ՔԵՆԻԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍՈՄԱԼԻ
Իսլամ արմատականների «Ալ Շաբաբ» կազմակերպության գրոհայիններին վնասազերծելու նպատակով Սոմալիի հարավային շրջաններում Քենիայի բանակի ձեռնարկած գործողությունները ծավալվում են նոր թափով: Երեկ Սոմալիի տարածք են մտել տանկերի և անձնակազմ տեղափոխող 40 զինվորական զրահապատ բեռնատարների շարասյուներ, իսկ ռազմական ավիացիան օդային ռմբահարվածներ է հասցրել գրոհայինների ճամբարներին:
Քենիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այս գործողությունները ձեռնարկվում են ինքնապաշտպանության նպատակով, և որ իր երկրի զինված ուժերը կռվում են գրոհայինների և ոչ թե Սոմալիի բանակի դեմ:
Ձեռնարկված գործողություններին ի պատասխան, Քենիայի զինված ուժերի «Ալ Շաբաբն» իր կողմից վերահսկվող տարածքներում գրոհայինների լրացուցիչ զորակոչ է հայտարարել և սպառնացել մարտական գործողությունները տեղափոխել Քենիայի տարածք:
Սոմալիի արտգործնախարարությունը հայտարարել է՝ թեև հասկանում է հարևան պետությանը նման քայլի մղած դրդապատճառները, սակայն Քենիան պարտավոր է Սոմալիի իշխանություններին մանրամասն տեղեկացնել իրականացվող գործողության մասին: