Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԹագավորական իշխանության ամրապնդումը անգնահատելի կարեւորություն ուներ Հայկական հարցի այդ փուլի համար, եւ եթե չլիներ Պապի դավադիր սպանությունը, ամենայն հավանականությամբ, Արշակունիների պայքարը կպսակվեր հաղթանակով, ասել է՝ Հայաստանն իր պատվավոր տեղը կունենար տարածաշրջանում, չէր արժանանա 387թ. ճակատագրին։

Հույսի միակ փարոսը վառվեց Վռամշապուհ արքայի գահակալության տարիներին (400-414 թթ.), երբ Սահակ Պարթեւ-թագավոր համագործակցության շնորհիվ Հայոց աշխարհը հարստացավ Մեսրոպ Մաշտոցի հեղինակած հայկական գրերով (406թ.)։ Ինչպես նկատել է մեծ գրականագետ Նիկոլ Աղբալյանը՝ «Եթե 301թ. հայերը քրիստոնեացան, ապա 406թ. քրիստոնեությունը հայացավ»։ Իհարկե, գրականագետը նկատի չունի սոսկ կրոն հասկացությունը, այլ մտածողության այն նոր երանգները, որ բերելու էր գրերի հայտնությունը։ Պատկերավոր է արտահայտվում Լեոն. «Մի հատ նեցուկ էր մնում հայության համար կործանման աղջամուղջի մեջ՝ Սահակ-Մաշտոցյան գործը, որը եւ տարավ մեր երկիրը դեպի նոր հորիզոններ»։

Պետական մտածողության վերջին փայլատակումներից մեկը նույնպես բաժին է ընկնում Սահակ Պարթեւին։ Գահակալում էր Արտաշես Երրորդը, մի ցոփ ու կնամոլ թագավոր, որի վարքից անհանգստացած նախարարները դիմում են կաթողիկոսին, որպեսզի գահազրկեն։ Կաթողիկոսը հրաժարվում է կատարել նախարարների կամքը, արտահայտում է այն միտքը, որ, նախ՝ պետք է մտածել հայրենիքի ճակատագրի մասին, ապա՝ անձնական վիրավորվածության, կամ` ավելի լավ է ունենալ այդպիսի թագավոր, քան կորցնել թագավորությունը։ Սակայն անխոհեմ ու փառասեր Սուրմակ քահանան, որ երազում էր զբաղեցնել կաթողիկոսական գահը, ազգային գիտակցությունը կորցրած նախարարներին առաջնորդեց պարսից շահի դուռը, որն էլ 428թ. գահից հեռացրեց Արտաշես Երրորդին, եւ Արշակունիների թագավորությունն ավարտվեց։

«Հայկական երկնակամարի վրա մարեց քաղաքական անկախության համեստ աստղը»,-ցավով արձանագրում է Լեոն, այսինքն՝ դադարեց գոյություն ունենալ Հայկական հարցի ջատագով մի խոշորագույն քաղաքական միաբանություն՝ Արշակունիների թագավորությունը, որը ավելի քան 400 տարի մաքառումներով հստակեցրեց ազգային ու պետական մտածողությունը, հայ ժողովրդին պարգեւեց պատմական ներդրումները պահպանելու անպարտելի զենքերը՝ հավատն ու գիրը՝ հայ ոգու ամենամեծ նվաճումները։

Պատմահայր Խորենացին, ողբալով հայոց աշխարհի անմիաբանության տգիտությամբ գերվելը, սգալով «հյուսիսային ազգերի մեջ» վեհագույն հայ ժողովրդի թագավորազուրկ վիճակը, պարսավելով հայրենի տունը կործանման հասցրած ուժերին՝ դժոխային ապագա էր կանխատեսում։ Իրոք՝ Հայոց երկնակամարը պատվելու էր նախ պարսկական ուծացման, ապա քոչվորական ասպատակությունների թանձր ամպով։ Ահա այս դժնդակ պայմաններում անսպասելի հնչեց Հայ ոգու հզոր ձայնը։ «Նա իջնում է ցեղի ոգու բարձունքներէն՝ ցեղի խոսքը շրթունքներին» (Գարեգին Նժդեհ)։ Թագավորության անկումը կատարյալ կործանման կարող էր հասցնել հայությանը, եթե չլինեին գրերի գյուտը, դրան հաջորդած մշակութային Ոսկեդարը, թարգմանական մեծ գրականությունը, «հայացած աստվածաշունչը», իմաստասիրական մեկնությունները, ազգային բանաստեղծությունը, որոնք զարկ տվեցին հայ ոգու վերելքին, հռչակավոր Ավարայրին, Նվարսակի պայմանագրին, եւ Հայոց աշխարհը վերագտավ իրեն։

