Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ…



ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...Արմին Վեգները գրել է Ֆրանց Վերֆելին. «Ռադիոն ու մամուլը շարունակում էին ուտել ինձ: Վերջիվերջո, ծանր հիվանդությունը ինձ գետնեց, որը մինչ օրս չեմ հաղթահարել: Ինձ գրքային ակումբից հանձնարարեցին խորքային աշխատություն գրել հրեական Պաղեստինի վերաբերյալ: Դա հոգեմաշ ժամեր խլեց իմ մեծ հայկական վեպից, որը, այլ պայմաններում, պետք է վաղուց ավարտված լիներ։ Այնուամենայնիվ, ես ավարտեցի առաջին հատորը, չնայած այն դեռ վերանայման կարիք ունի: Երկրորդ հատորի նախագիծը կիսով չափ է արված, ինչպես նաև չորրորդ հատորի որոշ հատվածներ, որոնք ես նախկինում սկսել էի։

Երբ դեկտեմբերի 12-ին ես վերադարձա Մերան քաղաքի առողջարանից  (բավականին  կազդուրված)՝ պատրաստ նորից վերադառնալու աշխատանքի, լսեցի, որ Բեռլինում մի գլուխ եք կարդացել հայկական վեպից։ Ի դեպ, «Հերենհաուզ»-ում երեկոյան տեղի է ունեցել իմ հայկական վեպի որոշ հատվածների հրապարակային գեղարվեստական ներկայացումը, որը 1930 թ. ինձ համար նոյեմբերին կազմակերպել էր Գերմանացի պատմիչների ընկերակցությունը, և դրա մասին այդ ժամանակ հաղորդվել էր մամուլին։

Հարգելի և պատվելի Ֆրանց Վերֆել, հիմա Դուք իրավունք ունեք ինձ հարցնելու, թե ինչո՞ւ եմ այս ամենը գրում Ձեզ։ Մի՞թե հիանալի չէ տեսնել, թե ինչպես են տարբեր բանաստեղծներ օգտագործում միևնույն նյութը, քանի որ դրանք ձևավորում են իրենց խառնվածքին, անհատականությանն ու ստեղծագործական մոտեցմանը համապատասխան։ Մադոննայի քանի՞ տարբեր կտավներ ենք մենք գնահատում՝ հիմնվելով այս գեղարվեստական իմպուլսի վրա, որն ուղղված է նույն դրդապատճառներին միջնադարում և Վերածննդի ժամանակաշրջանում: Եվ արդյոք սա ինչ-որ կերպ ազդե՞լ է նկարիչների փառքի, հաջողության և ստեղծագործականության վրա: Արդյոք դա, ընդհակառակը, չի՞ հզորացրել նրանց։

Ցավոք, մենք այսօր ապրում ենք այլ ժամանակներում, ոչ այն մշակութային համայնքի դարաշրջանում, ինչպիսին այն ժամանակ էր։ Մեր դեպքում մենք զբաղված ենք նաև մի գործով, որում հայկական արտաքսման տարիների փաստաթղթերը անհրաժեշտություն են: Փաստաթղթեր, որոնք ես, չնայած իմ փորձառությանը, ևս չափազանց շատ եմ օգտագործել։ Ես անպայման պետք է զուգահեռներ անցկացնեմ, որտեղ որոշ տեղերում բովանդակությունը, առանձին դեպքերում նույնիսկ ճշգրիտ ձևակերպմամբ, ամբողջովին համընկնում է: Ես սա տեսնում եմ այն ժամանակ, երբ ունեմ թերթի հաղորդագրությունը Ձեր վերջին դասախոսության մասին, որում նշված են այն բոլոր փաստերը, որոնք Յոհաննես Լեփսիուսը այդքան վառ կերպով թողել է իր ամսագրում՝ իր գրավոր դատավճռով՝ Էնվեր փաշայի հետ հարցազրույցի վերաբերյալ:

Հուսով եմ, որ ինձ սխալ չեք հասկանա… Ոչ միայն ճիշտ է, այլև գրողի պարտականությունն է օգտագործել նման փաստաթղթեր: Այնուամենայնիվ, հասարակության առջև նման զուգահեռներ տեսնելն այնքան էլ հաճելի չէ։ Յուրաքանչյուր բանաստեղծական ստեղծագործության մեջ սա ոչ միայն հայտնագործություն է, այլ բոլոր փաստերը գործում են ստեղծագործության հետ և նրա համար, որը բանաստեղծը քաղում է իր ժամանակի իրադարձություններից ու մտավոր հոսանքներից: Ժամանակակից պատմությունը, նույնիսկ իրենց ժամանակակիցների գրական շատ գործեր դառնում են հանք նշանավոր արվեստագետի համար, որից նա շինանյութեր է կոտրում իր աշխատանքի համար: Էմերսոնը սա շատ լավ է հասկացել, երբ Շեքսպիրին անվանել է իր ժամանակի «գրադարան»:

