Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ



ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸԶորավարժանքի ղեկավարի ողջույնով սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությունը։ Բացման հանդիսավոր արարողությունն է, հնչում են  մասնակից երկրների պետական օրհներգերը: Հանդիսավոր քայլերթին հերթով ու խրոխտ շարքերով անցնում են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային ստորաբաժանումները: Ելույթ ունեցողները կարևորում են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում  համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով:

– Մեր հայտնի աշուլուկյան հողում մարտական կրակով այսպիսի զորավարժություններ անցկացվում են երկու տարին մեկ: Մենք հավաքվում ենք այստեղ, որպեսզի կատարելագործենք մեր վարպետությունը, օդային հակառակորդին հարվածելու հմտությունները,- դիմելով զորավարժության մասնակիցներին ասաց ՌԴ ԶՈՒ ԶՀԶ և ՕՏՈՒ հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Բաբակովը:

Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն մաղթեց զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ– Ըստ մտահղացման՝ միացյալ խմբավորումը հետ է մղելու օդային հակառակորդի հարվածները կովկասյան տարածաշրջանում, ինչը մեզ համար անչափ սկզբունքային է և կարևոր,- մեզ հետ զրույցում զորավարժության համառոտ սցենարը ներկայացրեց ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

…Սեպտեմբերի 4-ը չափազանց պատասխանատու օր էր մեր հակաօդայինների համար: Նրանք պետք է Ս-300  համակարգերից իրականացնեին փորձնական կրակը: Որքան էլ վստահ լինես քո մասնագիտական հմտություններին,  միևնույն է, որոշակի անհանգստություն կա: Տրվում է  թիրախը, և մեր անձնակազմը,  մեկ հրթիռ արձակելով,  ճշգրիտ հաշվարկի արդյունքում սահմանված ժամանակահատվածում անվրեպ խոցում է այն:

– Զորավարժության մասնակից երկրների բարձրաստիճան զինվորականները տեսան ու բարձր գնահատեցին հայ հակաօդայինների պատրաստվածության ու հմտության աստիճանը,- ասաց զորամասի հրամանատար, գնդապետ Տիգրան Ասլիկյանը:

– Այն խնդիրները, որոնք դրվել են մասնակիցների առջև, կատարվեցին: Արդյունքները գոհացուցիչ են: Բոլոր տեսակի թիրախները, անօդաչու թռչող սարքերը, թևավոր և բալիստիկ հրթիռները խոցվեցին,- զորավարժության մասին այսպես արտահայտվեց ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, ՌԴ հերոս, գեներալ-մայոր Յունուս-Բեկ Եվկուրովը:

Պետք է նշել, որ մեր  զինծառայողները զորավարժության ամբողջ ընթացքում  խստորեն պահպանում էին անվտանգության  կանոնները` աչքի ընկնելով բացառապես դրական կողմերով:  Եվ  կարգապահության, պատասխանատվության ու զինվորական մասնագիտությանը լավագույնս տիրապետելու համար բազմիցս արժանանում  էին  բարձր գնահատականների:

 

Խոսում են զորավարժության մասնակիցները

 

 

ՇԱՀԵՆ ՊԱՊՈՅԱՆ

 

Անբացատրելի զգացողությամբ ես համակվում, երբ քո մարտական հաշվարկը կարևոր ու պատասխանատու խնդիր է կատարում, երբ քո մարտական հաշվարկը անվրեպ խոցում է թիրախը:

 

ԱՐՍԵՆ ԱԼԻԽԱՆՅԱՆ

 

Զորավարժության շրջանակում մարտական կրակոցով խնդրի կատարումը մեզ տվեց փորձ ու վստահություն մեր ուժերի հանդեպ: Այսուհետև էլ ավելի վստահ ենք կատարելու մեզ առաջադրված մարտական խնդիրները, մեզ վստահված մարտական առաջադրանքները:

 

 

ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸԶորավարժության վճռական փուլին հետևելու նպատակով  զորավարժարան  ժամանեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը,  զորավարժության մասնակից ԱՊՀ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Մեկնարկը  տրված է: Երկնքում նախ երևում են պայմանական հակառակորդի ռազմական կործանիչները:  Ավիացիոն հարվածներով հակառակորդին ոչնչացնելուց հետո գործի են անցնում հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էին Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:

ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարում են առաջադրված խնդիրները:  Հայ հակաօդայինները Ս-300 համակարգերով խոցում են պայմանական թիրախները և արձանագրում գերազանց արդյունքներ:

Շարահրապարակում խորհրդանշական ու հիշարժան պահ է. զորավարժության մասնակից պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են  հանձնում  ազգային ստորաբաժանումների զինծառայողներին:

Այս զորավարժությունը յուրահատուկ փորձություն էր մեր հակաօդայինների համար։ Փորձություն, որը նրանք հաղթահարեցին պատվով՝ դրսևորելով մասնագիտական գերազանց հմտություններ և ունակություններ:

ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ

 

ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

Աշուլուկից՝ հատուկ «Հայ զինվորի» համար

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/09/2019