Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՎԵՐԱՑ



ԽԱՉՎԵՐԱՑԽաչին նվիրված տոների շարքում Խաչվերացն ունի իր բացառիկ կարեւորությունն ու նշանակությունը Հայոց մեջ: Նախ` որպես Խաչի խորհրդի պանծացման եւ փառաբանության պսակ հանդիսացող տոն եւ ապա Խաչի գերեդարձի պատմության մեջ հայոց եւ Հայաստանի խաղացած դերի պատճառով:

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ մեծագույն՝ տաղավար տոներից վերջինն է տարեշրջանի մեջ, և լիակատար վստահությամբ կարող ենք ասել, որ Խաչվերացն առանձնակի ժողովրդականություն վայելող տոն է: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Երբ հայ մարդուն ասես՝ Խաչի տոն, մտքին առաջինը կգա Խաչվերացը: Զարմանալի չէ, որ մինչև 20-րդ դարի սկիզբ այն հայտնի էր նաև բազմաթիվ այլ՝ ժողովրդական անվանումներով. Սփխեչ կամ Սըբխեչ, Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով և այլն:

Այս նվիրական տոնը խտացնում է Քրիստոսի սիրույն ընծայված ժողովրդի ունեցած հավատքի զորությունը, մի ժողովրդի, որ խաչի վերացման, այսինքն՝ բարձրացման, պանծացման միջոցով գոհություն եւ երախտագիտություն է հայտնում Հիսուսի խաչելությամբ իրագործված փրկագործության խորհուրդի համար:

Խաչվերացի տոնը մեր Եկեղեցու զավակներին սրտամոտ է նաեւ այն պատճառով, որ գերեվարված Խաչը թշնամու ճիրաններից փրկելու համար մղված երկարամյա պատերազմներում մշտապես աչքի են ընկել հայկական գնդերը, ուստի և հայ ժողովուրդը եւս իր անուրանալի ներդրումն ունի Քրիստոսի Խաչափայտի ազատագրության մեջ:

Փոկաս կայսեր տիրապետության ժամանակ՝ հատկապես 604-605 թթ., Բյուզանդիան ներքին պառակտումների մեջ էր։ Դրանից օգտվելով՝ Պարսից արքայից արքա Խոսրով Բ Փարվեզի բանակները դյուրությամբ ներխուժեցին կայսրության սահմաններից ներս: Հետագա տարիներին նրանք հաջորդաբար գրավեցին ընդարձակ հողատարածքներ` Միջագետքի, Սիրիայի, Հայքի եւ Փոքր Ասիայի երկրամասերում: Ձախողումների շղթան չընդհատվեց անգամ այն ժամանակ, երբ Փոկասի կայսերական գահին տիրացավ Եգիպտոսի զորավար Հերակլեսը կամ Հերակլը, որին շատերը հայկական ծագում են վերագրում։ Պարսիկները շարունակեցին իրենց հաղթարշավը և արդեն 614թ.-ին նրանց բանակները կանգնած էին Երուսաղեմի պարիսպների առջեւ: 19-օրյա կատաղի մարտերից հետո նրանք գրավեցին Սուրբ քաղաքը: Հրի և սրի ճարակ դարձրին շատերին, հազարավորների գերեվարեցին։ Մարդկանց ունեցվածքը, եկեղեցիներն ու վանքերը կողոպտեցին ու սրբապղծեցին:

Բայց եթե բոլոր մնացյալ կորուստներն ու վնասները տարիների ու դարերի ընթացքում հուշ կդառնային ու կմոռացվեին, ապա ոչ մի քրիստոնյա չէր կարող մոռանալ մեծագույն սրբության՝ Խաչի գերված լինելու հանգամանքը։ Մինչդեռ քրիստոնյա կայսրության անկումն ավելի ու ավելի ակնառու էր դառնում։ Երուսաղեմից հետո պարսկական բանակները գրավեցին նաեւ Եգիպտոսն ու Լիբիան, այնուհետեւ Փոքր Ասիան անցնելով՝ ընթացան դեպի կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս:

