ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ սկսվեց Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգումը: Այս ուստարում Մոշաթաղի 50-ից ավելի աշակերտները դասերն սկսեցին արդեն լուսավոր, հիմնանորոգված ու գեղեցիկ դասասենյակներում: «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության կառուցած կամ նորոգած դպրոցները շրջանում արդեն յոթն են, դրանցից Հերիկինը Ռոբերտ Աբաջյանի անունով է կոչվում, Մուշինը՝ Արմենակ Ուրֆանյանի: Մոշաթաղի դպրոցը անվանակոչվել է Ապրիլյան քառօրյայի մեկ այլ հերոսի՝ գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անունով: Սեպտեմբերի 16-ին մարդաշատ էր Մոշաթաղի դպրոցի բակը: Կայացավ նորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար, «Հայրենասեր» ՀԿ համանախագահ Ստեփան Սարգսյանը: Առավել հուզիչ էր հերոսի` Մերուժանի ծնողների և հարազատների, ընկերների այցը: Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993թ. հունվարի 17-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում, երգում: Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը՝ ոչնչացնելով 20-ից ավելի ադրբեջանցիների:
Դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Արցախի օրհներգով, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում և հետագայում զոհված բոլոր քաջորդիների: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը Տերունական աղոթքով սկսեց ելույթը: Ասաց՝ վաղուց է ճանաչում հերոսի հորը՝ Արթուրին, որի հետ ծառայել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ հավելեց՝ հերոսի հայրը իսկական քրիստոնյայի ու հայի պես տարավ որդու մարտիրոսությունը: Մերուժան Ստեփանյանի հայրն էլ նշեց, թե հպարտություն է զգում, որ հայրենիքի ազատագրված այս գյուղում բացվեց որդու անվան դպրոցը:
-Երբ իմացա՝ որդուս անունով դպրոց է բացվելու Մոշաթաղում, այս գյուղը հարազատացավ. ես ինձ համարում եմ մոշաթաղցի,- ասաց Ա.Ստեփանյանը եւ շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օժանդակել են ծրագրի կայացմանը:- Դպրոցը որդուս անունով կոչելով՝ դուք արժևորում եք բոլոր այն քաջերին, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօրվա համար,- հավելեց հայրը:
Ելույթներից հետո երգ ու պարով, ասմունքով հանդես եկան դպրոցի սաները, շրջանավարտները: Դպրոցի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը և «Հայրենասեր» ՀԿ համանախագահ Նելլի-Շուշի Մարտիրոսյանը դստեր՝ փոքրիկ Շուշիի հետ: Անվանակոչման ցուցանակը բացեցին հերոսի ծնողները: Հանրապետության նախագահն ու հյուրերը ծանոթացան դպրոցի պայմաններին, շրջեցին դասասենյակներում: Նախագահը զրուցեց աշակերտների հետ: Դպրոցի միջանցքի պատին հերոսի դիմանկարն է՝ «…Կյանքս կտամ հայրենիքիս, Հոգիս՝ Աստծուն, Պատիվս՝ ինձ… մակագրությամբ նկարի հեղինակը դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Հակոբ Գասպարյանն է:
Մայրը՝ տիկին Նունեն, հուզված ասաց. «Երբ ամուսիններով իմացանք՝ Արցախի այս գեղեցիկ տարածքում որդուս անունով կրթօջախ է բացվելու, հուզմունքից արտասվեցինք; Մերուժանս շատ էր սիրում Արցախը, որի համար զոհվեց, մնաց այս հողում և արժանացավ նման պատվի: Այս պահին ո՛չ ուրախ եմ, ո՛չ տխուր. հուզված եմ ու հպարտ: Նա իր մատաղ կյանքը տվեց հայրենիքին, եւ հայրենիքը բարձր գնահատեց նրա հերոսացումը»:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Բանակ և հասարակություն