Այն պահին, երբ այս ամենը բացատրեմ Ձեզ, Դուք նույնպես կհասկանաք մտահոգությունը, երբ լսեցի Ձեր նախագծի մասին: Յուրաքանչյուր բանաստեղծի կերպարներն անպայմանորեն լցված են իր սեփական միս ու արյունով, անկախ նրանից, թե որքանով է նա դրանք վերցնում պատմությունից, ճիշտ այնպես, ինչպես լավ դիմանկարը միևնույն ժամանակ ցույց է տալիս նկարող վարպետի հատկությունները: Բայց արտաքուստ և տնտեսական առումով այս մտահոգությունն ավելի մեծ է, որովհետև Ձեր ուղերձը բռնանում է ինձ վրա, առնվազն իմ առաջին հատորի հետ կապված, որը ես կցանկանայի հետաձգել մինչև երկրորդի ավարտը, հրապարակել այն ավելի շուտ, քան նախատեսել էի:

Ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ հանճարը, առավել ևս՝ ավելի հանրաճանաչ և հաջողակ բանաստեղծը, ինչպիսին Ֆրանց Վերֆելն է, պետք է հանդես գա մի վեպով, որն ընդօրինակում է իմ սեփական թեմայի եզրակացությամբ: Քանի որ նա հանրությունից կվերցնի այն գրավչությունը, որը առկա է իմ աշխատանքում, և որի համար փաստորեն գրվել է իմ աշխատությունը: Ակնհայտ է, որ ես չեմ կարող ավարտել վերջին հատորը և հրապարակել այն՝ նախքան մյուս հատորներն ավարտելը: Միգուցե իմ վախը, որը պայմանավորված է միայն ձեր դասախոսության մասին թերթի գրառումներով, անհիմն է, բայց Ձեր հրատարակած գիրքը պատկերացնելն ստիպում է ինձ զգալ Հյուսիսային բևեռի հետախույզի նման, որն ամիսներ շարունակ կյանքին սպառնացող դժվարություններից հետո հասնում է բևեռ՝ գիտակցելով, որ մեկ ուրիշը նրանից առաջ հասել է մի քանի օր առաջ:

Եթե այս ամենն այսքան մանրամասն ներկայացնում եմ Ձեզ, ապա դա առաջին հերթին Ձեզ ապացուցելու համար իմ աշխատանքի նախապատմությունը՝ կապված Հայաստանի ճակատագրի ձևավորման հետ: Բայց կա նաև մեկ այլ պատճառ, որ հուզում է ինձ՝ Ակադեմիայի անդամներն ու այն ընկերները, որոնք ներկա են եղել Ձեր վերջին դասախոսությանը, ինձ ասացին, որ Դուք ասել եք՝ այս ամենը սկզբում եղել է անորոշ պլան, և Դուք նույնիսկ չգիտեիք, թե ընդհանրապես պատրաստվում եք կատարել այն: Եթե դա ճիշտ է, ապա իմ հաղորդագրությունը հավանաբար չպետք է ազդի Ձեր որոշման վրա:

Մյուս կողմից, դա մեկ անգամ ևս ապացուցում է Ձեր բանաստեղծական տեսիլքի հանճարեղությունը՝ Ձեր ժամանակը և տաղանդը նվիրել նույն ահարկու իրադարձությանը: Եվ, այնուամենայնիվ, ես ոչ միայն պայքարում էի իմ սեփական կյանքի աշխատանքի համար, այլ պետք է Ձեզ նախազգուշացնեի այն շարունակելու մասին:

Չնայած ամբողջ հիմնական մարդկության հավասարությանը, Ասիան, ասիական նկարագիրը և թուրքերը, ինչպես նաև հայերը, այնքան հեռու են մեզանից, որ ցանկացած եվրոպացի բանաստեղծի համար, եթե նա իրոք ցանկանում է ներթափանցել ներքին կյանք, մնում է գայթակղիչ, ինչպես նաև  վտանգավոր առեղծված: Չնայած ես երկար տարիներ ապրել եմ այդ երկրում՝ սերտ հարաբերություններ ունենալով հայերի և թուրքերի հետ, չնայած իմ հայ և թուրք ընկերներն ինձ տրամադրել են հարուստ անձնական, չհրապարակված նյութեր, և չնայած հայ ժողովրդի և նրա տեղահանության մասին իմ սեփական գրառումները լրացնում են բազմաթիվ բրոշյուրներ, փաստաթղթեր, որոնք ես հաշվի առնելով իմ պլանավորած աշխատանքը, թողել եմ իմ սիրելի ընկեր Յոհաննես Լեփսիուսին, ես դեռևս գիտեմ այդ առաջադրանքի անսահման հոգեբանական դժվարությունը:

Նույնիսկ Ձեզ համար հնարավոր է, որ այդ վտանգավոր լաբիրինթոսը մի անգամ գրավելուց հետո Ձեզ ավելի ու ավելի խորը գայթակղի: Չգիտեմ: Եթե ես իմանայի, թե ինչքան է ընդլայնվելու իմ հայկական վեպը, և դրա վրա տարվող աշխատանքները կձգվեն տարիներ, արդյոք ես համարձակություն կունենայի՞ ներքաշվել այդ գործում: Իմ մասնակցությունը մարդկային այս ողբերգությանը հավանաբար եղել է իմ ողջ մարդկային փորձառության ամենախորը և գլխավոր ցնցումը:

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Պատմության էջերից


26/09/2019