Վերջապես Հերակլը, գիտակցելով տերության կործանումը, աթոռակից կայսր է նշանակում որդուն` Կոստանդինին։ Համբուրում և իր վզից կախում է Աստվածամոր նկարը, հագնում է ապաշխարության զգեստներ եւ մեկնում ռազմադաշտ: Առաջինն ազատագրում է հունական Հայաստանը, ուր և անցկացնում է ձմեռային շրջանը, իսկ իր հարավային զորքերը գրավում են Երուսաղեմը, Դամասկոսն ու Անտիոքը: 624թ. Հերակլը փառավոր հաղթանակներ է տոնում պարսիկների նկատմամբ` հետ վերցնելով Վրաստանի, Աղվանից աշխարհի եւ Արցախի երկրամասերը: 626թ. Հերակլը իմաստուն ռազմավարությամբ պատերազմը փոխադրում է Հայաստանի լեռնային շրջաններ, ուր իր շուրջն է հավաքում հայկական գունդերը` Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Հենց Հայքից և հայոց անմիջական մասնակցությամբ է սկսվում դեպի Պարսկաստան վճռական հարձակումը։

627թ. բյուզանդական զորքերը հայկական գնդերի օգնությամբ պարտության են մատնում պարսիկներին, որ և նահանջում են, մատնվում խուճապի, ձերբակալում ու սպանում են Խոսրովին և Պարսից արքունիքն ընկղմում խարդավանքների հորձանուտը: Մեկ տարի անց խաղաղության դաշն է կնքվում, և որ գլխավորն է՝ պարսիկները վերադարձնում են համաքրիստոնեական սրբությունը՝ Խաչը:

Հերակլն անձամբ գլխավորեց պատվո զորագունդը, ուր սուրբ մասունքը Պարսկաստանից Հայաստանով պիտի տաներ Կ.Պոլիս և վերջապես՝ Երուսաղեմ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ցնծությամբ էին հայերն ընդունում պատվո թափորը՝ շարականներով, ծնծղաներով, զանգակներով, խունկով ու մոմով:

Խաչի գերեդարձը հայկական հողերով բազմաթիվ ավանդությունների ծնունդ տվեց: Հիշենք, օրինակ, պատմությունը, թե պարսիկները Խաչը վերադարձնելով՝ զղջացել են և կամեցել հանկարծակի հարձակմամբ այն կրկին խլել։ Հայերը, Խաչափայտը թողնելով մի բարձր ու ապահով տեղում, կատաղի մարտի բռնվելով, հետ են մղում պարսկական հարձակումը, իսկ երբ վերադառնում են, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Պատահական չէ, որ Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ է կոչվում, և այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որն ուխտատեղի է:

Մեկ այլ ավանդությամբ՝ ճանապարհին այնքան շատ մարդ էր հավաքվում Խաչը տեսնելու, որ բոլորն անկարող էին մոտենալ, ուստի Խաչը տանողները ժամանակ առ ժամանակ այն վերացնում՝ բարձրացնում էին, որ բոլորը տեսնեն, ծնունդ տալով նոր մի բառի՝ Խաչվերաց։

Աղոթքներով և հոգևոր երգերով Խաչը տարան Երուսաղեմ, վերացրին՝ բարձրացրին ու կանգնեցրին Գողգոթայում, որ այն ժամանակ հայոց տարածքն էր։ Եվ Խաչը, որ Հռոմեական կայսրության շրջանում մահաբեր գործիք էր, քրիստոնյաներիս համար դարձավ փրկության ճանապարհ…

Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Խաչը դարձավ երկնքի ու երկրի միջեւ եղած վիհը միացնող կամուրջը. «Դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:

Ժողովրդական ավանդության համաձայն՝ Խաչվերացը աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին՝ շաբաթ օրը, կանայք թխվածք են պատրաստում, իսկ տղամարդիկ՝ ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական սովորույթով՝ ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Այս տարի՝ 2019թ., Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 15-ին:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Հոգևոր-մշակութային


12/09/2019