ՏԱՆԿԱՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Օրերս «Տիգրանակերտ» զորավարժարանում տանկային զորամասերից մեկի ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են տանկահրաձգային մարզումներ:
Նախքան մարզումների մեկնարկը, զորամասի հրամանատարը, տեղակալները և ստորաբաժանումների հրամանատարները ենթակա անձնակազմին ներկայացրել են հրաձգության անցկացման կարգը` մեկ անգամ ևս հիշեցնելով անվտանգության կանոնների պահպանման պահանջները: Նշվել են նաև հրաձգության հիմնական ուղղություններն ու կրակի վարման վտանգավոր սահմանները: Այնուհետև, մարտավարական իրադրության համապատասխան, ենթականերին առաջադրվել են մարտական խնդիրները:
Տանկահրաձգային մարզումները հիմնականում նպատակաուղղված են վերգետնյա նշանակետերի ուղղությամբ տարբեր եղանակներով կրակային խնդիրներ լուծելուն, նշանակետեր հետախուզելուն, ինչպես նաև՝ մեծ հեռավորության վրա հրաձգության վարմանը: «Հիմնական շեշտը դնում ենք մարտավարական ճիշտ գործողությունների կատարելագործմանը, հաստիքային զենքի և սպառազինության հմուտ օգտագործմանը, ինչպես նաև մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգության կանոնների պահպանմանը: Չնայած մարզումները նոր են մեկնարկել, առաջին ստորաբաժանումների հրաձգության արդյունքներն արդեն իսկ գոհացուցիչ են»,- մեզ հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը:
Մարզումների ընթացքում ակնառու էին ուսուցանվող անձնակազմի ակտիվ մասնակցությունն ու համախմբված գործողությունները, տպավորիչ էին հատկապես տանկերից կրակային խոցման արդյունքները: Անձնակազմը կրկին ցուցադրեց մարտական պատրաստականության բարձր մակարդակ: «Այսօրվա պարապմունքները մեծ դերակատարություն ունեն զինվորների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման գործում: Ինչպես տեսաք, մեր ստորաբաժանման անձնակազմի կրակային խոցման արդյունքները գերազանց էին, և ուզում եմ վստահեցնել, որ ինչպես հիմա, այնպես էլ իրական մարտական գործողությունների ժամանակ պատրաստ ենք գրանցել այսպիսի արդյունքներ»,-համոզված է մարզումների մասնակից, շարքային Արման Ավետիսյանը:
Մարզումների ավարտին զորամասի հրամանատարը ունկնդրեց ստորաբաժանումների հրամանատարների հրաձգության արդյունքների մասին ամփոփիչ զեկույցները և պատասխանատու սպաներին հետագա անելիքների վերաբերյալ տվեց համապատասխան ցուցումներ ու առաջադրանքներ:
ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Ազգային բանակ