Թագավորության կորստից անցել էր ընդամենը երկու տասնամյակ։ Իրար էին հաջորդել դավաճանական իրադարձություններ, ծանրացել էր աշխատավոր հայության վիճակը, ազգային նորաստեղծ բանաստեղծությունը ողբերի, գանգատների ու բողոքների հատորներ էր ստեղծել։ Անպաշտպան ժողովուրդը նետվեց զանազան աղանդների գիրկը (անապատականներ, բորբորիտներ, մծղենականներ), մեր զգաստ ախոյանները, դրությունը նպաստավոր համարելով, վճռեցին ավարտին հասցնել նախօրոք մշակված ծրագրերը։

Պարսկաստանի նոր գահակալ Հազկերտ Երկրորդը (438-457թթ.) ուշադրությունից դուրս չէր թողնում հպատակ ժողովուրդների ձուլման քաղաքականությունը. «Իմ իշխանության ներքո բոլոր ազգերն ու ժողովուրդները թող բոլորը ձեռք քաշեն (իրենց) մոլար կրոններից եւ գան երկրպագություն անեն միայն արեգակին…»։ 449թ. Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսը Արտաշատում ժողով գումարեց, որպեսզի պատասխան տրվի շահի նամակին։ Նախագահում էր կաթողիկոսը, նախագահակից էին Վասակ մարզպանն ու սպարապետ Վարդանը։ Ժողովին մասնակցում էին, համաձայն Եղիշեի, 18 եպիսկոպոսներ, «Բազմաթիվ քորեպիսկոպոսներ եւ պատվական երեցներ», մեծամեծ նախարարներ, ժողովրդի ներկայացուցիչներ»։ Միաբանվածները, մեծամեծներից մինչեւ փոքրերը, «Հովսեփ կաթողիկոսի անունից պատասխան հղեցին շահին. «Մի աշխարհ երկու իշխող չի ունենա, ոչ մի արարածը՝ երկու աստված։ Եթե մի աշխարհին հանդգնեն իշխել երկու թագավորներ, աշխարհը կփչանա, եւ թագավորությունները կոչնչանան… Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները եւ ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառն հարված… Մենք ոչնչով ավելի լավ չենք մեր նախնիներից, որոնք այս հավատի համար դրին իրենց գույքն ու ստացվածքը եւ մարմինները» (Եղիշե)։

Ազգային մտածողությունը, որ այդ ժամանակ հիմնված էր քրիստոնեական ուսմունքի ազգայնացված բաղադրիչների վրա, արտաքուստ թեեւ ստեղծում էր եկեղեցասիրության տպավորություն, սակայն ներքուստ ավելի քան տարողունակ էր՝ իր մեջ էր ներառում թե՛ ազգապահպանության, թե՛ պետականության վերականգնման գաղափարները։ Վճռվելու էր Հայոց ճակատագիրը. կա՛մ կուլ գնալ Պարսկաստանին, կա՛մ պահպանել ազգայինը, հայկականը։ Երրորդ ճանապարհը բացառված էր։ Առաջին անգամը չէր, որ Հայկական հարցը լուծվելու էր արյան միջոցով։ Սկսած Հայկ Նահապետից, Պարույր Սկայորդուց, Տիգրան Մեծից ու Արածանիի 364-368թթ. հայ-պարսկական պատերազմից, Ատրպատականի ու Ձիրավի ճակատամարտերից հայ ժողովուրդը կանգնելով վիհի եզրին, կյանքով ու արյունով, արժանապատիվ նահատակությամբ էր լուծել իր գերխնդիրները։ Լինելով փառապանծ նախնիների արժանի զավակները, Վարդանանք մահացու վտանգի դեմ գնացին արիությամբ, գիտակցված մահը գերադասելով անփառունակ ապրելուց։

