Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸ



ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸԵս՝ շարքային Մանուկյանս, ծառայել եմ խորհրդային բանակում, Մոսկվայի մարզում։ Սկզբնական շրջանում ապրանքագետ էի ինժեներաշինարարական զորքերում, հետո  սպաների համար նախատեսված շենքի հսկիչն էի, և այդ շրջանում գրքեր կարդալու լավ հնարավորություն տրվեց ինձ։ Կարդում էի՝ ինչ պատահեր՝ հայերեն, ռուսերեն։

Ու մի անգամ  զորամասի  գրադարանը փորփրելիս հանկարծ ձեռքս մի գիրք ընկավ, որտեղ ամփոփված էին ռուս հեղինակների՝ բանակին, զինվորական  կյանքին և հայրենիքին նվիրված ստեղծագործությունները։ Գտել էի այն, ինչ այդ շրջանում ինձ շատ պետք էր։ Այդ գիրքը էապես փոխեց իմ վերաբերմունքը բանակի ու ծառայության հանդեպ: Սկսեցի ավելի հոգով, մեծ պատասխանատվությամբ, եռանդով ու նվիրումով ծառայել:

…Ծառայության ընթացքում գիրքը   ձեռքիցս ցած չդրեցի և ամեն անգամ  թերթելիս ջանում էի հիշել բանակին նվիրված հայ հեղինակների բանաստեղծությունները, բայց, ցավոք, ոչինչ միտքս չէր գալիս.  ֆիդայական ստեղծագործություններից և երգերից բացի, ոչինչ չկար։ Փաստորեն, մենք զինվորական մշակույթ չունեինք, և ես մի տեսակ խանդով լցվեցի այդ հատորյակի հանդեպ։ Կարդում էի ու երազում՝ արդյոք կգա՞ մի օր, որ մենք՝ հայերս էլ  բանակային ստեղծագործությունների գիրք ունենանք:

Տարիներ անց ծնվեց մեր ազգային բանակը, ու ես ակամա հիշեցի իմ վաղեմի երազանքը:

…Երբ Գրողների տան կլոր սրահում մի քանի գրչակից ընկերներով հանդիպում ունեցանք  պարոն Դավիթ Տոնոյանի հետ (նա այն ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալն էր), ես պատմեցի այս պատմությունը ու ասացի,  որ մեր զորամասերում էլ պետք է ունենանք զինվորի ոգին բարձրացնող, նրա սիրտը հուզող, հաղթական պահող գրականություն: Ու սիրով սպասում եմ, որ մի օր Ազգային բանակից զինվորական հանձնարարություն կստանամ.

– Շարքայի՛ն Մանուկյան, կազմե՛ք հայ հեղինակների՝ հայկական բանակին, զինվորին, սպային, մեր զինուժի հերոսական կենսագրությանը ու հայրենիքին նվիրված գրական ստեղծագործությունների ժողովածուն, մենք այն կուսումնասիրենք, կտպագրենք և կուղարկենք հայոց բանակի բոլոր զորամասերը…

Պատրաստեց՝ ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Պատմության էջերից


19/09/2019