Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՊաշտպանության բանակի 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ զինծառայողների դաշտային վարժվածությունը, կրակային և ֆիզիկական պատրաստությունը, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և արագ  գործելու կարողություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով օրերս կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի և միավորումների գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հետ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ:

Կարևորելով նման ձևաչափով հավաքները՝ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը այն ևս մեկ հնարավորություն է համարել անմիջական պայմաններում անելիքները քննարկելու, համատեղ ու ճիշտ եզրահանգումների հասնելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է բանակաշինության ոլորտում իրականացվող համալիր ծրագրերից, որոնք ուղղված են բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու կատարելագործմանը: Այդ գործընթացում նա կարևորել է հոգատար ու պահանջկոտ, բանիմաց ու համարձակ, սրտացավ ու աշխատասեր, գիտելիքներով զինված ու սեփական ունակությունները անընդհատ զարգացնելու պատրաստ հրամկազմի դերը:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, թերություններին ու բացթողումներին` ՊԲ հրամանատարը շեշտել է, որ դրանց վերացումից է մեծապես կախված ինչպես սեփական, այնպես էլ ենթակա անձնակազմի պարտականությունների լիարժեք կատարումը, և այդ նպատակով ներկաներին իր ցուցումներն ու հանձնարարությունները տվեց:

Այնուhետև, ըստ մասնագիտական խմբերի անցկացվել են համապատասխան պարապմունքներ, որոնց ընթացքում տեսական պարապմունքներին զուգահեռ մեծ տեղ է հատկացվել գործնական, ցուցադրական ու դաշտային պարապմունքներին: Մարտավարամասնագիտական պարապմունքներ են իրականացվել նաև գիշերային պայմաններում, որոնք ուղղված էին ամենատարբեր իրավիճակներում մարտի վարմանը, հակառակորդի ուժերի դեմ արդյունավետ պայքարի մեթոդների ու միջոցների կիրառմանը և համալիր գործողությունների իրականացմանը:

Հավաքներին ներգրաված անձնակազմը ոգևորությամբ ու ակտիվորեն մասնակցել է պարապմունքներին` գիտակցելով, որ կայուն գիտելիքների  ու բարձր մարտական պատրաստվածության շնորհիվ է հնարավոր հաղթահարել այն  դժվարություններն ու մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են բանակի ու պետության առջև:  Դրանք նաև հնարավորություն են տալիս ծանոթանալ բնագավառի նորամուծություններին, փոխանակել տարիների փորձն ու միմյանց հետ հաստատել ավելի սերտ հարաբերություններ:

Հավաքների վերջին օրն անցկացված ստուգարքների ընթացքում ամփոփվել են արդյունքները, արվել համապատասխան եզրահանգումներ, իսկ նկատված թերությունների և հետագա անելիքների վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են համապատասխան ցուցումներ:

 

ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱՖԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Ազգային բանակ


19/09/2019