Ավարայրի ճակատամարտը Հայկական հարցի լուծման կարեւորագույն իրադարձություններից է։ Այն մաքառող ժողովրդին մատնացույց արեց ինքնությունն ու անկախությունը, ազգայինն ու հայկականը պահպանելու միակ ճշմարիտ ուղին։ Այդուհետ Ավարայրի ոգեկոչումով էր ընթանալու Հայոց ազատագրության ճանապարհը, Հայկական հարցի լուծման ուղին։

6-րդ դարում Արեւմտյան Հայաստանում բռնկված ազատագրական պայքարը թեեւ չկրեց Ավարայրի ընդգրկումը, սակայն կայսերական Բյուզանդիան իր դեմ տեսավ ինքնությունը պաշտպանող մի ժողովրդի, որը հավատարիմ էր իր ոգուն ու երազանքներին։

Կայսր Մորիկը որոշում է իրականացնել «Հայաստան՝ առանց հայերի» ազգակործան ծրագիրը։ Նրա դեմ ապստամբության դրոշ բարձրացրեց Սմբատ Բագրատունի քաջազուն իշխանը, որին միացան կայսրից դժգոհ մի շարք նախարարներ։ Ցավոք, ապստամբությունը ճնշվեց, 591թ. Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ։

Հայկական հարցի լուծման 5-6-րդ դարերի ոգորումը ավարտվեց անհաջողությամբ, եւ երկու բռնատիրություններն էլ, նպատակամղված լինելով հայության ձուլման քաղաքականությանը, անկրելի դարձնելով տնտեսական, կրոնական ու քաղաքական ճնշումները, հայ ժողովրդին կազմալուծեցին այնպիսի մի ավերիչ իրադարձության առաջ, ինչպիսին էր արաբական արշավանքը։

642թ. Նեհեվանդի ճակատամարտում վերջնական պարտության մատնելով Սասանյաններին, արաբները գրավեցին ամբողջ Պարսկաստանն ու մուտք գործեցին Փոքր Ասիա։ Նվաճողները, Հայկական Պարը շրջանցելով, հյուսիսից հայտնվեցին Արարատյան դաշտում։ 640թ. այդ արշավանքը այնքան անսպասելի էր, որ այգեկութի աշխատանքներով զբաղված ժողովուրդը չկարողացավ դիմադրություն կազմակերպել եւ միայն Դվինում սրատելով 12 հազար, գերելով 35 հազար հոգու, արաբները հսկայական ավարով ետ վերադարձան։ Արաբական երկրորդ արշավանքը կայացավ 642-43թթ., երրորդը՝ 650թ.։ Բյուզանդական կայսրությունը փոխանակ հավատակից հայ ժողովրդի օգնության մասին մտածելու, պահը հարմար նկատելով, նորից ասպարեզ բերեց իր պահանջը։ Կոստանս Երկրորդ կայսրը (642-668թթ.) Հայաստանում հենարան ունենալով Ներսես Տայեցի կաթողիկոսի գլխավորած հունական կողմնորոշումը, փորձ էր անում քաղքեդոնությունը տարածել Հայաստանում եւ հող նախապատրաստել երկրի վերջնական նվաճման ու ժողովրդի ձուլման համար։ Սակայն պատմական իրադարձություններն այլ ընթացք ստացան։ 648թ. Դվինում գումարված եկեղեցական ժողովում հաղթանակ տարան Թեոդորոս Ռշտունու՝ քաղաքական անկախության կողմնակիցները, որոնց հարում էին ազգայնական բոլոր ուժերը։ Ռշտունին արաբական երրորդ արշավանքից հետո հույսը եւ կապերը խզելով Բյուզանդիայից, մտորում էր Հայրենիքի անկախության մասին։

Շարունակելի

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Պատմության էջերից


26/09/2019