոչումով ավագի նրա իրավունքները, ասելով՝ «Դու հսկի, իսկ մեզ լուսադեմին ձեն կտաս…»։ Եվ մնում էր մենակ ու մոլոր գիշերվա խավարի մեջ անհատակ, ինչը և՛ բալասան էր, և՛ անհատնում մորմոք։ Ու թե պատահմամբ կամ բախտի բերումով վերակարգում «հարաբերական համերաշխություն» էր տիրում, երկար գիշերվա անորոշ մի ժամի, հերթապահի իր խցում նստած, ծրարում էր անցյալն ու ներկան զուգորդող իր հույզերը, որոնցում ընկեցիկի մերժված մանկության և բարերար որդեգրումի խուլ արձագանքներ կային. «Բարև Ձեզ, սիրելի՛ Կլավդիա Իվանովնա։ Համարձակվում եմ Ձեզ մայր կոչել, թեպետ ինքս վաղուց գիտեմ՝ արժանի չեմ որդի կոչվելու… Որբանոցում մեզ այդ ոգով էին դաստիարակում։ Ի սեր Աստծո, հանկարծ լաց չլինեք, եթե… եթե հայտնեմ… որ ինձ նորից ծեծում են… ծիծաղելի՞ է, չէ՞. երևի կերպարանքս է այնպիսին, որին նայելիս մարդկանց մեջ մռութիս հասցնելու ցանկություն է առաջանում։ Ուր էր՝ մի սիրուն երես էլ չունեցա. տղերքը իրավացի են՝ մռութ է, որ կա։ Չվշտանաք. խնդրում եմ, պետք չի, ինչի համար, չէ՞ որ ես սովոր եմ… Մի կերպ կդիմանամ… Ինչ լավ է, որ չեք կարող ետևիցս գալ… Արդեն գնում եմ, կանչում են, ինձ ուշանալ չի կարելի… Մնաք բարով, չտխրեք։ Վախենում եմ՝ չհասցնեմ… Ես Ձեզ կարոտում եմ։

 

***

 

Մի գիշեր Սանկոյի հետ վերակարգում հերթապահում էին կինոմեխանիկ Ստիչն ու սանհրահանգիչ Դավրոնովը։ Նրան ասես բախտ էր վիճակված անլուր զրկանքների գնով յուրացնելու բազմազգ զինակիցների մարդկային խառնվածքները, կարծես ինքը երբևէ ո՛չ ազգություն էր ունեցել, ո՛չ սիրտ, ո՛չ հոգի…

– Սերժանտն առանց մեզ էլ գլուխ կհանի,- նախապես տրամադիր հորանջեց Դավրոնովը։

– Ես նրա հետ կմնամ,- առարկեց Ստիչը։- Պետք է տեսնեիր, Դավրոն, թե ոնց է մերացուի նկարի հետ մենախոսում, լսել էր պետք… խենթանալ կարելի է… Մեղք է տղան, կանչի՛, թող մեզ հետ հաց ուտի, ախր, սոված է մնում, չի՛ կարելի… Զուր տեղը կկորչի տղան…

Կեսգիշերն անց էր: Ծառայակից ընկերները նստել էին իրիկնահացի։ Դավրոնովը սպայական ճաշարանի իր հայրենակիցներից մի թավա լիքը դաղած միս էր բերել։

– Մո՛տ արի, սերժա՛նտ,- ձայն տվեցին Սանկոյին, որ մթության մեջ կանգնել եւ «տեսիլքի պես հսկում էր վաշտի քունը»։

Նրանց կամեցողությունը անպատեհ եւ նույնիսկ անտեղի թվաց սերժանտին, սակայն մերժել էլ անկարող էր, շատ էր անոթի։

– Վերցրո՛ւ, մի՛ քաշվի,- սիրտ տվեց Ստիչը,- զինվորական ճաշարանում մեզ էս տեսակ կեր չեն տա։

Հասարակ զինվորի համար նման ընթրիքը իսկապես էլ արքայական կհամարվեր, մինչդեռ Սանկոյի համար համեղ պատառ չկար։ Նրա քիմքը այլևս դառնահամ էր: Կուլ չգնաց։

– Չէ՛, ես նրա հետ հաց չե՛մ կիսի,- հրաժարվեց հանկարծ՝ մտափոխված։

– Մի տե՛ս, զարթնեց քնած դշխոն… Դու ի՜նչ մարդ ես, ախմախի մեկը,- խրատել սկսեց Դավրոնովը,- թողնում ես՝ քամակդ ամեն անգամ գետնով քարշ տան, քեզ փալասի տեղ են դնում, իսկ դո՞ւ… Դրա համար էլ քո տեղը «պառաշայի» կողքին է, ոչ թե մեր:

Այն արտաքուստ անճարակությունը, որ կամքից անկախ Սանկոյին անպատիվ ու խղճուկ էր դարձնում, դիմացինին օժտում էր «գերմարդու առանձնաշնորհով»…

-Ես փալաս չե՛մ… թույլ չե՛մ տա… Էլ չի՛ կրկնվի,- շուտասելուկի հանգով արտասանեց սերժանտը և իրենից անկախ էլ մեքենայորեն ժպտաց՝ մի տեսակ հավատ չընծայելով իր ասածին։

Մարմինը ժպտում էր՝ քողարկելու համար սրտի գաղտնիքը:

– Մենք քեզ թիկունք կկանգնենք… միայն թե դու…,- զորավիգ եղավ Ստիչը՝ դառնալով զինակից ընկերոջը։-Ի՞նչ կասես, Դավրո՛ն։

– Գլուխ չունե՛մ…,- խորշանքով նետեց Դավրոնովն ու գնաց… քնելու։

 

***

 

Հաջորդ օրը՝ երեկոյան, երբ վաշտի ավագը հայտարարել էր նոր վերակարգը, գումարտակում երկու կրակոց լսվեց։

– Օգնեսե՜ք, օգնեսե՜ք, սպանե՜ս, սպանե՜ս,- սարսափած գոռում էր եֆրեյտոր Գուլիևը՝ մի շողոմ թաթար՝ դուրս վազելով զինանոցից։

…Վրանում իրարանցում էր, բժիշկ Բլինկովը զուր ջանք էր թափում փրկելու Սանկոյին. գնդակը խոցել էր մայր զարկերակը։

– Թո՜ւյլ չե՜մ տա՜…- խռխռաց սերժանտն ու հանգավ՝ ազատագրված «ամեն ինչ ներելու» ստրկությունից:

 

Նա առաջին կրակոցով վերջ էր տվել Դավրոնովին ու ինքնասպան էր եղել։

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Պատմության էջերից


12/09/2019